ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԹՎԵՐԸ

2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։

Համաձայն Հայաստանի կառավարության ֆեյսբուքյան էջում հրապարակված տվյալների, 2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ընդհանուր ներդրումների հոսքը կազմել է 705 միլիարդ դրամ (2018-ի առաջին կիսամյակում՝ 558 միլիարդ դրամ), իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները 2019 թվականի հունվարից հունիսը կազմել են 152 միլիարդ դրամ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք 126 միլիարդ դրամի էին։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թե որտեղից է վերցրել կառավարությունն այդ թվերը, դժվար է ասել։ Բայց դժվար թե օգտված լինի Վիճկոմիտեի տվյալներից, որոնց համաձայն պատկերը բնավ այնքան ուրախալի չէ, որքան կառավարության ֆեյսբուքյան էջում ներկայացվածը։ Օրինակ, վիճակագրության տվյալներով, 2019 թվականի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր ներհոսքը կազմել է 7 միլիարդ 778 միլիոն դրամ։ Որտեղ վիճծառայության 7,77 միլիարդը և որտեղ 152 միլիարդը՝ կառավարության չճշտված աղբյուրից։ Այո, սկզբունքորեն տարբերություն կարող է լինել, կարող են լինել վրիպումներ, սխալներ։ Բայց սխալվել քսանապատիկ՝ դա արդեն չափից դուրս է։ Այստեղ կա ևս մեկ անհամապատասխանություն, ընդ որում՝ նույնպես բազմապատիկ։ Վիճկոմիտեի տվյալների համաձայն, անցած տարվա հունվար-հունիսին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 38,670 միլիարդ դրամ։ Ըստ էության, այդ ցուցանիշն ընթացիկ տարում կրճատվել է մինչև 7,7 միլիարդի, այսինքն 540%-ով։

Այս իրավիճակում մնում է պարզապես հասկանալ, թե տեղեկատվական ինչ աղբյուրներից է օգտվում գործադիր իշխանությունը, երբ գնահատում է երկրի տնտեսության վիճակը՝ կողմնորոշվելով այս կամ այն բնութագրիչներով։ Հաշվի առնելով այն, որ դատելով բազմաթիվ նշաններից՝ իշխանության կյանքն ու գործունեությունն ընթանում է «դեղին մամուլի» ձևաչափով, կարելի է ենթադրել, որ տեղեկատվությունը նույնպես նրան (իշխանությանը) հասնում է «ոչ պաշտոնական, բայց հավաստի աղբյուրներից»։ Համաձայնեք, տարօրինակ է, որ ունենալով պաշտոնական աղբյուրներ, կառավարությունն այնուամենայնիվ նախընտրում է օգտվել այլընտրանքային, ասենք այսպես՝ ոչ ավանդական աղբյուրներից։ Արդյունքում ստանում է իրականությանը չհամապատասխանող պատկեր, ուրախանալով նրանով, ինչն իրականում պետք է տագնապ հարուցի։

Իսկ այն ամենը, ինչը պետք է տագնապ, անհանգստություն պատճառի գործադիր իշխանությանը, չափազանց շատ է։ Օրինակ՝ այն, որ հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է օտարերկրյա ուղղակի ներդրումների մաքուր հոսքը Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, ԳերմանիայիցԱյդ մասին վկայում են մեր հավաստի, բայց պաշտոնական աղբյուրները։ Նույն այդ աղբյուրները վկայում են նաև այն մասին, որ, օրինակ, հաշվետու ժամանակահատվածում աճել են օտարերկրյա ուղղակի ներդրումները Բրիտանական Վիրջինյան կղզիներից՝ դասական օֆշորային գոտուց։ Սա՝ ներդրումների հոսքի աշխարհագրության առումով։ Իսկ հայկական տնտեսության իրական հատվածի ոլորտների առումով, ուր հոսել են ներդրումները, նույնպես իրավիճակն առանձնապես ուրախալի չէ։ Այսպես, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքի աճ է արձանագրվել մետաղի հանքապարների, ինչպեսև այլ՝ ոչ մետաղական հանքապարների արդյունահանման ոլորտում, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, ջրի մատակարարման ոլորտներում։

Իհարկե, կառավարությունն իրավունք ունի ուրախանալ և ուրախացնել հասարակայնությանը։ Բայց այնուամենայնիվ կցանկանայինք, որ ուրախանար նրանից, ինչն իրոք լավ է։ Համարժեք պահվածքը դա է։ Այո, և չէր խանգարի օգտվել պաշտոնական տեղեկատվությունից, Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներից, այլ ոչ թե այլընտրանքային աղբյուրներից, որոնց հավաստիությունը մեծ կասկածների տեղիք է տալիս

Основная тема:
Теги: