«ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԲԱԶԵՆ» ՀԵՌԱՑԱՎ, ՓՈԽԱՐԵՆԸ Ի՞ՆՉ

Ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի պաշտոնազրկումը դարձավ սեպտեմբերի 11-ի տեղեկատվական գլխավոր թեման, ստվերում թողնելով վշտալի տարելիցը. 18 տարի է անցել ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից, որոնք գրեթե 3 հազար մարդկային կյանք խլեցին և սկիզբ դրեցին նոր աշխարհակարգի ձևավորմանը։

Հրաժարականի վերաբերյալ մեկնաբանությունները ցանցում շատ-շատ են, և դրանք բոլորն ընդհանուր առմամբ հանգում են այն եզրակացության, որ պաշտոնից հեռացնելու հիմնական պատճառ է դարձել չափազանց կոշտ արտաքին քաղաքական գիծը, ինչի հետևանքով Բոլթոնը ստացել էր Բազե մականունը և ինչն արդեն վաղուց նեղում ու որոշակի իմաստով կապում էր նախագահի ձեռքերը։ Փորձագետները նախազգուշացնում էին իրադարձությունների այդպիսի շրջադարձի մասին, այնպես որ խորհրդականի հեռանալը անսպասելի էր միայն նրանց համար, ովքեր թեմայից դուրս էին։

«Ջոն Բոլթոնը իրոք հայտնի է իր կոշտ դիրքորոշմամբ ոչ միայն Ռուսաստանի նկատմամբ, այլև մնացած բոլոր ուղղություններով. Իրան, Վենեսուելա, Աֆղանստան և այլն։ Ինձ այդ պաշտոնազրկումը չզարմացրեց, քանի որ ամերիկյան մամուլը վերջին ժամանակներս գրում էր, որ նույնիսկ նախագահ Թրամփն է հանդիմանում Բոլթոնին ավելորդ կոշտության համար։ Դա դրսևորվում էր հատկապես իրանական ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Բոլթոնն էր Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի մասի հեղինակն ու ճարտարապետը։ Հենց նրա աշխատասենյակում են մշակվել այդ պաժամիջոցների կիրառման մեխանիզմները, թեև, մյուս կողմից, նա բավական ակտիվորեն այցելում էր Ռուսաստան և հանդիպում իր գործընկեր Պատրուշևի, արտգործնախարար Լավրովի հետ։ Այդուհանդերձ Բոլթոնը չէր թուլացնում իր կոշտ դիրքորոշումն այդ երկրի նկատմամբ, չնայած ինքը՝ Թրամփը մեկ անգամ չէ, որ ցանկություն էր արտահայտել կարգավորելու Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Սուրեն ՍԱՐԳՍՅԱՆԸ «ԳԱ»-ի հետ զրույցում։

Նրա կարծիքով, Թրամփը մոտ տասնյակ պատճառներ ուներ (ինչպես արտաքին քաղաքական, այնպես էլ ներքին) պաշտոնից հեռացնելու ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականին։ Մասնավորապես, Բոլթոնի նկատմամբ զգուշավոր վերաբերմունքը որոշ կարևոր ուժային կառույցների և կենտրոնների կողմից բարդացնում էր Սպիտակ տան աշխատակազմի գործը և ազդում նրանց հետ աշխատանքի արդյունավետության վրա։

 Արդյոք Բոլթոնի պաշտոնազրկումը փոփոխությունների կհանգեցնի՞Վաշինգտոնի արտաքին քաղաքական ուղեգծում. ահա, թերևս, գլխավոր հարցը, որ հուզում է միջազգային հանրությանը։ Փորձագետների մեծամասնությունը հակված է այն կարծիքին, որ էական փոփոխություններ ակնկալել չարժե։ Սուրեն Սարգսյանը գտնում է, որ այնուամենայնիվ որոշ փոփոխություններ հնարավոր են։ «Ես չեմ բացառում ինչ-որ ուղղություններով շեշտադրումների որոշակի տեղափոխում»,- ասաց նա։

Ի՞նչ կարելի է ասել Ջոն Բոլթոնի հրաժարականի մասին հայկական գործերի համատեքստում։ Դե, գործնականում ոչինչ, թեև անցած տարվա հոկտեմբերին նրա տարածաշրջանային այցելությունը մեծ աղմուկ առաջացրեց, իսկ Թրամփի խորհրդականի հայտարարությունները Երևանում հիշում են մինչև օրս։ Դրանցից ամենահետաքրքիրները, ինչպես բազմիցս նշվել է, վերաբերում էին Իրանին և Ռուսաստանին։ Այսպես, Բոլթոնը հայտարարեց, որ Իրանի շուրջ օղակը կսեղմվի, ինչը բազմաթիվ փորձագետների կողմից գնահատվեց որպես նշան այն բանի, որ խորհրդականը եկել է Երևանին համոզելու միանալ հակաիրանական պատժամիջոցներին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Բոլթոնի մեկնաբանությունները նույնպես առանձնակի լավատեսություն չներշնչեցին հայ հասարակայնությանը։ Նա ընդգծեց երկու կողմերին բավարարող համաձայնության հասնելու կարևորությունը, փոխարենը խոստանալով հայ-ադրբեջանական, ինչպես նաև, գրեթե հաստատապես, թուրքական սահմանի բացում։ Բացի այդ, «վաշինգտոնյան բազեն» խոսում էր ռուսականի փոխարեն ամերիկյան զենք ձեռք բերելու Հայաստանի հնարավորության մասին՝ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չեղարկի հակամարտող կողմերին զենք վաճառելու արգելանքը։

Վերջապես, Երևանում Ջոն Բոլթոնը հայտարարեց նաև, թե արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը չպետք է իրեն կաշկանդի «պատմական կարծրատիպերով», ակնհայտորեն նկատի ունենալով հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Դա հարուցեց Կրեմլի կտրուկ արձագանքը, որտեղ Բոլթոնի միջամտությունը հայ-ռուսական հարաբերություններին անվանեցին «սանձարձակություն»։

Ընդհանուր առմամբ Թրամփի խորհրդականի անցած տարվա այցելությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում իշխանափոխությունից ընդամենը մի քանի ամիս անց, հայ հասարակայնության մեջ էական տագնապ առաջացրեց մեր երկրի համար զգայուն ուղղությունների ողջ սպեկտրով. Արցախ, Իրան, Ռուսաստան, Թուրքիա։ Թե այդ մտավախություններից որը և ինչպես արդարացվեց՝ առանձին վերլուծության թեմա է։ Առայժմ կարելի է լոկ արձանագրել վարչապետ Փաշինյանի կողմից բոլթոնյան ձևակերպման օգտագործումը՝ Ադրբեջանի հետ «բոլոր կողմերին բավարարող» համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ակնհայտ անմիանշանակ հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Նկատելի փոփոխություններ չկան թերևս Իրանի առումով, համենայն դեպս հասարակայնության մտավախությունները տվյալ ենթատեքստում չարդարացան։ Ամերիկյան զենքը մեզ առայժմ անհասանելի է մատակարարումների արգելանքի ուժի մեջ մնալու պատճառով։ Ի դեպ, չարդարացան նաև Բոլթոնի ակնարկները Ազատության մասին ակտի 907-րդ լրացումը չեղարկելու հնարավորության վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ-ի կողմից պետական մակարդակով օգնության ցուցաբերումն Ադրբեջանին։

Հաշվի առնելով որևէ շարժի բացակայությունը, հայ-ամերիկյան հարաբերություններում Բոլթոնի հեռանալուց հետո էական փոփոխություններ ակնկալել չարժե։ Իսկ ինչ վերաբերում է կարգավորման գործընթացին, ապա, կարծում ենք, այստեղ ԱՄՆ-ի կողմից, գոնե մոտակա տարիներին, կտրուկ փոփոխություններ չեն կարող լինել, անկախ նախագահներից և նրանց շրջապատող անձանցից։ Հենց թեկուզ այն պատճառով, որ դա իրենից ներկայացնում է մոտեցումների մեջ համագործակցության և գործնական միակարծության բազմամյա և հիրավի եզակի ձևաչափ Արևմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի, և Ռուսաստանի միջև։