Մարգարիտա Խաչատրյան. Կառավարությունից պահանջում ենք փոխհատուցել 5646 զոհված զինվորի ընտանիքի

«Երեք հասարակական կազմակերպություններ առաջարկում են 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով զոհվածների աջակցության չափորոշիչները տարածել նաև զոհված և հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների վրա»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Զինվոր համակարգող խորհուրդ»-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

«Ինչու Մարտի 1-ի դեպքով ցույցի նպատակով զոհված 10 հայորդների ընտանիքներին տրամադրվում է 30 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներն անտեսվում են։ Ես կառավարություն արդեն չորրորդ գրությունն եմ ուղարկել, որոնք մնացել են անպատասխան»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ եթե կառավարությունը յոթօրյա ժամկետում իրենց գրությանը պատասխան չտա, իրենք պատրաստվում են հացադուլի ու նստացույցի։

Խաչատրյանը նշեց, որ խոսքը 5646 զինվորի ընտանիքի փոխհատուցման մասին է։

Նշված կազմակերպություններն են «Զինվոր համակարգող խորհուրդը», «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը և «Մեզ բացակա չդնեք» ՀԿ-ն։

Հանդիպմանը ներկա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանն էլ նշեց, որ կառավարությունն այսօր նոր չափորոշիչներ է սահմանել, որոնք իրենք չեն վիճարկում, բայց կարծում են, որ այդ չափորոշիչները պետք է սահմանին զոհվածների ընտանիքներին տրամադրվի։

«Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն էլ հույս հայտնեց, որ մինչև Անկախության տոնը կառավարությունն այս հարցին դրական պատասխան կտա, տեղեկացնում է Panorama.am։