Բագրատյան. Այս տարվա տնտեսական աճը տոքսիկ աճ է

Վստահ եմ, որ հաջորդ տարի տնտեսական աճը կմնա նույնը, դեռ ավելին՝ ցածր կլինի, որովհետև այս տարվա աճը տոքսիկ է։ Այս մասին «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում, անդրադառնալով տնտեսական աճի ցուցանիշներին, ասել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Աշխարհն այս տարի կաճի 3.5 %, մենք աշխարհից հետ ենք 3 անգամ, դա նշանակում է, որ աշխարհի միջինին մենք կհասնենք 250 տարուց։ Երբ Ստեփանակերտում վարչապետը հայտարարում է, որ 15 անգամ կավելացնի ՀՆԱ-ն՝ տարեկան 10 տոկոս հաշվարկով, նա արդեն 2 տարի իշխանության է և այդ 10 տոկոսը չի հաշվել։ Եթե հաջորդ տարվանից ՀՆԱն 10 %–ով էլ աճի , ՀՆԱն կավելանա ոչ թե 15 անգամ, այլ 12-13 անգամ։ Ես վստահ եմ, որ հաջորդ տարի տնտեսական աճը կմնա նույնը, դեռ ավելին՝ ցածր կլինի, որովհետև այս տարվա աճը տոքսիկ է։ 4.5-5 տոկոս, որ կլինի տարվա վերջում, դրա ավելի քան 2 տոկոսը երկու գործոններ են՝ մեկը ծառայություններն են՝ խաղերը, զվարճանքները, որոնք տարվա արդյուքնում կաճեն 25-30 %–ով և որոնք դարձել են տնտեսության 4-րդ ճյուղը՝ զգալիորեն առաջ անցնելով կրթությունից, առողջապահությունից և այլն, և վերջապես մեքենաների վաճառքն է։ Ինչու եմ ես դրանք տոքսիկ անվանել, քանի որ դրանք 2020 թվականին չեն լինելու։ Այո՛, գլուխ գովալու բան չկա մենք կարող ենք ասել՝ մի թեթև դրական տեղաշարժ կա արդյունաբերությունում՝ վերամշակող արդյունաբերությունում մենք կտեսնենք թեթև դրական շարժ, բայց այդ շարժը 3 անգամ պակաս է այն տոքսիկ աճից, որ մենք ունենք», - ասել է Բագրատյանը։

Վերջինս հավելել է, որ մի շարք ցուցանիշների մասով ևս, երբ դրանք ստուգվում են, ակնհայտ է դառնում դրանց ուռճացված լինելը.

«Մեր բեռնաշրջանառությունը կազմել է անցյալ տարվա 44 տոկոսը, իսկ ներհանրապետական տեղափոխումները 22 տոկոսը։ Մակրոտնտեսական նույնիսկ այդ ցածր թվերն ուռճացված են։ Ինչպե՞ս կարող է բեռնափոխադրումները 3-4 անգամ պակասեն, բայց տնտեսական աճ ցույց տանք։ 7 ամսում ցույց ենք տվել 4.1 տոկոս աճ շինարարության մեջ, ցեմենտի աճ մենք չունենք, մի՞թե ամբողջ աճը ստացվել է ցեմենտի տնտեսման հաշվին», - նշել է Բագրատյանը։