Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱ ՆՄԱՆ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ. ՓԱՍՏԱԲԱՆ

Մեր պետության կառավարումն այնքան է անլրջացել, որ իրավական պրոցեսներին որևէ ադեկվատ կամ լուրջ գնահատական տալը շատ դժվար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսելու՝ «Իմ քայլը» խմբակցության որոշմանը:

«Ես համարում եմ սա անթույլատրելի, որովհետև ակնհայտ է, որ Հրայր Թովմասյանին ցանկանում են աշխատանքից ազատել իր գործունեության համար, իր աշխատանքի համար, որը ձեռնտու չէ իշխող ուժին: Այս դեպքում մեկնաբանություններն ավելորդ են, սա նման է Սահմանադրական կարգի տապալման, պետական հեղաշրջման, սա շատ վտանգավոր բան է և չի կարելի անել»,-ասաց նա:

Տիգրան Աթանեսյանն ասաց, որ եթե Հրայր Թովմասյանը թույլ է տվել լուրջ կարգապահական խախտում, խախտել է օրենքը, ապա, որպես կարգազանց դատավոր, պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց այս դեպքում, ըստ նրա, ակնհայտ է, որ Թովմասյանի գործունեությունը ձեռնտու չէ իշխող քաղաքական ուժին և նրան ցանկանում են հետապնդել: «Սա շատ վատ նախադեպ է և ծանր հետևանքներ է ունենալու մեր ամբողջ դատական համակարգի համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է իշխանությունների խոստացած դատական բարեփոխումներին, փաստաբանն ասաց. «Մենք նաև պետք է ունենայինք թռիչքային տնտեսական զարգացում, 800 միլիոն դոլարով բյուջեի աճ, դա այդ շարքից է: Այս ամենը հակաքայլեր են, մահացու հարվածներ են իրավական պետության համար: Սա ենթադրում է քաղաքական իրավիճակի փոփոխություն, քանի որ ակնհայտ է, որ տրված խոստումները իրականության հետ կապ չունեն»,-ասաց նա:

Խոսելով միջազգային արձագանքի մասին՝ Տիգրան Աթանեսյանն ասաց, որ միշտ կողմնակից է եղել խնդիրները լուծել «մեր տան մեջ»: «Միջազգային հանրության արձագանքների նպատակը երբեք հայ ազգի բարօրությունը չէ, իրենք իրենց շահերն ունեն և, եթե իրենց շահերին համահունչ լինի այս գործընթացը, հայտարարություններ կլինեն: Ենթադրաբար կարծում եմ, որ իշխանություններին զգոնության կոչեր կլինեն, բայց ես երբեք հույսս չեմ դրել նման հայտարարությունների վրա, եթե մենք մեր խնդիրները չենք կարողանում լուծել, մենք որպես պետություն կայացած չենք»,-ասաց նա:

tert.am

Основная тема:
Теги: