«Պրոմտեխնոլոգիան» դատի չի տվել ՀՀ ՊՆ-ին

Ռուսական «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որ դատի չի տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը սպառազինության գնման տենդերի տապալման պատճառով:

ՀՀ քննչական կոմիտեն օգոստոսի 26-ին հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել սպառազինության գնման տենդերի տապալման պատճառով, որում մասնակցել է ռուսական ընկերությունը: Մասնավորապես, ORSIS ընկերության («Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս) փաստաբան և ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, որ խոշոր խմբաքանակի սպառազինության գնման հարցով ՀՀ ՊՆ–ի փակ տենդերին մասնակցելու նրանց հայտը մերժվել է գնահատման հանձնաժողովի կողմից կեղծ փաստարկների հիման վրա: Սույն հայտարարության հիման վրա ՀՀ քննաչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) 1–ին մասի հատկանիշներով։

«Հայաստանի ՊՆ տենդերից «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ի անհիմն և ոչ պատճառաբանված բացառման վերաբերյալ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության, ինչպես նաև «Պրոմտեխնոլոգիա» ՍՊԸ-ին մատակարարների սև ցուցակում ներառելու հետ կապված հայտնում ենք, որ ներկա պահին քրեական գործի շրջանակում քննություն է տարվում նշված փաստերի վերաբերյալ», - նշվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Հայտարարությունում նշվում է նաև, որ «Պրոմտեխնոլոգիա» ՍՊՆ-ն դատի չի տվել ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Ընկերությունը տարակուսանքի մեջ է ստեղծված իրավիճակի պատճառով և հույս է հայտնում, որ Հայաստանի Հանրապետության քննաչական կոմիտեն կանի հնարավոր ամեն ինչ` բոլոր հանգամանքները պարզելու համար, և բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն ՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և կարգավիճակից», - նշվում է հաղորդագրությունում:

Ընկերությունը նաև հույս է հայտնում, որ գործընկերային և արդյունավետ հարաբերությունները կվերականգնվեն։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատմության մեջ առաջին անգամ մրցույթ է հայտարարել մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մատակարարման համար: Որակավորման պահանջները բավարարել է միայն ռուսական ORSIS ընկերությունը: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ տենդերը փակել են առանց որևէ բացատրության: ORSIS ընկերությունը դիմել է բողոքարկման հանձնաժողով և փաստաբանին, որոնք Հայաստանում ներկայացնում են իր շահերը, ինչի արդյունքում հայտ է ներկայացվել: Տեղի ունեցածի մասին տեղեկացվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան ռազմական կցորդը:

«Պրոմտեխնոլոգիա» խմբի մաս կազմող ORSIS ընկերությունը տարիներ շարունակ զենք, փամփուշտներ և օպտիկա է մատակարարել Հայաստան, տեղեկացնում է Newsarmenia.am: