Տոնոյանը հակասում է ինքն իրեն

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառում այդ պաշտոնից հրաժարականի հավանականությունը, տեղեկացնում է Newsarmenia.am։

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ինքը հնարավոր է համարում, որ մի քանի օրից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատի իրեն այդ պաշտոնից, Տոնոյանը պատասխանել է «Հնարավոր եմ համարում», ավելացնելով, որ ոչ ոք հավերժ չէ։

Միաժամանակ ՊՆ ղեկավարն այսօր առավոտյան մամուլի ներկայացուցիչների այն հարցին, թե արդյո՞ք պատրաստվում է հրաժարական տալ, ասել է` «Չէ, չէ, չկա այդպիսի բան»։

Խոսելով ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի ազատումների մասին` Տոնոյանն ասաց, որ դա որոշակիորեն անակնկալ էր իր համար։

«Եթե իմ ընկերները, իմ գործընկերները նպատակահարմար համարեն կիսվել ինձ հետ պատճառների մասին, ես կլսեմ»,– ասաց նա։

Պատասխանելով այն հարցին, թե կան արդյո՞ք տարաձայնություններ վարչապետի հետ, Տոնոյանն ասաց. «չեմ կարող ասել»։

Միաժամանակ մի քանի ժամ առաջ լրագրողների հետ զրույցում նույն հարցին ի պատասխան պաշտպանության նախարարն ասել է, որ «տարաձայնություններ լինել չեն կարող, տարվում է սինքրոնացված աշխատանք կառավարության անդամի կարգավիճակում»։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց Վալերիյ Օսիպյանին ՀՀ ոստիկանապետի պաշտոնից ազատելու հրամանագիրը։ Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան հայկական ԶԼՄները հաղորդեցին, որ Օսիպյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 17–ին կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստի ավարտին։ Սեպտեմբերի 16–ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տեղեկացրեց հրաժարականի մասին գերատեսչության Facebook–յան էջում։ Նույն օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատելու միջնորդությունն ու համապատասխան հրամանը։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց համապատասխան հրամանագիրը։