«Մուլտի գրուպ»-ի տնօրենը գրավի դիմաց ազատ է արձակվել

«Մուլտի գրուպ»-ի տնօրեն, «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխարինվել է.՝ նա 20 մլն դրամ գրավով ազատ է արձակվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Սուրեն Առուստամյանի հետ «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Սուրեն Ավագյանի և Գուրգեն Սարգսյանի խափանման միջոցը ևս դատարանը փոխել՝ նրանք ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նաև` ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու, այն է` հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար: Սեդրակյանին 2019 թվականի սեպտեմբերի 18 մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փոփոխվել և լրացվել է նաև Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին առաջադրված մեղադրանքները: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել նաև 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին նրանց մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Այս գործով այսօրվա դրությամբ քրեական գործով 15 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ: