Բադասյան. Հակակոռուպցիոն հանձնաժողով կձևավորվի հոկտեմբերին

Հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալացման գործում շատ կարևոր է բիզնեսի մասնակցությունը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ««Կորպորասիոն Ամերիկա»-ի միջազգային համապատասխանությունը և հակակոռուպցիոն համաժողով-2019» ֆորումի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով՝ կառավարության քննարկմանն արդեն ներկայացվել է հակակոռուպցիոն ռազմավարությունն ու 2019-2020-ի համար կոռուպցիայի դեմ պայքարի հարցով գործողությունների ծրագրերը:

«Կարևոր է հակակոռուպցիոն պայքարի հարցով կառավարության քաղաքական կամքը: Հակակոռուպցիոն հանձնաժողով կձևավորվի հոկտեմբերին, այն կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գլխավոր պատասխանատու մարմինը կլինի: Հանձնաժողովին կփոխանցվի պաշտոնատար անձանց հայտարարագրերը վերլուծելու գործառույթը: Մեկ այլ կարևոր քայլ է իրավական հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը: Մարմինը մեխանիկորեն չի ստեղծվի, կստուգվի այդ մարմնի անդամների բարեվարքությունը: Բացի այդ, կստեղծվի ՀՀ դատախազությանն առընթեր մասնագիտացված հակակոռուպցիոն մարմին, որը կապահովի քննչական միջոցառումների օրինականությունը: Չպետք է մոռանանք նաև հակակոռուպցիոն դատարանի ստեղծման անհրաժեշտության մասին»,- նշեց նախարարը:

Նա հավելեց, որ կառավարման էլեկտրոնային համակարգ կներդրվի, որը կթեթևացնի բզինեսի վարչարարությունը:

«Կառավարությունն աշխատում է ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստր ստեղծելու ուղղությամբ: Միջազգային մի շարք կազմակերպություններ խորհուրդ են տվել որոշակի գործիքներ ներդնել կոռուպցիայի դեմ պայքարում մասնավոր սեկտորում: Կցանկանայի նշել, որ դրանց կիրառումը որևէ կերպ չի խոչընդոտի բիզնեսին, այլ, հակառակը, կնպաստի անհրաժեշտ ներդրումային միջավայր ձևավորելուն»,- եզրափակեց Բադասյանը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: