Դավիթ Բաբայան. Լուծումը պետք է բոլորի համար ընդունելի լինի

Պաշտոնական Ստեփանակերտը դեռ 2000-ականներից թեզ ուներ, որ անհրաժեշտ է պատմական խաղաղության, հաշտության կնքումը ժողովուրդների միջև: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է ընդունելի լինի և՛ Ղարաբաղի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի ժողովուրդների համար:

«Եթե ուզում եք լուծումը համապարփակ և վերջնական լինի, պետք է բոլորի համար ընդունելի լինի և միակողմանի չլինի: Դա չի նշանակում, որ վաղն է լինելու կամ մյուս օրը, դա տարիներ է պահանջում,և եթե Ադրբեջանը չի փոխում իր հռետորաբանությունը, դա անհնարին է: Թող Ադրբեջանն ասի, որ ինքն էլ է ուզում, որ ընդունելի լինի բոլորի համար, բայց իր ներկայիս աննորմալ, այլասերված պատկերացումը չի կարող բերել համապարփակ կարգավորման»,-ասաց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց, որ չի ցանկանում գնահատականներ տալ Նիկոլ Փաշինյանի ասածների վերաբերյալ: «Այո, մեր մոտեցումը պետք է ընդունելի լինի իրենց համար, բայց մենք քայլ չենք կատարելու, որը չնչին-իսկ կարող է թուլացնել մեր անվտանգությունը և գայթակղություն առաջացնել Ադրբեջանի կողմից, որ դիմի ուժային տարբերակով հարցի կարգավորմանը: Այսինքն՝ Արցախի վերադարձ չի կարող լինել` լինի դա սահմանների, թե կարգավիճակների առումով»,-ասաց նա:

Հարցին, թե հավանակա՞ն եք համարում այնպիսի տարբերակ, որն ընդունելի կլինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներրի համար, Դավիթ Բաբայանն ասաց, որ տեսականորեն կարող են այդպիսի տարբերակներ լինել, սակայն կիրառական առումով այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ որևէ ողջամիտ քննարկման: «Եթե նույնիսկ ժողոովուրդը պատրաստ է ինչ-որ հաշտեցման, իշխանությունները թունավորում են այդ ժողովրդին»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Fox LA»-ի թղթակից Արաքսյա Կարապետյանին՝ այլ հարցերի հետ մեկտեղ խոսելով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման մասին: