Բողոքի ակցիա կառավարության դիմաց

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքի բնակիչները։

Գետաշենի տնտեսվարողներից Սամվել Մուրադյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 72 հա տարածքում բանջարաբոստանային կուլտուրա են մշակում, մթերող գործարանի հետ 300 մլն դրամի պայմանագիր են կնքել, սակայն վերջին մեկ ամսվա ընթացքում կանգնել են փաստի առջև, քանի որ սկզբից ջուրը ընդհատումներով են տվել, ապա ամբողջությամբ կտրել։

«Ամեն տարի մշակում ենք արժեքավոր բանջարաբոստանային կուլտուրաներ, վաճառում ենք գործարաններին։ Այս տարի ևս, 300 մլն դրամի պայմանագիր ունենք կնքած, որից 58 մլն դրամը կանխավճար ենք ստացել։ Վերջին մեկ ամսվա ընթացքում ջրի գրաֆիկի խախտում էր սկսվել, ամսի 15-ից արդեն ջուրը փակել են։ Պարզեցինք, որ այն գնում է ՀԷԿ, հետո էլ դեպի Թուրքիա և Իրան։ Դիմել ենք մարզպետարան՝ պահանջով, որ հանձնաժողով կազմեն, որպեսզի հնարավոր լինի վնասի չափը հաշվարկել։ Դիմումն ընդունեցին, բայց ասացին, որ իրավասություն չունեն վնասի չափը գնահատելու», - ասաց Գետաշենի բնակիչը։

Գյուղացիների հետ հանդիպել է Ջրային ռեսուրսների կոմիտեի փոխնախագահը։

«Այդ չորացող դաշտերում մի 3-5 րոպե է տևել մեր հանդիպումը։ Ինքն ասաց, թե մեր պոմիդորը հիվանդ է։ Ես ասել եմ, որ մենք այդ հարցով չենք հավաքվել։ Նա ուղղակի հասկացրեց, որ եկել է ոչինչ չանելու համար», - ասաց Սամվել Մուրադյանը։

Վերջինս նշեց նաև, թե այդ համակարգը կաղում է, ջրային ռեսուրսներն ընդհանրապես չեն աշխատում։

«Մեր երկրում ճանապարհ փակելը դարձել է լսելի դառնալու միակ տարբերակը, և եթե մենք լսելի չլինենք, կփակենք այս ճանապարհը», - ասաց Սամվել Մուրադյանը։

Основная тема:
Теги: