Ղարաբաղյան հակամարտության մասին դասախոսություն Ստրասբուրգի համալսարանում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Ստրասբուրգ իր այցի շրջանակներում, սեպտեմբերի 30-ին այցելել է Ստրասբուրգի համալսարան՝ միջազգային հարաբերությունների մագիստրատուրայի մի խումբ ուսանողների համար դասախոսություն կարդալով ադրբեջանա-արցախյան հակամարտության, Արցախի պետականաշինության ընթացքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու իրավիճակի մասին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունից:

Պաշտպանը հակիրճ ներկայացրել է հակամարտության պատմությունը՝ շեշտադրելով, որ այն ծագել է հայության արցախյան հատվածի հիմնարար իրավունքների տևական ու կոպիտ ոտնահարման հետևանքով, որոնց վերջնական նպատակը հայրենազրկումն էր:

«Ահա այդ պատճառով ավելի քան 30 տարի առաջ Արցախի բնակչությունը ոտքի կանգնեց ընդդեմ ադրբեջանական բռնակցման և հանուն իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության: Դա առաջադեմ շարժում էր՝ հենվելով միջազգային իրավունքի հիմնարար նորմերի վրա, սակայն ստիպված էինք ծանր պատերազմում պաշտպանել սեփական հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը: Այժմ Արցախն ընթանում է պետականաշինության և զարգացման ճանապարհով՝ զուգահեռաբար դիմագրավելով ադրբեջանական սպառնալիքները»: Ա.Բեգլարյանն ներկայացրել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ընթացիկ վիճակը, մեխանիզմներն ու մարտահրավերները: Նա շեշտադրել է, որ Արցախը պատրաստակամ է հնարավորինս կիրառել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափորոշիչները՝ իրեն համարելով միջազգային հանրության անբաժանելի մասը: Պաշտպանը հրավիրել է համալսարանականներին այցելել Արցախ և հետազոտություններ իրականացնել տարածաշրջանի վերաբերյալ: Նա վերջում պատասխանել է ուսանողների հարցերին՚, - ասվում է հաղորդագրությունում, տեղեկացնում է arminfo.info:

Основная тема:
Теги: