ԵՐԲ ԾԻԾԱՂԵԼԻ ՉԷ, ԿՐԿԵՍԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՆԱ

Ողջ պատմության ընթացքում մարդկությունը մշտապես բախվել է բնակության համար յուրացված բնական լանդշաֆտների դեգրադացիայի, օրինակ, տեղանքի անապատացման կամ ճահճացման հետևանքով։ Բայց հասարակական, քաղաքական կյանքում նույնպես կարող են տեղի ունենալ համանման գործընթացներ, և այդժամ «անապատացումը» հանգեցնում է երկրի անկման, իսկ երբեմն էլ նույնիսկ փլուզման։ Ավելին, գրեթե միշտ այդօրինակ վտանգավոր գործընթացները սկսվում են ներսից, աստիճանաբար։ Պատահական չէ, որ նշանավոր պատմաբան Ուիլյամ Ջեյմս Դյուրանտը իր հանրահայտ «Քաղաքակրթության պատմություն» աշխատությունում գրել է. «Հզոր ավանդույթներով երկիրն անհնար է նվաճել դրսից, քանի դեռ նա ինքը չի քայքայել իրեն ներսից։ Հենց ներքին անկումը, ինքնախեղդումն են նախորդում այդպիսի երկրի ռազմաքաղաքական թուլացմանը, իսկ այնուհետ նաև փլուզմանը»։

Հայաստանին սպառնացող հենց այդպիսի աղետալի հեռանկարի մասին է խոսում իր վերջին հարցազրույցում Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ Վիտալի Բալասանյանը։ «Նիկոլ Փաշինյանը մեծ հակահայ պրոյեկտ է։ Նրանք, ովքեր չեն հասկացել, թող հասկանան։ Ես միշտ տողատակերով եմ ասել, չակերտներում, հիմա բաց եմ ասում»,- հայտարարում է Վ.Բալասանյանը, հիշեցնելով, որ «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի զավթումը դեռևս 2016 թվականի հուլիսի 23-ին ինքն անվանել է ահաբեկչական գործողություն։ Խմբավորման անդամները ոչ միայն պետք է ցած դնեին զենքը, այլև կալանավորվեին ու խստագույնս պատժվեին, մինչդեռ այսօր նրանց պարագլուխներին ընդունում է վարչապետը, ինչն անթույլատրելի է։

Իսկ ովքե՞ր են «Սասնա ծռերը»։ Ըստ Վիտալի Բալասանյանի՝ ոչ միայն ահաբեկիչներ, այլև մարդիկ, որոնք հետևողականորեն վարում են հակառուսական քաղաքականություն. «Սահմանապահ զորքերը՝ ձախ դարձ, քայլով մարշ՝ Ռուսաստան, 102-րդ բազան հանել, և այլն։ Սրանք նրանց կարգախոսներն են։ Ովքե՞ր են սրանք։ Մենք գիտենք՝ ում կողմից են ուղղորդվում, ովքեր են նրանց ֆինանսավորում։ Եվ ՀՀ վարչապետն ընդունում է այդպիսի մարդկանց։»։ Բացի այդ, «Նիկոլ Փաշինյանը մի պրոյեկտ է իրականացնում, որ Հայաստանում ապրի ազգայինը չճանաչող, չընդունող մարդը։ Ես այդպես էլ չլսեցի հայ ազգի մասին իր խոսքը, ինքն անընդհատ հպարտ քաղաքացիներից է խոսում։ Եվ ինձ համար ակնհայտ է եղել թե՛ երեկ, թե՛ այսօր, թե ով է եղել Նիկոլ Փաշինյանն ու այս կառավարությունն ու նրա անդամները, ով է նրան բերել իշխանության»։

Դե ինչ, Վիտալի Բալասանյանի հետ դժվար է չհամաձայնել։ Իսկապես, հաճախ չափազանց դժվար է լինում ձերբազատվել այն տպավորությունից, որ այս իշխանության գլխավոր նպատակն այնպիսի երկրի ստեղծումն է, որտեղ ազգայինը տեղ չունի, իսկ մարդիկ դադարում են խոսել նույն լեզով։ Բայց եթե բառերը կորցնում կամ փոխում են իմաստը, ապա վերանում է փոխըմբռնումը։ Հասարակությունը տրոհվում է. անհնար է միասնական նպատակի իրականացումը, անհնար է նույնիսկ միասնական բուն նպատակը։ Աստված, ցանկանալով խափանել բաբելոնցիների հավակնոտ ծրագրերը, ամենևին էլ համաճարակ, պատերազմ և համանման կոպիտ դիվերսիաներ չբերեց նրանց գլխին։ «Կխառնեմ նրանց լեզուները»,- ասաց Նա։ Եվ վե՛րջ աշտարակին։

Մի՞թե մենք այնքան միամիտ ենք, որ հավատանք, թե բաբելոնցիները վայրկենապես սկսեցին խոսել գերմաներեն, ֆրանսերեն, հայերեն և այլ լեզուներով։ Ոչ, նրանք պարզապես դադարեցին հասկանալ միմյանց, ինչպես որ, ի դեպ, մենք այսօր։ Լեզուն արտաքուստ (հնչողությամբ) մնաց առաջվանը։ Բայց մարդիկ սկսեցին տարբեր կերպ հասկանալ բառերը (դադարեցին միանման հասկանալ)։

«Փաշինյանը չի որոշում. որոշումը կայացնում է կենտրոնը,- համոզված է Արցախի Հերոսը։- Եվ այն խմբերը, որոնք այսօր գործում են, թե ԼԳԲՏ-ներ, թե սորոսական, թե այլ թև, աղանդավորներ, թե եկեղեցու դեմ պայքարայս ամենը ղեկավարվում է մեկ կենտրոնից։ Ուզում եմ բարձրաձայն ասել, որ համայն հայությունն իմանա, որ երբևիցե Հայաստանում այսքան ծանր վիճակ չի եղել։ Իշխանությունն ու նրան ղեկավարող կենտրոնը շատ խորամանկ են գործում»։

Այստեղ թույլ կտանք մեզ չհամաձայնել։ «Խորամանկ իշխանությունը» ընդամենը առասպել է։ Խորամանկը նա է, ով ստում է ու չի բռնվում։ Նա է, ով կարողանում է ստել այնպես, որ ծայրը ծայրին համընկնի։ Իսկ գործող իշխանությունը բռնվում է անընդհատ։ Նա խորամանկ չէ, նա լկտի է։ Իր ուզածին հասնում է ոչ թե խելքի հաշվին, այլ բացարձակ անամոթության։ Այդ մարդիկ ոտնատակ են տվել ամոթը, հետևաբար՝ արդեն մարդ չեն սովորական ընկալմամբ։ Ըստ Դոստոևսկու՝ դևեր են։ Իսկ մենք շփոթմունքի մեջ ենք։ Տեսնում ես. երկու ձեռք ունի, գլուխ, խոսում է հայերեն, ահա և մտածում ես, թե մարդ է։ Իսկ նրանք ծիծաղում են մեզ վրա. «Հարիֆնե՛ր։ Ո՜նց ենք մենք դրանց…»։ Բայց կյանքը չի կարող կառուցվել ստի և լկտիության վրա։ Այն կպահանջի գաղափարական և ազնիվ մարդկանց, այ կտեսնեք։

Իսկ առայժմ՝ այն մասին, թե ինչպես գտնել երկրում տիրող տխուր իրավիճակի մեղավորներին կամ գոնե պատասխանատուներին. ապարդյուն ջանքեր են։ Թեթևագույն քաշի այդ պետական գործիչները ոչ մի բանի համար պատասխանատու չեն։ «Մենք այնքան լավ խաղացինք լուցկիներով, իսկ հետո չգիտես ինչու հրդեհ բռնկվեց»… Բայց հարցն այստեղ այն է, թե որքանով են տեղին լուցկիներով խաղերը ավտոլցակայանում՝ բենզինի լճակների մեջ։

Լավ, իսկ ի՞նչ անել։ Այս հարցում Վիտալի Բալասանյանը կտրական է. «Նիկոլ Փաշինյանը պետք է րոպե առաջ հրաժարական տա։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը րոպե առաջ պետք է հրաժարական տա։ ԱԺ-ն տուն պետք է գնա։ Կգա ժամանակը, և կտեսնեք՝ այս իշխանություններն ինչ վիճակի մեջ են դրել ժողովրդին։ Նրանք չեն հեռանալու, պետք է հեռացնել։ Պետք է ժողովուրդը սթափվի, պետք է պարտադրի, պահանջի, որ բոլոր պատգամավորներն իրենց մանդատները, առանց բացառության, լինի «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստանը» թե «Բարգավաճ Հայաստանը», վայր դնեն, այլապես վտանգված է համայն հայության գոյության հարցը»։

Այն, որ այս իշխանությունը հոժարակամ երբեք չի հեռանա, ակնհայտ է։ Թեև Փաշինյանը պնդում է, թե կգնա այդ քայլին, եթե ժողովուրդը կամենա։ Կհեռանամ, ասում է, այ հենց հիմա կհեռանամ, բռնե՛ք ինձ յոթ հոգով։ Իրականում իշխանությունն այդ մարդկանց համար ամեն ինչ է, և այդ իշխանությունը պահելու համար նրանք պատրաստ են ամեն ինչի։

Բայց պատմություն-մայրիկին ուրախացնելու բան նրանք վաղուց արդեն չունեն, և նա կորցրել է ամեն տեսակի հետաքրքրությունն այդ կերպարների նկատմամբ։ Ասենք, մարդիկ էլ, երբ այլևս ծիծաղելի չէ, պահանջում են, որ կրկեսը հեռանա։ Հայաստանը դարձել է դեկորացիաների երկիր։ Պայմանական կառավարություն, որը բազմիցս ապացուցել է գոնե ինչ-որ օգտակար բան անելու իր բացարձակ անկարողությունը։ Պայմանական ԱԺ, որն օրենքներ է կաղապարում Հենրի Ֆորդի հոսքագծի սկզբունքով։ Դեկորատիվ գերատեսչություններ, խորհրդարանական ընդդիմություն, պայմանական իրավապահներ ու դատարաններ… Պատահական չէ, որ Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն աշխարհում կտրուկ նվազել է, նույնիսկ մեր համաքաղաքացիներն իրենք էլ դադարել են հետաքրքրվել Հայաստանով։

Թե ինչպես կշարունակեն զարգանալ իրադարձությունները, դժվար է կանխագուշակել։ Ամեն ինչ կարող է պատահել, մանավանդ որ, ինչպես նշում է ինքը՝ Վիտալի Բալասանյանը, «Հայաստանում ընդհանրապես չի գործում որևէ օրենք։ Իրավապահ մարմինները, բոլոր ուժային կառույցները ղեկավարվում են անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ «օրենքը ես եմ» կարգախոսով»։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Մարտում պաշտպանվող կողմը հաճախ հաղթում է, և այդ մասին գերազանց գիտի մարտական գեներալ Բալասանյանը։

Բացի այդ, վերաձևակերպելով սվինների մասին արտահայտությունը, որոնց վրա նստելն այնքան էլ հարմար չէ, կարելի է ասել, որ մատնոցախաղի գնդիկն էլ բնավ ամենակայուն հիմքը չէ գահի համար։