Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. ԱՌԱՆՑ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ՈՒ ՆՐԱ ՊԵՍ ՄԱՐԴԿԱՆՑ ՄԵՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ Է ՈՉՆՉԱՑՄԱՆ

Գեներալ Բալասանյանի երեկվա հարցազրույցը, որքան էլ այն շատերին ոգևորի կամ հիասթափեցնի, շատ համահունչ է մեր օրերի հիմնական թրենդներին։ Նաև օրինաչափ։ Բաներ կան, որ բոլորս, բայց, նախևառաջ, իշխանությունները պետք է լավ հասկանանք։ Օրինակ, որ առանց Բալասանյանի ու նրա պես մարդկանց մեր պետությունը դատապարտված է ոչնչացման։

Հասկանո՞ւմ եք՝ նա զինվոր է։ Իր էությունն է այդպիսին։ Երբ վտանգ է տեսնում, զենք է վերցնում։ Հարձակվողի դիմաց է կանգնում։ Պաշտպանում է։ Ու դա սեփական «ես»-ը պահելու բնազդ չէ։ Ինքն ավելի ընդհանրական է։ Իր ընտանիքի վրա է տարածվում, ընկերների, պետության, ժողովրդի… Ի՞նչ պետք է աներ Բալասանյանն այն վիճակում, երբ նման հարձակում է տեսել։ Մարդու իրավունքների՞ց խոսեր։ Եվրոպական դատարա՞ն դիմեր։ Ձեր ծիծաղը չի գալի՞ս այդ մտքերից։

Ասեմ՝ իմանաք․ իրականում Բալասանյանն իրեն շատ զուսպ է պահել։ Նախկինի համեմատ, իհարկե։ Էն, որ զենք էր վերցրել, հայրենիք ազատագրել, հետո էլ ազատագրածը պահել։ Հիշո՞ւմ եք։ Դե ուրեմն՝ հավատացեք՝ զուսպ է եղել ու շատ ապրի դրա համար։

Ուզում եմ մաքսիմալ բաց խոսել։ Բալասանյանի երեկվա հայտարարություններն ինձ տխրեցրին։ Այդպես չպետք է լինի։ Դա սխալ է, որի սկիզբն ու պատճառը, սակայն, գեներալը չէ։ Փաշինյանն է։ Հենց Փաշինյանն է սղոցում այն ճյուղը, որի վրա պետություն ենք կառուցել։ Ու ամեն մեկս այդ իրողությանն արձագանքում ենք այնպես, ինչպես մեր արժեքներն ու նպատակներն են թելադրում։ Բալասանյանն էլ բացառություն չէ։ Ճիշտ հակառակը՝ օրինաչափություն է։

Հ.Գ. Մի օր՝ երկրում ստեղծված իրավիճակը քննարկելիս, մի շատ հարգելի և սիրելի մարդ ասաց, որ շատ բաներում հենց մենք ենք մեղավոր։ Անկեղծ զրույց էր, խնդրում եմ՝ ոչ ոք չնեղանա նրա համեմատականներից ու ձևակերպումներից, բայց ասվածի հետ չհամաձայնվել չեմ կարող։ Ասաց. «Մենք կրտել ենք մեր գեներալներին, հերոսներին, ստիպել ենք այլ արժեքներով ու պատկերացումներով ապրել․ մարդու իրավունքներ, հավասարություն, զիրթ-զիբիլ… Ու հիմա դրա պտուղներն ենք քաղում։ Բայց իմ հերոսը, մեկ ա, Լևոն Մնացականյանն ա, Արշոն ա, Բալասանյանն ա… »։

«Կրտել ենք մեր գեներալներին, հերոսներին»․․․ Երանի մի օր այս բառերը դուրս գան մտքիցս։