Ո՞ՒՐ է ԹՌԵԼ ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ

Հունիսի 5-ին սոցցանցերում լայնորեն տարածվեց Լոս Անջելեսի բնակիչ Բեդրոս Հաջյանի տեսաուղերձը, որը հաղորդեց, որ ԱՄՆ-ում բողոքի զանգվածային ակցիաների մասնակից աֆրոամերիկացիները հարձակում են պատրաստում հայերի վրա: «Հայ համայնքի վրա զանգվածային հարձակումներ են նախապատրաստվում աֆրոամերիկյան սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև «Անտիֆա»-ի և «Black lives matter»-ի ակտիվիստների կողմից։ Նրանք իրական ռասիստներ են: Սա վտանգ է ոչ միայն մեզ, այլ նաև ապագա սերունդների համար»,- ասաց Հաջյանը։

Իր խոսքերը նա հաստատեց տեսանյութով, որտեղ սևամորթ ակտիվիստը պնդում է, թե իրեն ծեծել են հայերը, և նշում կոնկրետ հասցեներ: Դիմելով իր «եղբայրներին ու քույրերին», դեմքին բռնության չնչին իսկ հետք չունեցող սույն «տուժածը» հայտարարում է, թե ժամանակն է դադարեցնել հայերի «կամայականությունները» և «վերականգնել արդարությունը»։ Հաջյանը ցուցադրեց նաև մեկ այլ աֆրոամերիկացու ֆեյսբուքյան էջը, որում տեղադրված են Գլենդեյլում բողոքի ակցիաներ սկսելու կոչեր, որտեղ, իբր, «կենտրոնացած են ռասիստները»:

«Նրանք արդեն զանգվածաբար առաջարկում են հարձակվել հայերի վրա։ Այդ հաղորդագրություններն անհրաժեշտ է ուղարկել ոստիկանություն, իսկ այդ անձինք պետք է պատասխանատվություն կրեն, քանի որ ազգության հողի վրա բռնության կոչ են անում։ Սա արդեն ռասիզմ և ահաբեկչություն է»,- ընդգծեց Բեդրոս Հաջյանը։ Նրա տեսաուղերձը լայն տարածում ստացավ, իսկ բազմաթիվ մեկնաբանություններում մարդիկ ներկայացնում էին հայկական սփյուռքի անդամների վրա հարձակվելու կոչեր բովանդակող նմանատիպ հակահայկական գրառումները Ֆեյսբուքում։

Հայ համայնքի ակտիվիստի ուղերձը նկատեցին և արձագանքեցին նույնիսկ ռուսաստանյան կայքերը։ Մասնավորապես, pikabu.ru հայտնի պարբերականը նշել է, որ «ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայում Ցեղասպանությունից փախած հայերի սերունդները կարող են ենթարկվել նոր ջարդերի։ Եվ դա՝ ոչ թե երրորդ աշխարհի երկրում, այլ ԱՄՆ-ում…»։ Հայկական մամուլը նույնպես հաղորդեց այդ մասին, ակտիվ քննարկում ծավալվեց նաև ՀՀ քաղաքացիների շրջանում։ Լռում էր միայն Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որին անմիջականորեն վերաբերում էր տեղեկատվությունը։

Մինչդեռ թվում էր, թե հենց Զարեհ Սինանյանը՝ Գլենդեյլի նախկին քաղաքապետը պետք է արձագանքեր առաջին հերթին, ընդ որում ՝ անհապաղ։ Պետք է օգտագործեր քաղաքի և նահանգի իր իմացությունը, գործի դներ իր բոլոր կապերը, արդեն Հայաստանի Հանրապետության անունից հանդես գար ոստիկանությանը հասցեագրված ուղերձով կամ կոչով՝ ապահովելու հայրենակիցների պաշտպանությունը և միջոցներ ձեռնարկելու սադրիչների և ռասիստների ձերբակալման համար։ Չենք խոսում արդեն այն մասին, որ պետք է փորձել հասկանալ, թե արդյոք դրա հետևում կանգնած չե՞ն թուրքերն ու ադրբեջանցիները, որոնց համար, ինչպես հայտնի է, տարբեր երկրներում հայատյացության քարոզչությունն ու արմատավորումը ռազմավարական նպատակներից մեկն է։ Այս առումով Կալիֆոռնիան, հասկանալի պատճառներով, նրանց գլխավոր թիրախներից մեկն է։

Բայց Զարեհ Սինանյանը լռում է, թեև արդեն 4 օր է անցել։ Զարեհ Սինանյանն ընդհանրապես լռում է ողջ այն ժամանակահատվածում, ինչ ստիպված է եղել դադարեցնել իր արտասահմանյան շրջագայությունները, որոնց օգուտը երկրի և Սփյուռքի համար այդպես էլ առեղծված մնաց։ Զարեհ Սինանյանը ոչ մի կերպ չի դրսևորում իրեն կորոնավիրուսի դեմ այն պատերազմում, որը Հայաստանում ընթանում է արդեն երեք ամիս շարունակ։ Իսկ չէ՞ որ հենց այդ ոլորտում կարելի էր ներկայանալ առավելագույնս դրական լույսի ներքո, նստելով վերջապես աշխատավայրում՝ իր աշխատակազմի հետ միասին, որը, ըստ ԶԼՄ-ների, բավական պատկառելի է վարձատրվում և ստանում շռայլ պարգևավճարներ։ Ինչ վերաբերում է իրեն՝ հանձնակատարին, ապա նրա նշանակումից հետո համառ լուրեր էին շրջում, որ Երևան տեղափոխվելու և այդ պաշտոնը զբաղեցնելու համաձայնության գինը ամսական 25 հազար դոլար է։

Ուրեմն այս ամիսներին, համաճարակի պայմաններում ի՞նչ կարող էր անել Զարեհ Սինանյանը՝ իր հրաշալի աշխատակազմով հանդերձ։ Բացի օպերատիվ դեպքերից, ինչպիսին կալիֆոռնիականն է, օգտակար շատ բան կարող էր անել երկրին իրապես օգնելու համար։ Օրինակ, նախնական աշխատանք տանել Սփյուռքի մասնագետների շրջանում՝ կառավարությանը գրագետ մասնագիտական խորհրդատվություն և հանձնարարականներ տրամադրելու նպատակով նրանց Հայաստան հրավիրելու հեռանկարով։ Ըստ էության, շատ դեպքերում դա հնարավոր էր կազմակերպել նաև առանց ժամանման. առցանց ռեժիմով։

Օրինակ, օրերս տեղեկություն հայտնվեց այն մասին, որ մի քանի հայ բժիշկներ արտերկրից արձագանքել են Առողջապահության նախարարության կոչին և ժամանել Երևան՝ տեղի գործընկերներին օգնելու համար։ Հոգաչափ շնորհակալ ենք նրանց։ Բայց ի՞նչն էր խանգարում Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակին յուրաժամանակ աշխատանք տանել այն հայրենակիցներին գտնելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են գալ և օգնել հայրենիքին:

Խոսքը ոչ միայն բժիշկների և առողջապահության ոլորտի մասնագետների՝ համաճարակաբանների, վիրուսաբանների, ինֆեկցիոնիստների մասին է: Երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է ամենատարբեր մասնագետների, այդ թվում՝ հոգեբանների, տնտեսագետների, սոցիոլոգների ջանքերի միավորում: Իսկ ամենից առավել՝ հակաճգնաժամային կառավարման մասնագետների, որոնք Հայաստանում, պետք է հասկանալ, կա՛մ ընդհանրապես չկան, կա՛մ հատուկենտ են։ Հենց Սփյուռքի հարցերով հանձնակատարը կարող էր նախաձեռնել հակաճգնաժամային կառավարման խմբի ստեղծում՝ օգնելու համար նման հմտություններից ակնհայտորեն զուրկ կառավարությանը։ Բայց, դատելով ամենից, Զարեհ Սինանյանի մտքով անգամ դա չի անցնում։

Ժամանակին Սփյուռքի նախարարին քննադատում էին աշխատանքի «կոմերիտական» մեթոդների համար։ Բայց եկեք հիշենք, որ հենց այդ ժամանակ էին ստեղծվում հայ բժիշկների, իրավաբանների, տնտեսագետների, լրագրողների և այլ ասոցիացիաներ։ Այդ ակտիվիստները հույժ անհրաժեշտ կլինեին ներկա իրավիճակում, բայց նրանք չկան։ Մի տեսակ անհավատալի է թվում, թե Սինանյանի աշխատակազմը պահպանել է կապերն ու շփումները այդ մարդկանց հետ, որոնցից շատերը, նույնիսկ հաշվի առնելով կազմակերպությունների և համաժողովների որոշակի ձևականությունը, կկարողանային օգնել մեզ այսօր: Չէ՞ որ տարբեր ոլորտներում ասոցիացիաների ստեղծման և մասնագետ-հայրենակիցների հետ կապերի հաստատման իմաստն ու նպատակը նաև դա էր. ջանքերի միավորումը՝ բազմաթիվ խնդիրների լուծման գործում պատմական հայրենիքին օգնելու համար։

Զարեհ Սինանյանը այդ մասին գիտի՞։ Եթե գիտի, ապա ինչո՞ւ է անգործության մատնված։ Ինչո՞ւ Սփյուռքի հարցերով հանձնակատարը չի առաջարկում կառավարությանն ու պարետատանը մասնագետներ ներգրավել Սփյուռքից՝ անկախ Հայաստանի պատմության մեջ բարդագույն իրավիճակից ելք գտնելու համար: Չէ՞ որ խոսքը ծայրահեղ վտանգավոր մարտահրավերի մասին է, որի հաղթահարման համար անհրաժեշտ է հայ ժողովրդի ողջ ներուժի մոբիլիզացում։ Վարչապետն անձամբ է հրավիրել Սինանյանին և, ամենայն հավանականությամբ, կանսար նրա խորհուրդներին այն պայմաններում, երբ այդ կարգի համանման բազմաթիվ խորհուրդներ ուրիշներից լսել անգամ չի ցանկանում։

Բայց Զարեհ Սինանյանը չկա։ Բառացի իմաստով. հանրային տիրույթում նա չկա բոլոր այս 3 ամիսներին։ Հանձնակատարի վերջին հայտարարությունը խոստովանություն էր այն մասին, որ հանդիսավորությամբ ազդարարված զանգվածային հայրենադարձությունը, ինչպես պարզվեց, առասպել է, և Հայաստանը նման հնարավորություն չունի։ Թե այդ դեպքում որն էր նրա թանկարժեք ուղևորությունների նպատակը, մնում է միայն կռահել, բայց դա միանգամայն այլ հարց է։ Որտե՞ղ է հիմա Զարեհ Սինանյանը։ Հայաստանում է, թե՞թռել է իր Գլենդեյլ, ինչպես այն մյուս չվող պաշտոնյան, որը սլացավ Եվրոպայում ծննդաբերելու և ակնհայտորեն չի շտապում վերադառնալ, չնայած իր մեղքով փլուզվել է կարևորագույն ոլորտը։

Այս հարցի պատասխանը մեզ հայտնի չէ։ Վերոնշյալ պաշտոնյա տիկնոջ խորապատկերին պետք է նույնիսկ ուրախանալ Սինանյանի անգործությամբ։ Մնալով առանց ձրի ճամփորդությունների՝ նա հավանաբար կհիշեցներ ափ նետված ձուկ, որը զրկվել է իր սիրելի «խաղալիքից» և ակնհայտորեն չի հասկանում, թե ինչով զբաղվի ավիաթռիչքների արգելքի պայմաններում։

Զարեհ Սինանյանի անհետացումը տալիս է այն հարցի բոլոր պատասխանները, թե հատկապես ինչպես էր նա պատկերացնում իր աշխատանքը պատասխանատու պաշտոնում. հոլիվուդյան ժպիտով փայլել լուսարձակների շողերի տակ՝ հերթական ճամփորդությունից հետո։ Արտակարգ դրության ռեժիմը, բնականաբար, չէր մտնում Գլենդեյլի նախկին քաղաքապետի ծրագրերի մեջ, բայց նրա պարագայում էլ դարձավ նույնպիսի լակմուս, ինչպես իշխանության բազմաթիվ այլ ներկայացուցիչների և նրա, ինչպեսև մինչ այդ նախկինների կողմից կերակրվող «մտավորականների» համար։

Երևանում է Սինանյանը, թե Կալիֆոռնիայում, հարբերություն չկա, կասկածից վեր է միայն մեկ բան. նա կանոնավոր ստանում է իր պատկառելի աշխատավարձը, ժամանակ կարճելով այն սպասումների մեջ, երբ կարելի կլինի վերսկսել բացարձակ անօգուտ, ինչպես արդեն պարզ է բոլորին, բայց գանձարանի վրա շատ թանկ նստող ճանապարհորդությունները։