«ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄՆ Է ԱՊԱԶԳԱՅԻՆ ԵՎ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՑ»

«Ես առաջինն եմ առաջարկել հակաճգնաժամային խումբ ստեղծել»,-հայտարարեց նախորդ գումարման խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ։

-«Ընդդիմությունը սպասում է, որ կորոնավիրուսն աճի, որ ինքն էլ բարգավաճի», - բղավեց վարչապետը երկրի ամենաբարձր ամբիոնից: Բավական չէ, որ նա ստիպեց նախարարներին, ներառյալ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զոհրաբ Մնացականյանին, փողոցում դիմակներ բաժանել անցորդներին, դեռ մի բան էլ տեղեկանք պահանջեց այն մասին, թե քանի անգամ են ընդդիմադիր ուժերն այս ամիսներին դիմել բնակչությանը՝ հիգիենայի միջոցները պահպանելու կոչով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք կորոնավիրուսի հաշվին ընդդիմության «բարգավաճման» մասին հայտարարությունը:

-Մարտի 13-ին, երբ Հայաստանում արդեն կային վարակվածներ, բայց արտակարգ դրություն դեռ հայտարարված չէր, ես՝ որպես ՀՀԿ Գերագույն մարմնի անդամ, հրապարակային ուղերձով դիմեցի իմ գործընկերներին և կուսակցության համակիրներին՝ կոչ անելով մի կողմ դնել ներքաղաքական տարաձայնությունները և միավորվել պետության շուրջ, որպեսզի միասնաբար հաղթենք կորոնավիրուսի դեմ պատերազմում։ Մեկ օր անց ՀՀԿ գործադիր մարմինը, ՀՀԿ նախագահը՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը համախմբման կոչ արեցին։ Ուզում եմ շեշտել, որ այդ կոչով հանդես եկավ բնավ ոչ Նիկոլը, այլ ՀՀԿ-ն, «Լույս» հիմնադրամը, առանձին ընդդիմադիր գործիչներ, նախկին վարչապետներ Հրանտ Բագրատյանը, Խոսրով Հարությունյանը, կառավարության նախկին այլ անդամներ և հասարակական գործիչներ։ Նրանք կոչ արեցին հրաժարվել ներքաղաքական պայքարից և ներկայացրեցին ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու իրենց առաջարկները։

Ես առաջինն եմ առաջարկել հակաճգնաժամային խումբ ստեղծել նախկին վարչապետներից, որպեսզի ի հայտ գա այն հարթակը, որտեղ կկարողանան կարծիք հայտնել ճգնաժամային իրավիճակներում կառավարման փորձ ունեցող գործիչները։ Երբ մենք կոնսոլիդացման և համերաշխության կոչ էինք անում, Փաշինյանը զբաղված էր «սամասուդով», խորհրդարանով անցկացնում էր հեռախոսների գաղտնալսման մասին օրենքը, հարձակվում ՍԴ-ի վրա, մեղադրանքներ ներկայացնում Ծառուկյանին և քաղաքական մյուս ընդդիմախոսներին։ Իսկ հիմա մե՞նք ենք ամեն ինչում մեղավոր։ Թող Փաշինյանը նշի թեկուզ մեկ ելույթ, որտեղ համերաշխության կոչ է հնչեցրել…

«Արցախի հերոսներն այսօր պահանջված են…»

-Հունիսի 25-ին խորհրդարանի ամբիոնից Փաշինյանի ծայրահեղ նյարդային ելույթի պատճառ դարձավ նախօրեին երկրորդ և երրորդ նախագահների միջև տեղի ունեցած հանդիպման մասին լուրը: Դրա վերաբերյալ քիչ բան է հայտնի, բայց բուն այդ փաստը, մեղմ ասած, անջնջելի տպավորություն է գործել Փաշինյանի վրա, իսկ ավելի ճիշտ՝ հասցրել կատաղության վիճակի, ինչը նա չկարողացավ զսպել խորհրդարանի ամբիոնին։ Ի՞նչ կարող եք հավելել երկու նախագահների հանդիպման մասին արդեն հայտնի տեղեկություններին։

-Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդիպման առնչությամբ հանդես եկավ հայտարարությամբ, ավելին ասել չեմ կարող, թերևս միայն նշեմ, որ ՀՀԿ-ն Քոչարյանի ձերբակալության առաջին իսկ օրվանից պայքարել է նրա ազատության համար: Երկրորդ նախագահին մենք համարել ենք քաղաքական բանտարկյալ, այդ մասին խոսել ենք Եվրոպայում, հրապարակային բազմաթիվ ելույթներում ու լրատվամիջոցներում, հանրապետականները մասնակցել են Քոչարյանի աջակցության ակցիաներին դատարանի շենքի առջև և դատական նիստերի դահլիճում։ Ես կարծում եմ, որ Արցախի հերոսներն այսօր պահանջված են՝ ինչպես ոչ այլ ոք, այսօր նրանք պետք է ավարտին հասցնեն այն գործը, որ սկսել են 1988-ին։

- Փաշինյանը փնտրում է, թե ում վրա բարդի կորոնավիրուսի տարածման մեղքը: Հայաստանում մահանում է օրական 12-18 մարդ, վարակվածների թիվը շարունակում է աճել։ Փողոցային սոցհարցումների ընթացքում քաղաքացիները մեղադրում են վարչապետին ու կառավարությանը նրանում, որ կորոնավիրուսի տարածմանը ցուցաբերվող արձագանքն ուշացավ, որ իշխանությունը բաց թողեց այն պահը, երբ պետք էր տեղայնացնել վիրուսի տարածումը: Ընդդիմադիր հեռուստաալիքները հաճախ են կրկնում վարչապետի այն հայտարարությունների տեսագրությունները, թե «կորոնավիրուսն ո՞ւմ շունն է» «էդ կորոնավիրուսներին պինցետով հատ-հատ հանելու ենք ու տնական արաղով դեզինֆեկցիա անենք», կրկնում են կադրերը, որտեղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պնդում է, թե «դա այնքան էլ վտանգավոր վիրուս չէ» և «բժշկական դիմակները չեն փրկում վարակումից»: Ինչպե՞ս կբնութագրեք կորոնավիրուսի դեմ պայքարի ոլորտում տիրող իրավիճակը:

-Կառավարությունը ձախողում է ցուցաբերում բոլոր ուղղություններով։ Վարչապետը հայտնեց 71 հազար աշխատատեղերի փակման մասին։ Նա նկատի ունի գրանցված աշխատատեղերը. դրա տակ պետք է հասկանալ, որ կրճատվել է ևս 200 հազար չգրանցված աշխատատեղ։ Այդքան մարդ զրկվել է իր ընտանիքի օրվա հացը հոգալու հնարավորությունից։ Հայաստանը տարածաշրջանում բացարձակ ռեկորդակիր է բնակչության 1 մլն շնչի հաշվարկով մահերի և վարակվածների քանակով։ Ո՞վ է խանգարել Նիկոլին այս երկու տարվա ընթացքում միլիոնների ներդրումներ բերել, Հայաստանն ավելի ժողովրդավարական դարձնել, զգալիորեն բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը։ Չէ՞ որ ասում էր, թե ինքը կախարդական փայտիկ ունի…

«Քաղաքական դիակների մասին, որպես կանոն, չեն խոսում…»

-Կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի համար ընդդիմությունը հարկ չուներ հանդես գալ հիգիենայի նորմեր ու սոցիալական հեռավորություն պահպանելու կոչով, ընդդիմությունն արեց գլխավորը. հանդես եկավ ջանքերը միավորելու կոչով: Եթե Նիկոլը ինքնավստահության ավելցուկի մղումով չանտեսեր համախմբման կոչերը, եթե բացի իր ապաշնորհ նախարարից, գոնե մեկ անգամ անսար փորձառու կլինիկագետների կարծիքին, եթե լսեր ճգնաժամային իրավիճակներում աշխատանքի փորձ ունեցող վարչարարներին, ապա պատկերն այսօր այլ կլիներ։ Նիկոլը դա գիտակցում է, այդ պատճառով էլ մոլեգնում է կատաղությունից։ Ինչպե՞ս կմեկնաբանեք «քաղաքական դիակներ» պիտակը։

-Նա իսկապես գիտակցում է իր ապիկարությունը և՛ կորոնավիրուսի դեմ պայքարում, և՛ այն իրողությունների համատեքստում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Գագիկ Ծառուկյանը ազատության մեջ են։ Քաղաքական դիակների մասին, որպես կանոն, չեն խոսում, սակայն Նիկոլն արդեն ավելի քան 2 տարի խոսում է այն մարդկանց մասին, ում փորձում է կպցնել այդ պիտակը։ Ժամանակը ցույց կտա, թե ով ով է…

-Վերջին հարցազրույցներից մեկում դուք ասացիք, որ Փաշինյանից հետո Հայաստանում իշխանության եկողները կամիկաձեներ են լինելու. ի՞նչ նկատի ունեիք:

- Հանձն առնել այն ամենի վերականգնման պատասխանատվությունը, ինչ իշխանությունը քանդեց այս երկուսուկես տարում, կարող են միայն «ինքնասպանները». չէ՞ որ իրենք պետք է վերականգնեն փլուզված պետական համակարգերը, կարգավորեն արտաքին քաղաքական խզված կապերը, հաղթահարեն հասարակության մեջ տիրող պառակտումը... Այդ մարդը քանդել է ամեն ինչ՝ տեղը ոչինչ չկառուցելով, երկիրն արդեն փլատակների մեջ է:

«ՀՀԿ-ն կարող է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ»

-ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը հայտ են ներկայացրել լինելու ընդդիմության ճամբարում: Չե՞ք կարծում, որ սկզբի համար այդ ուժերը պետք է հանդես գան ինքնագնահատականով՝ այն առնչությամբ, որ երկու կուսակցությունները նպաստել են 2018-ի մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրվելուն և իրենց ներկայացուցիչներին գործուղել նրա կառավարություն, իսկ երրորդ կուսակցության առաջնորդը եղել է նրա թիմում։ Ինչպիսի՞ն է ՀՀԿ-ի դերն այս գործընթացներում, հատկապես քաղաքական դաշտը նախկինների և ներկաների բաժանելու միտման լույսի ներքո։

-Կարծում եմ, որ իրենց ներկայիս գործողություններով երկու կուսակցություններն ու երրորդի առաջնորդն արդեն տվել են իրենց անցյալի գնահատականը։ Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այն եղել և մնում է արտախորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, վերջին ընտրություններում մենք ստացել ենք 60 հազար ձայն։ Քաղաքական ուժերին նախկինների և ներկաների բաժանելը համարում եմ արհեստական։ Շատ ավելի իրական է բաժանումը ազգային և ապազգային ուժերի։ Իրական ջրբաժանը մեր օրերում անցնում է Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանողների և նրա վրա ցեխ շպրտողների, Արցախը պաշտպանողների և Ալիևին կառուցողական գործիչ համարողների, հայ ավանդական ընտանիքի արժեքները կրողների և ԼԳԲՏ համայնքի հակաարժեքներն արմատավորողների միջև:

-Ընդդիմադիր դաշտը բաժանված է մի քանի հատվածների։ Ըստ ձեզ, ովքե՞ր կարող են հավակնել առանցքային դերակատարման, և ո՞ւմ հետ ՀՀԿ-ն կարող է քաղաքական համագործակցություն հաստատել Հայաստանի ազատագրման համար պայքարում։

-Ազգային-պահպանողական բևեռը ներկայացնում են ՀՀԿ-ն, ՍԻՄ-ը, ՔԴՄ-ն, Ռեֆորմիստների կուսակցությունը և այլ ուժեր, որոնք միասնաբար են հանդես եկել և՛մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները, և՛ այսօր։ Խոսքը, ընդգծեմ, գաղափարական բևեռի մասին է։ Այսօր գլխավոր խնդիրը Հայաստանի ազատագրումն է ապազգային և հակապետական ռեժիմից։ Այդ պայքարում ՀՀԿ-ն կարող է համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ, որոնք ունեն ազգային օրակարգ։ Մենք բացառում ենք համագործակցությունը սորոսական ու այլևայլ գրանտակեր հանրության, ինչպես նաև ահաբեկիչների հետ…

Основная тема:
Теги: