ԳԱՆԳԱՄԱՇԿԵՐ՝ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՆ ՃԱԿԱՏԻՆ

Փաշինյանը, ինչպես հայտնի է, Շիվա աստվածը չէ, ձեռքերն ամեն ինչի համար չեն բավականացնում։ Վարչապետի համար գլխավորն այն է, որ բոլոր լծակներն ու ռեսուրսներն իր ձեռքում լինեն, իսկ պատասխանատվությունը ՝ հարևանությամբ։ Ամեն ինչ ինքնուրույն ղեկավարել ու վճռել, իսկ ձախողումների համար՝ ոլորել նախարարների վիզը։

Ուրվագծվեց իշխանությունը կորցնելու իրական հեռանկար. ուժային կառույցների ղեկավարներ կնշանակի անմնացորդ նվիրված և ամեն ինչի պատրաստ կատարողների։ Պետք է բաց թողնել գոլորշին, որպեսզի ինչ-որ կերպ հանգստացնի կատաղած քաղաքացիներին. երկու-երեք բարձրաստիճան պաշտոնյաների կնետի ժողովրդի եղանին։ Դա մեր փարավոնի համար առհասարակ խնդիր չէ։ Գլխավորը՝ ոչ մի դեպքում չընդունել սեփական մեղքը։

Սոցիոլոգներն օրերս հարցում անցկացրեցին հարյուր իննսուն երևանցիների հետ։ Հարցվողներին տրվում էր նույն հարցը. «Ինչո՞ւմ է մեղավոր վարչապետ Փաշինյանը»։ Հարցվողների քառասունյոթ տոկոսը պատասխանեց. «Ամեն ինչում»: Քսանչորս տոկոսը վարչապետին մեղադրեց կորոնավիրուսի համաճարակի տարածման մեջ։ Տասնինը տոկոսը Փաշինյանին համարում է օտարերկրյա հետախուզությունների գործակալ։ Հարցվողների յոթ տոկոսը փորձեց սոցիոլոգներից խլել խոսափողը, հինգը թքեցին սոցիոլոգների վրա, երեքը պարտքով փող խնդրեցին: Եվ վերջապես, Երևանի փողոցներում հանդիպածներից միայն մեկն էր, որ այն հարցին, թե ինչում է մեղավոր Փաշինյանը, պատասխանեց. «Ոչ մի բանում»։ Բայց իր ազգանունը խնդրեց չնշել: Սոցիոլոգները կատարեցին ձեր խնդրանքը, հարգելի Փաշինյան:

Այն մասին, թե ինչ նպատակներ էր հետապնդում վերջինս, պաշտոնանկ անելով ԱԱԾ տնօրենին, ոստիկանության և ԶՈՒ գլխավոր շտաբի պետերին, արդեն բավականաչափ խոսվել ու գրվել է։ Մասամբ դա բացատրվում է իր ցանկացած հրամանն անվերապահորեն կատարել չշտապողներին ցուցադրաբար պատժելու ցանկությամբ։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես Փաշինյանը մեֆիստոֆելյան ժպիտով օրերս հայտարարեց. «Չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ պետական բարձրաստիճան պաշտոնյայի գործողությունները հակասեն վարչապետի ասածի տեքստին ու կոնտեքստին և դրան չհետևի կոնկրետ գործողություն»:

Հուսով եմ, ամեն ինչ հասկանալի՞է։ Նախկինում Փաշինյանն ինչ-որ բան էր խոսում կոլեկտիվ քննարկումների արդյունքում որոշումների ընդունման, ներթիմային ժողովրդավարության, բանավեճերի օգտակարության մասին և այլն: Բայց հետո, հոգևոր էվոլյուցիայի ընթացքում հրաժարվեց նախկին մոլորություններից։ Այսուհետ՝ միայն անառարկելի հնազանդություն։ Չենթարկվողներին անխուսափելի պատիժ է սպասում։

Ի դեպ, իրավագիտությունը պատժի մասին ուսմունքում առանձնացնում է դրա այնպիսի նպատակներ, ինչպիսիք են ընդհանուր և մասնավոր նախազգուշացումը: Մասնավոր նախազգուշացումն ուղղված է նրան, որ պատժելի արարք գործած անձը չկրկնի դա։ Ընդհանուր նախազգուշացումը միտված է նրան, որ մյուս բոլոր մարդիկ էլ տեսնեն, որ որոշակի կարգի գործողությունները պատժվում են, և մնացյալ բոլորին դա խրատ լինի։ Փաշինյանին, ինչպես տեսնում ենք, ավելի շատ դուր է գալիս ընդհանուր նախազգուշացումը։

Բայց մեղանչողներին պատժելու, ցույց տալու ցանկությունը, թե ով է տանտերը, իհարկե, ուժայինների հրաժարականների հիմնական պատճառը չէ։ Գլխավորը՝ այդ պաշտոններում նշանակել նվիրյալների, որոնք պատրաստ են անխոս կատարել ցանկացած հրաման, ցանկացած բռնաճնշում կիրառել նրանց նկատմամբ, ում մատնացույց կանի Փաշինյանը, ուժով ցրել փողոց դուրս եկած բողոքող հպարտ քաղաքացիներին։

Այս առումով առանցքային դերը կպատկանի ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանին, որն անմիջապես սկսեց եռանդագին «աշխատել»։ Մասնավորապես, ինչպես հաղորդում է armlur.am-ը, «Երևան-Կենտրոն» աստվածահաճո հաստատությունում, որը մեր համաքաղաքացիներին առավել հայտնի է որպես «ԿԳԲ-ի նկուղներ», շտապ կարգով իրականացվում են «բեռնաթափման» գործողություններ: Ձերբակալությունների ալիք է սպասվում, և պետք է ազատել տարածքները «ժողովրդի թշնամիների» համար։

Իսկ ինչ վերաբերում է կառավարության «ոչ ուժային մասնահատվածին», ապա իրավիճակն այստեղ փոքր-ինչ այլ է։ Հրաժարականները Փաշինյանին անհրաժեշտ են հետևյալ պատճառներով։ Նախ, որպեսզի ուրիշների վրա բարդի ակնհայտ ձախողումների, մասնավորապես՝ կորոնավիրուսի դեմ պայքարում կրած պարտության մեղքը: Երկրորդ, ազատվելով այն կերպարներից, որոնց լոկ տեսքն արդեն իսկ ալերգիա է առաջացնում հասարակության մոտ, կարելի է գոնե մի փոքր բարձրացնել անպարկեշտության աստիճան ընկած սեփական վարկանիշը: Այնպես որ առաջին ծիծեռնակը՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը, իհարկե, բնավ վերջին ծիծեռնակը չի լինելու։

Ընդ որում, դատելով ամենից, հիմնական իրադարձությունները կծավալվեն արդեն հունիս-հուլիսին, և հպարտ քաղաքացիները սաստիկ հուզվելու բազմաթիվ առիթներ կունենան։ Չէ, իսկապես. վաղ առավոտյան կմտնի հպարտ քաղաքացին համացանց՝ տեսնելու, թե ինչ է կատարվում աշխարհում, իմանալու լուրերը կորոնավիրուսի համավարակի մասին: Եվ հանկարծ՝ ա՛ռը, հա։ Ուղիղ եթեր է մտնում Փաշինյանն ու հայտարարում նոր պաշտոնանկությունների մասին։ Այն էլ ինչպիսի՜։ Այնպիսի մարդկանց են դուրս շպրտել, առանց որոնց մեր կյանքն արդեն չե՛նք պատկերացնում։ Ախր ո՞նց կլինի այդպես։ Եթե նման կադրերին շռայլենք, ձեռնունայն կմնանք։ Ընդհանրապես կադրերը, ինչպես հայտնի է, վճռում են ամեն ինչ։ Եվ լավագույն մարդկանց մասին հոգալը իշխանության անմիջական պարտքն է։

Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ առաջինը թռցնելու են փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գլուխը. Փաշինյանի հետ նրա տարաձայնությունների ու լարված հարաբերությունների մասին վաղուց է խոսվում։ Վերջինս, ի դեպ, ձեռքերը ծալած չի նստել և շարունակում է ձևավորել սեփական թիմը, որը բաղկացած է ինչպես գործադիր իշխանության ներկայացուցիչներից, այնպես էլ «Իմ քայլի» պատգամավորներից։ Ասում են, Ավինյանի պաշտոնին հավակնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, որի վարկանիշն ամենացածրերից մեկն է կառավարության անդամների շրջանում։ Իսկ վերջինիս պաշտոնին, իրենց հերթին, հավակնում են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը (որը ժամանակին փլուզեց Սփյուռքի նախարարությունը) և Հովհաննես Հովհաննիսյանը։

Իր պաշտոնից կթռնի նաեվ Տեր-Պետրոսյանի կադրը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը հիմնավորապես ձախողեց պայքարը կորոնավիրուսի համավարակի դեմ, առողջապահության համակարգից թողեց լոկ ավերակներ և, ըստ լուրերի, ներգրավված է մի շարք ֆինանսական մեքենայություններում։

Դրանից հետո, խորը ճգնաժամի մեջ երկրի թաղվելուն զուգընթաց, կթռչեն ֆինանսատնտեսական և սոցիալական մասնահատվածների պատասխանատուների գլուխները, և Կառավարության տան ճակատը կզարդարվի նոր գանգամաշկերով։ Նախարարներից ոմանք արդեն ֆլոմաստերներ են գնել և ամեն առավոտ հայելու առաջ, քթի տակ ինչ-որ բան երգելով, փիլիսոփայաբար կետագծեր են քաշում իրենց պարանոցներին: Մերթ ավելի բարձր, մերթ ցածր: Հոգեբանորեն նախապատրաստվում են գլխատվելուն։

Ի դեպ, վերջին ժամանակներս ակտիվացել են նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրաժարականի մասին խոսակցությունները։ Բայց դա առանձին թեմա է։ Զենքի ապօրինի առևտրի հետ կապված պատմությունից հետո, որի մասին, բնականաբար, չէր կարող չիմանալ նախարարը, նա, կարծում ենք, արժանի է առանձին անցքի՝ կա՛մ սրտին, կա՛մ ուսադիրներին (կախված սպայական պատվի մասին պատկերացումներից)։

Ո՞ւմ կնշանակի Փաշինյանը պաշտոնանկ արվածների տեղում։ Իսկ ի՞նչ տարբերություն։ Նրա համար ամենակարևորն իր իշխանությունն ամեն գնով պահպանելն է։ Իսկ թե ով և ինչ կփլուզի ու կձախողի, ի՞նչ նշանակություն ունի։ Թե կուզեք իմանալ, ինչքան ավելի վատը լինի նորանշանակ պաշտոնյան, այնքան լավ։

Երբ ոմն մեկը կշտամբեց Դիոնիսիոսին, որ կարևոր պաշտոն է տվել բոլոր քաղաքացիների կողմից արհամարհված մի մարդու, նա պատասխանեց. «Ես ուզում էի, որ Սիրակուզայում լինի մեկը, որին ավելի շատ կանիծեն, քան ինձ»: