«ԱՄԵՐԻԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՄՁ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ

«Ամերիա» ՓԲԸ-ն իրականացրել է Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտի վերաբերյալ ծավալուն հետազոտություն, որը հնարավորություն է տալիս արդյունավետ գնահատելու ոլորտի ներկա վիճակը, սպասումներն ու զարգացման հեռանկարները:

Ամերաբանկում նշել են, որ աշխատանքը կատարվել է 2019թ. տեղեկատվության հիման վրա և բացառիկ է՝ ընդգրկուն նկարագրով, ոլորտի վերաբերյալ կանխատեսումներով, ինչպես նաև փորձագիտական գնահատումներով:

Հետազոտության համար դիտարկվել են հանրապետության առավել խոշոր 5 քաղաքներում՝ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում և Էջմիածնում գործունեություն իրականացնող 729 ՓՄՁ-ներ, որոնց 93,8%-ը գերփոքր է, 5,1%-ը` փոքր, իսկ մոտ 1%-ը՝ միջին (դասակարգումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

«Ընդհանուր առմամբ, 2018-ի համեմատ, 2019-ին փոքր և միջին չափի ընկերությունները ձեռնարկատիրական մթնոլորտի և սեփական տնտեսական վիճակի ոչ զգալի, բայց դրական փոփոխություն են արձանագրվել: Ըստ ոլորտների՝ էական բարելավում է նկատվել անշարժ գույքի ոլորտում գործող ընկերությունների մոտ, ինչը կարելի է բացատրել անշարժ գույքի գների նկատվող աճով: Նույն ժամանակահատվածում առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող ՓՄՁ-ները արձանագրել են զգալի վատթարացում: Ավելի մեծ դժգոհություն առկա է հիմնականում ներմուծմամբ զբաղվող ՓՄՁ-ների մոտ, իսկ արտահանողների մոտ արձանագրվել է բարելավում:

Հաշվի առնելով ՓՄՁ ոլորտի զարգացման համար ֆինանսական միջոցների մատչելիության կարևորագույն խնդիրը՝ առանձնակի ուշադրություն է դարձվել ՓՄՁ համագործակցությանը բանկերի հետ: Դիտարկված ՓՄՁ-ների 86%-ը նշել է, որ վերջին 3 տարում համագործակցել է բանկերի հետ, այսինքն՝ օգտվել է որևէ ծառայությունից, ինչը դրական է անդրադարձել նրանց գործունեության վրա: ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելիս` ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է, որակը, սակագները, անձնակազմի պրոֆեսիոնալիզմը և այլն:

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից կատարված նմանատիպ վերջին հետազոտության համեմատ (2012թ.) ՓՄՁ-ները կատարում են ավելի շատ կարճաժամկետ ներդրումներ, ինչպիսիք են, օրինակ, պաշարները (working capital), վերանորոգում և այլն, և համեմատաբար քիչ են երկարաժամկետ ներդրումները, օրինակ` ոչ նյութական ակտիվները, կամ շենք-շինությունները:

Կարևորելով ֆինանսական ոլորտում նորարար և թվային տեխնոլոգիաների կիրառումը, «Ամերիա» ՓԲԸ-ի հետազոտությունը ներառում է նաև հեռահար ծառայությունների պահանջարկի ուսումնասիրությունը: Պարզվել է, որ միջինում 10 ձեռնարկությունից 6-ը նախընտրում է զարգացած մասնաճյուղերի ցանցը, իսկ 4-ը` հեռահար բանկինգը, ընդ որում, որքան մեծ է ՓՄՁ-ն, այնքան ավելի է կարևորվում հեռահար բանկինգի առկայությունը»,- ասված է հաղորդագրությունում:

«Ամերիա» ՓԲԸ-ի կողմից ՓՄՁ ոլորտի համապարփակ հետազոտությունն իրականացվում է արդեն երկրորդ անգամ. առաջինն իրականացվել է 2013-ին: Աշխատանքները հիմնված են ինչպես երկրորդային (առկա հրապարակումներ և տեղեկատվություն), այնպես էլ առաջնային տվյալների՝ «Ամերիա» ՓԲԸ կողմից նախաձեռնած ՓՄՁ ոլորտի հետազոտության արդյունքների վրա:

Առանձնակի ուշադրություն է դարձվել նաև այլ երկրներում նույն ոլորտի զարգացումների հետ համադիրներին:

Основная тема:
Теги: