«Երևան մոլ»-ի ֆուդկորտում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

Փրկարար ծառայություններն իրենց աշխատանքն ավարտեցին, «Երևան մոլ»-ի տարածքում ոչինչ չի հայտնաբերվել, կեղծ ահազանգ է եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Երևան մոլ»-ի տարածքում գործողություններ իրականացնող ԱԻՆ աշխատակիցը:

«Նման դեպքերում ոստիկանությունն ու ԱԻՆ-ը իրականացնում են սակրավորների ծառայություն, կինոլոգների ծառայություն, այդ բոլորն իրականացվել է: Հիմա կանենք լրացուցիչ ախտահանում, որից հետո կբացենք դռները մարդկանց առջև»,-ասաց նա՝ հավելելով, որ ահազանգի հեղինակին պարզելն արդեն ոստիկանների գործն է:

Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ ԱԻՆ-ում, հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։