ԲԱՆՏԵՐԸ ԲՈԼՈՐԻՆ ՉԵՆ ՀԵՐԻՔԻ. ՆԻԿՈԼԸ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՃԱՄԲԱ՞Ր Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

Այս կրկեսն արդեն տեսել ենք

«Հայաստան» հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանին կրկին կալանավորելն ունի հստակ արտահայտված քաղաքական աստառ, ինչի մասին այս օրերին խոսեցին շատերը։

«Իշխանությունը անցել է ռեպրեսիաների կիրառման՝ ընդդիմախոսների լռեցում, հարձակում չորրորդ իշխանության վրա։ Գրեթե վստահ եմ` Արա Վարդանյանին ձերբակալել են, քանի որ միացել էր Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու պահանջով ձևավորված գործիչներին։

Սա ցուցիչ է Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին, որ այլակարծությունը ու քննադատությունը ուղեկցվելու է ազատազրկումներով։ Սա դասական բոլշևիզի տանող ճանապարհ է»,- հայտարարցեց «Քաղաքացիական հարթակ» նախաձեռնության ղեկավար Աղվան ՊՈՂՈՍՅԱՆԸ։

«Իշխանությունը զարմանքով պարզեց, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն վախենում ոչ միայն Նիկոլից, այլև ձերբակալություններից»,-Վարդանյանի կալանավորման առիթով հայտարարեց քաղաքագետ Աղասի ԵՆՈՔՅԱՆԸ, մատնանշելով, որ նախկին բարձրաստիճան անձանց աղմկոտ ձերբակալություններն արդեն «անգրագետ պողոսների» հիացական արձագանքը չեն առաջացնում, այդ կրկեսը նրանք արդեն տեսել են։

«Անգրագետ պողոսներ», հիշեցնեմ, իշխանության ներկայացուցիչները որոշ ժամանակից ի վեր կոչում են «հաղթանակած հեղափոխության երկրի հպարտ քաղաքացիներին», այսինքն ժողովրդին։ Քաղաքագետի խոսքերով, մարդիկ միացել էին հեղափոխությանը, որպեսզի իրենց կյանքը բարելավվեր, արդյունքում իշխանության բոլոր ջանքերը հանգեցին երկու փորձերի. կալանքի տակ պահել երկրորդ նախագահին և պաշտոնանկ անել Սահմանադրական դատարանի նախագահին, ընդ որում երկրորդ փորձը պայմանավորված է առաջինով։ Քաղաքագետը նաև կարծիք արտահայտեց, որ դատելով բռնաճնշումների ծավալից, շուտով բանտերը բոլորին չեն հերիքի, և Նիկոլը ստիպված կլինի համակենտրոնացման ճամբար կառուցել։

Հանուն ինչի՞ հեղափոխություն արեցին

Երկրում նպատակաուղղված արմատավորվում է ամենաթողության և կամայականության մթնոլորտ։ Նրանց, ովքեր սպասարկում են Նիկոլի շահերը, ամեն ինչ կարելի է։ Մարդիկ կարդում են հարյուր հազարավոր դոլարների մասին, որոնք վարչապետը ծախսել է դեպի ԱՄՆ ուղևորության վրա, միլիոնների մասին, որոնք հատկացվել են առանձնատունը վերանորոգելուն և տնեցիների համար էլիտար կահույք գնելուն։

Ակտիվորեն լուրեր են շրջում, որ վարչապետն ու իր կինը հաշվեհամարներ ունեն արտասահմանյան բանկերում։ Մարդիկ տեսնում են, թե ինչպես է հագնվում վարչապետի տիկինը, իսկ բառացիորեն օրերս ժողովրդին ներկայացրեցին Նիկոլի զրահապատ «Մերսեդեսը», որը, ըստ որոշ տվյալների, արժե 700-ից մինչև 800 հազար եվրո։ Ա՛յ թե ինչի համար են հեղափոխություն արել «անգրագետ պողոսները»…

Մարդիկ տեսնում են նաև, թե ինչպես են կառավարության շենքի մոտ գալիս զոհված զինվորների մայրերը։ Կանայք արդեն երկար ժամանակ հարց են տալիս Նիկոլին. եթե նրա կառավարությունն ուներ 30 միլիոնական դրամ 2008թ. մարտի 1-ին զոհվածներից յուրաքանչյուրի հարազատների համար, ապա ինչո՞ւ փող չունի այն զինվորների մայրերի համար, որոնք զոհվել են իրենց պարտքը կատարելիս։

Սևազգեստ կանանց մինչև հոգու խորքը վիրավորել էր այն, որ Փաշինյանը փողոցային անկարգությունների ընթացքում զոհվածների հարազատներին հրավիրեց Գյումրի՝ տոնելու անկախության տարեդարձը, մինչդեռ անկախության համար իրենց կյանքը զոհած զինվորների մայրերին վարչապետը քամահրեց։ Տեղեկությունների վերջին արտահոսքից հայտնի դարձավ, որ կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ակցիաները, որոնք մշտապես գտնվում են ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում և ուղիղ եթեր հեռարձակվում, սաստիկ նյարդայնացնում են վարչապետին։ Ակցիաների մասնակիցները հեռուստախցիկների առջև խոսում են այն խնդիրների մասին, որոնք կառավարությունն իր անձեռնհասության պատճառով չի կարողանում լուծել, ինչն արդունքում բացասական վերաբերմունք է ձևավորում նախարարների և վարչապետի հանդեպ, այդ իսկ պատճառով Փաշինյանը որոշել է համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի կրճատի այդ ակցիաների թիվը։

Վարչապետի մերձավոր աղբյուրներից մեզ հաջողվեց իմանալ, որ ԱՄՆ մեկնելուց առաջ Փաշինյանն իր զինակիցներին հրամայել է այնպես անել, որ կառավարության շենքի մոտի ակցիաները դադարեն, թե չէ՝ ով չի ալարում, գալիս ու պահանջում է, որ ինքն ընդունի և անձամբ զբաղվի նրանց խնդիրներով։ Ասվեց և արվե՛ց։

Ուշադրություն, սադրիչնե՛ր են

Հերթական ակցիայի ընթացքում, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին, զոհված զինծառայողների մայրերի մոտ ուղարկեցին սադրիչի։ Հեռուստախցիկների նշանառության տակ Մայրերի խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին մոտեցավ մի կին, որը սկսեց բարձրաձայն խոսել այն մասին, թե զոհվածների մայրերը վերածվել են մուրացիկների և պետք է հանգիստ թողնեն երիտասարդ վարչապետին։

Եթե վարչապետը հարյուր հազարավոր դոլարներ է ծախսում ԱՄՆ կատարած բացարձակ անօգուտ այցի վրա, ապա ինչո՞ւ չի կարող օգնել զոհվածների մայրերին։ Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած դրվագը և հարձակումը «Հայելի» ակումբի գրասենյակի վրա միայն հաստատում են խոսակցություններն այն մասին, որ իշխանությունները պահում են ոչ միայն մոտ 15 հազար «ֆեյքեր», այլև փողոցային սադրիչների վճարովի բանակ։ Նրանց կարելի է ուղարկել Նիկոլին ընդդիմադիր պարբերականների խմբագրություններ, բողոքի ակցիաների անցկացման վայրեր։ Այլ կերպ ասած, բացի «ֆեյքերից», իշխանությունը գնաց փողոցային մասնահատվածի ակտիվացման ճանապարհով, որն իր դերը խաղաց իշխանափոխությանը նախորդած շրջանում։ Այսօր այդ հանրությունը պետք է խաղա «վրդովված հասարակայնության» դերը, որը կդիմակայի նրանց, ովքեր բացեիբաց քննադատում են վարչապետին։

Ակնհայտ է, որ այսօր Սահմանադրական շենքի մոտ գալու և Հրայր Թովմասյանի հրաժարականը պահանջելու վարչապետի կոչին շատ ավելի քիչ մարդիկ կարձագանքեն, քան 2018թ. հոկտեմբերի 2-ին, երբ հազարավոր մարդիկ եկան խորհրդարանի շենքի մոտ և դարձան օրենսդիր իշխանության վրա Փաշինյանի գործած ճնշման մեղսակիցներ։ Նիկոլը չի պատրաստվում հաշտվել նոր իրականության հետ և անհրաժեշտության դեպքում կցանկանար փողոցում տեսնել նրանց, ովքեր «համաժողովրդական աջակցության» երևութականություն կստեղծեն։ Այսօր այդ դերը կարող է կատարել միայն լավ վճարվող ֆեյք-զանգվածը։

Ցանկացած փողոցային ակցիա այսուհետ ապահովագրված չէ վարչապետի կողմնակիցների «տարերային» միջամտությունից։ Բողոքի ակցիաների մասնակիցների մանր բախումները Նիկոլի կողմնակիցների հետ, ինչպիսին հոկտեմբերի 10-ինն էր, վտանգավոր միտում ունեն վերաճելու քաղաքացիական դիմակայության։ Իշխանությունը վաղուց բաժանել է հասարակությանը սևերի և սպիտակների, այսօր նա ներշնչում է «անգրագետ պողոսներին», թե հեղափոխության ու դրա առաջնորդի գլխավերևում վտանգ է կախվել և նրանք պարտավոր են ելնել դրա նվաճումները պաշտպանելու։ Եվ քանի որ «պողոսների» մի մասն արդեն սթափվել է և չի հավատում Նիկոլին, իշխանությունը գործի դրեց հապշտապ վարժեցրած սադրիչներին։ Առաջին փորձը ձախողվեց, ԶԼՄ-ներն իսկույն աղմուկ բարձրացրեցին ուղարկված սադրիչ կնոջ առիթով, որից հետո վարչապետը ստիպված եղավ խոստանալ զոհված զինվորների մայրերին, որ մոտակա օրերին կհանդիպի նրանց հետ։

Վարչապետը կորցրել է փողոցային ռեսուրսը, հերթը ֆեյք-զանգվածինն է

Աշխարհում ամենից շատ Նիկոլը վախենում է տեղային բողոքի ակցիաների վերաճումից զանգվածային ցույցերի։ Այսօր ցանկացած զանգվածային ելույթ կարող է ավարտվել վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Որոշ վերլուծաբանների կարծիքով, երկրում աստիճաբար ձևավորվում է մի իրավիճակ, որի պարագայում վարչապետի հրաժարականի պահանջով ցանկացած զանգվածային շարժում կարող է պսակվել հաջողությամբ։ Խնդիրը առաջնորդի ի հայտ գալն է։ Գործող քաղաքական գործիչների միջավայրում դիտորդները չեն տեսնում մեկին, ով կկարողանար գլխավորել բողոքի զանգվածային ակցիաները, ասենք, Ամուլսարի հանքավայրի շահագործման և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ, որպեսզի հետո դրանք հասցներ բարձրակետին։ Այդ կապակցությամբ ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, որ նման շարժումը կարող էր գլխավորել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հենց այդ պատճառով էլ Նիկոլն ամեն ինչ անում է նրան կալանքի տակ պահելու համար։

Աշխարհում ամենից շատ Նիկոլը վախենում է, որ փողոցային ելույթները կվերաճեն քաղաքական ակցիաների՝ իր հրաժարականի պահանջով։ Նման հեռանկարն ակնհայտ է ինչպես Ամուլսարի շահագործման դեմ պայքարի, այնպես էլ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու խորհրդարանի փորձի դեպքում։ Վերջին ժամանակներս իշխանությունը բացահայտ հասկացնել է տալիս, որ ցանկացած զանգվածային դիմադրության դեպքում գործի կդնի իր «համախոհների» ջոկատները, ինչպես դա եղավ Շենգավիթի դատարանի շենքի մոտ։

Դատարանի բակում երկրորդ նախագահի հասցեին վիրավորական կարգախոսներ գոռացողների մեծամասնությունը իշխանության կողմից վարձված մարդիկ էին։ Նրանց մեջ էին լևոնական ԲՏՌ-ուհիների երկրորդ սերունդը, նրանք դատարանի մոտ հայտնվեցին Լևոն Զուրաբյանի և Արամ Մանուկյանի հետ միաժամանակ։ Ըստ մեր ունեցած տեղեկությունների, իշխանությունն անում է ամեն ինչ, որպեսզի վարչապետի կողմնակիցները ՝ՀԱԿ-ից, Սորոսի հիմնադամից և «Սասնա ծռեր» կուսակցությունից, «վերահսկեն» բողոքի զանգվածային ակցիաները։ Այդ «գործիչները» պարտավոր են հակակշիռ ապահովել, այսինքն անհրաժեշտության դեպքում փողոց դուրս բերել իրենց ջոկատները։ Այդ ջոկատները կձևացնեն զանգվածների կամարտահայտություն, որոնք կանգնած են իշխանության շահերի պաշտպանության գծում։

Փաշինյանը կորցրել է փողոցային ռեսուրսը և արդեն գործում է՝ հենվելով մարգինալների վրա, նրանց կարգի, ովքեր հարձակվեցին «Հայելի» ակումբի վրա, բայց միայն մարգինալները բավական չեն, վարչապետին հարկավոր է ֆեյք-հոծախումբ

Իշխանությունը գնում է նրանց վախեցնելու ուղիով, ովքեր իր քաղաքականությունը քննադատում են ոչ թե միայնակ, այլ հենվելով զանգվածների վրա։ Թեպետ, ինչպես արդեն նշվեց խոսակցության սկզբում, մարդիկ դադարել են վախենալ ձերբակալություններից, իսկ դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահանջով բազմահազարանոց ակցիաների սկիզբը սարերի հետևում չէ, այդ ակցիաները կարող են սկսվել ցանկացած պահի։ Իշխանությունը նախապատրաստվում է դրանց, Փաշինյանը ողջ ուժով կպայքարի աթոռի համար, փորձելով այնտեղ նստած մնալ նույնիսկ քաղաքացիական բախումների հրահրման գնով։

Ֆորս-մաժորային իրավիճակներում նա միշտ կարող է մեղքը գցել «Սասնա ծռերի», Տեր-Պետրոսյանի շրջապատի և «Սորոսի տղաների» վրա։

Основная тема:
Теги: