ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

«Բարգավաճ Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցությունների ներկայացրած հաղորդումը Գլխավոր դատախազությունից ուղարկվել է ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ (հանցագործությունների մասին հաղորդումների քննարկման կարգը և քննարկման արդյունքում ընդունվող որոշումները) հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու նպատակով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հունիսի 30-ին երեք կուսակցությունները հանցագործության մասին հաղորդում ներկայացրին ՀՀ գլխավոր դատախազություն` «իշխանության յուրացման և սահմանադրական կարգի տապալման դեպքերի առթիվ»։ Դատախազության առջև լրագրողների հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը հայտնեց, որ դիմումի բովանդակությունը վերաբերում է շուրջ 2 տարիների ընթացքում իշխանության կողմից ՍԴ լիազորությունների յուրացմանն ու այս ընթացքում իրականացման ամբողջ ընթացքին։ Նրա խոսքով` այս ամենին եկավ ու գումարվեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը։