Արամ ՎԱՐԴԵՎԱՆՅԱՆ. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԷ, ՈՐ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ ՍԴ ԴԱՏԱՎՈՐԸ ՆԱԽԿԻ՞Ն Է, ԹԵ՞ ՈՉ

Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման գործառույթը ևս վերապահված է Սահմանադրական դատարանի համապատասխան փաստաթղթերով՝ անհատական բնույթի. այսպես եղել է միշտ, հետևաբար, ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի դեմ արված գործողությունները երբևէ չեն կարող լինել իրավաչափ։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանը։

Նշենք, որ այսօր Հրանտ Նազարյանը ցանկացել է մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք, սակայն նրան ոստիկանները թույլ չեն տվել: Այնուհետև Ոստիկանությունը տարածել է պարզաբանում, թե Սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու ՍԴ վարչական շենք։

«Հրանտ Նազարյանի հետ կապված իրավիճակն ուղղակի աբսուրդային է։ Ոստիկանություն չէ, որ պետք է որոշի՝ ՍԴ դատավորը նախկի՞ն է, թե՞ ոչ։ Դրա հասցեատերը հենց Սահմանադրական դատարանն է։ Ոստիկանությունը երբևէ չի ունեցել սահմանադրական նորմերը վերջնական մեկնաբանելու լիազորություն և չի էլ կարող ունենալ, դա բացառապես Սահմանադրական դատարանի լիազորությունն է։ Ավելին, Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարած չլինելու մասին, ըստ էության, ասված էր նաև Աշոտ Խաչատրյանի պարզաբանման մեջ։ Մինչև չլինեն օրենսդրական փոփոխությունները, մինչև չլինեն անհատական ակտերը, դատավորները շարունակում են պաշտոնավարել, այդ թվում՝ ՍԴ նախագահը։ Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունների դադարեցման գործառույթը ևս վերապահված է Սահմանադրական դատարանի համապատասխան փաստաթղթերով՝ անհատական բնույթի. այսպես եղել է միշտ, կարող ենք նայել Կիմ Բալայանի, թե այլ դատավորների լիազորությունների դադարեցման վերաբերյալ փաստաթղթերը։ Հետևաբար, Հրանտ Նազարյանի դեմ արված այդ գործողությունները երբևէ չեն կարող լինել իրավաչափ»,- ասաց Վարդևանյանը։

Նա նշեց, եթե Ոստիկանությունը նման պարզաբանում է տարածել, ապա հուլիսի 7-ին Սահմանադրական դատարանի օրակարգում կա հարց, որը վերաբերում է Աշխաբադում կնքված միջազգային պայմանագրի սահմանադրականության համապատասխանության հարցին, թող Ոստիկանությունը նաև այսօր դրա վերաբերյալ պարզաբանում հայտնի։

«Ես երբևէ չէի պատկերացնում, որ ականատես կլինենք Ոստիկանության նման պարզաբանմանը կամ նման գործողությունների»,- ասաց նա։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ նման իրավիճակում Սահմանադրական դատարանը երբևէ չի հայտնվել. «Ես ինքս չեմ կարող կանխատեսել, որովհետև նման իրավիճակ 1996 թվականից ձևավորված Սահմանադրական դատարանում չի եղել։ Ենթադրենք, այսօր Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ պետք է տեղի ունենար, և, ենթադրենք, Հրանտ Նազարյանի մասնակցության դեպքում ապահովում էր քվորում, ստացվում է, որ Ոստիկանությունը խոչընդոտեց, որ Սահմանադրական դատարանը քվորում ունենա։ Քանի դեռ Սահմանադրական դատարանի մասին օրենքում փոփոխություններն ուժի մեջ չեն մտել, Հանրապետության նախագահն էլ հայտարարեց, որ չի ստորագրել, այս իրավիճակում մենք ունենք այս խնդիրը»։

Սահմանադրագետը շեշտեց, որ Սահմանադրական դատարանում հիմա սահամանադրական ճգնաժամ է. «Ցավալիորեն պետք է նշեմ, որ առնվազն պետք է գործողություններ ձեռնարկվեն ճգնաժամը կանխելու համար, բայց ճիշտ հակառակն է տեղի ունենում»։

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով 300.1 հոդվածի սահմանադրականության հարցի վերաբերյալ Փաստաբանական թիմի կողմից դիմումների հետ վերցնելու միջնորդության քննությանը՝ փաստաբանը նշեց, որ Սահմանադրական դատարանը պետք է աշխատակարգային որոշում կայացներ, բայց կրկին քվորումի բացակայության պատճառով դա չի քննվել։

Արամ Վարդևանյանն անդրադարձավ ԱԺ ներկայացուցչի միջնորդությանը, որով նա խնդրել է Սահմանադրական դատարանին՝ հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը.

«ԱԺ ներկայացուցչի միջնորդությունն ակնհայտ անհիմն է։ Հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ հունիսի 22-ին չեն ներկայացնում այդ միջնորդությունը, հունիսի 22-ից գիտեին, որ ամսի 7-ին նշանակված է դատաքննությունը։ Միջնորդության քննության հետ կապված էլ խնդիր կա։ Հիմնավոր միջնորդություն ներկայացնելու տրամաբանության հետ առնչություն չունի։ Ավելին, Սահմանադրական դատարանի մասին օրենքը նման գործիքակազմ չի ենթադրում դատավարության կողմերի համար»։

News.am