«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին

Վերջին երեք օրվա ընթացքում ադրբեջանցի հաքերները համացանց են ներբեռնել Հայաստանի մի քանի հարյուր քաղաքացիների, այդ թվում նաև զինվորականների անձնագրային տվյալները, նաև զորամասերի վերաբերյալ փաստաթղթեր։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց մեդիափորձագետ, տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով հիվանդ մարդկանց տվյալները 6 անգամ հայտնվել են համացանցում։

«Մի քանի հարյուր անձնագիր ու մի քանի փաստաթուղթ։ Սակայն դեռ հայտնի չէ՝ ինչ ծավալի տեղեկություն ունեն հաքերներն իրենց մոտ։ Հնարավոր է` շատ ավելի շատ, ու տվյալները «չափաբաժիններով» են համացանց ներբեռնում», - ասաց Մարտիրոսյանը։

Փորձագետի գնահատմամբ՝ այս ամենը չափազանց վտանգավոր է դառնում, քանի որ փաստաթղթերի շարքում նաև տեղեկություն կա զորամասում մեքենաների քանակի վերաբերյալ, բացի այդ խաբեբաները կարող են օգտագործել անձնագրային տվյալները վարկեր ձևակերպելու համար։

Մարտիրոսյանը կարծում է, որ մարդկանց մասին տեղեկությունը հաքերները հիմնականում ստանում են էլեկտրոնային փոստի միջոցով` օգտվելով նրանց համակարգչային գրագիտության ցածր մակարդակից։ Անձնական տեղեկության զգալի ծավալն ուղարկվում է անձնական փոստերի միջոցով, որոնք հաքերները հեշտությամբ «կոտրում» են»։

Խնդիրը լուծելու համար Մարտիրոսյանն առաջարկում է տեղեկությունն օգտագործելու վերաբերյալ հստակ կանոններ մշակել ու սովորեցնել մարդկանց։

ՀՀ Պաշտպանության նախարարությունց Sputnik Արմենիային հայտնեցին, որ այս պահին գերատեսչությունը ստուգում է տեղեկության ճշգրտությունը։ 

Ազգային անվտանգության ծառայությունից էլ տեղեկացրին, որ վերջին արտահոսքի վերաբերյալ տեղեկություն չունեն, սակայն դրան նախորդած երկու արտահոսքերի փաստը հաստատվել է։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի հաքերները երկրորդ անգամ հրապարակել են կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիների տվյալները։ Այս անգամ երկու ֆայլով հրապարակվել էր կորոնավիրուսի վարակակիրների անձնական նոր տվյալներ` անուններ, հասցեներ և բջջային հեռախոսահամարներ, սակայն անձնագրային տվյալներ չկային։ Երկու շաբաթ առաջ ադրբեջանցի հաքերները հրապարակել էին կորոնավիրուսով վարակված շուրջ 3500 հայի, ինչպես նաև նրանց հետ շփում ունեցած քաղաքացիների տվյալներ։

«Կոտրել» էին մարզային ամբուլատոր ԲԿ-ներից մեկի էլեկտրոնային փոստն ու տեղեկությունը հանելու փորձ արել», - ասացին ԱԱԾ-ում։

Այս պահին փոստի հասցեն փոխվել է։ ԱԱԾ-ից հայտնեցին, որ այլ հաստատություններում նման երևույթները կանխելու միջոցներ են ձեռնարկվել։