COVID-19-Ը, ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԱՏԼԱՍԸ

Արդեն չեմ հիշում, թե մեծերից ով է առաջինը արձանագրել. ողջ խնդիրն այն է, որ հիմարությունը չափ ու սահման չունի։ Հիմարությունը սահմաններ չի ճանաչում։ Ասենք, ոչ միայն հիմարությունը։

Իսկ հիշեցինք այդ մասին պարետատան նիստից հետո վարչապետի վերջին ավանդական ճեպազրույցներից մեկի առիթով։ Այդ ճեպազրույցի ժամանակ վարչապետին հարցրեցին, թե ով է մեղավոր Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի առնչությամբ ստեղծված իրավիճակի համար, կարվեն արդյոք եզրահանգումներ, իսկ մեղավորները պատասխանատվություն կրե՞ն, և երբ։ Մեր վարչապետը, իր վաղեմի սովորության համաձայն, ուղիղ պատասխաններից խուսափեց։ Բայց մի արժեքավոր դիտարկում արեց։ Ոչ այն է դիտարկում, ոչ այն է, կարելի է ասել, տիեզերական-համաճարակաբանական մասշտաբի գիտական հայտնագործություն։

Նա ասաց, որ Հայաստանում կորոնավիրուսի համաճարակի հետ կապված պետք չէ հապճեպ եզրակացություններ անել։ Դե, այն առումով, որ իշխանությունները չեն կարողանում հաղթահարել համաճարակը, և մեզ մոտ իրավիճակը վատթարագույնն է տարածաշրջանում և այլն: Քանի որ, ասում է վարչապետը, համավարակը դեռ չի ավարտվել: Իսկ քանի որ այն չի ավարտվել և հայտնի չէ, թե դեռ որքան կտևի, պրն Փաշինյանը համոզմունք հայտնեց, թե ավարտվելուց հետո կպարզվի, որ բոլոր երկրները վիրուսին դիմակայելու հարցում մոտավորապես նույն մակարդակի վրա են։ Մոտավորապես միանման ցուցանիշներով

Հզո՛ր էր ասված։ Այսինքն մեր պրն վարչապետը անկեղծորեն կարծում է, թե Covid-19 վիրուսը գլուխ է հանում Երկիր մոլորակի քաղաքական սահմաններից և պարտավորություն կրում վարակել բոլոր երկրները բացառապես համաչափորե՞ն։ Չէ, հասկանալի է, որ վարչապետի համար դժվար է ճարպկորեն խուսավարել, նա հոգնել է... Բայց այդ կանխադրույթն իրոք որ սուպեր է։ Պետք է ենթադրել, որ մեր վարչապետը կարծում է, թե Covid-19-ը բանական արարած է։ Ինչ-որ տեղ, գուցե Իջևանում ավարտել է միջնակարգ դպրոցը, աշխարհագրություն ուսանել, գիտի, թե ինչպես են անցնում սահմանները երկրների միջև: Եվ լինելով կիրթ ու բացառիկ արդար արարած՝ Covid-19-ը, հարձակում գործելով մեզ վրա, որոշել է ոչ մեկին չնեղացնել հարկ եղածից ավելի և վարակել Երկիր մոլորակի բնակչությանը բացառապես համամասնորեն՝ ըստ զբաղեցրած տարածքի և բնակչության թվաքանակի։ Ու՜ֆ, մամա ջան.....

«Իրենց քայլում» կա՞ մեկը, որը կարող է բացատրել վարչապետին, որ նա մոլորության մեջ է։ Որ Covid-19-ը բանական արարած չէ, դպրոցում չի սովորել, քաղաքական սահմանների մասին գաղափար չունի

Ինչպե՞ս բացատրել դա վարչապետին, որ չափից ավելի բարդ չլինի… Ենթադրենք, թե երեք հանրապետություններում ՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում համաճարակի ավարտվի համար հարկավոր է, որ այս կամ այն ձևով՝ թեթև, միջին, ծանր ընթացքով, ախտանշաններով կամ անախտանիշ, բայց վարակվեն ընդհանուր առմամբ մեկուկես միլիոն մարդ։ Ահա ուրեմն, Covid-19-ի համար միևնույնն է, թե ինչպես բաշխված կլինեն այդ մեկուկես միլիոնը։ Բնավ պարտադիր չէ, որ նա խնամքով բաժանի մեկուկես միլիոնը երեք հավասար մասի։ Ազգային համակրանքներ նա չունի, կառավարությունների, այդ թվում նույնիսկ Փաշինյանի քայլող կառավարության առջև պարտավորություններ երբեք հանձն չի առել։

Նրա համար կարևորը այդ մեկուկես միլիոնն ապահովելն է, իսկ մնացյալ ամենը՝ հոգ չէ։ Եվ եթե երկրներից մեկում, «դուխով» կառավարության շնորհիվ, վարակվի մեկ միլիոն մարդ, մյուսում՝ 400 հազար, իսկ երրորդում՝ ընդամենը 100 հազար, ապա Covid-19-ը ոչ մեկի նկատմամբ դժգոհություններ չի ունենա, փասափուսան կհավաքի և հանգիստ կհեռանա հանգստի... Այնպես որ, սիրելի վարչապետ, ակնկալել, թե համավարակի ավարտից հետո բոլոր երկրներում տոկոսային հարաբերակցությամբ լինելու են մոտավորապես նույն ցուցանիշները, հաստատ չարժե։ Պատրանքներ մի՛ տածիր։

Ներիր, ընթերցող, նման մանրամասն բացատրության համար: Պարզապես շատ եմ ուզում, որ ուղեղին հասնի։ Համաքաղաքացիներ ենք այնուամենայնիվ