«Ժողովուրդ». ԱԱԾ–Ն ՈՐՍ Է ՍԿՍԵԼ «ԾԱՌՈՒԿՅԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Ազգային անվտանգության ծառայությունը շարունակում է խուզարկություններ իրականացրել «Ծառուկյան» խմբակցության նախկին և ներկա պատգամավորների տներում կամ գրասենյակներում: Այսպիսի տեղեկություն է հայտնում «Ժողովուրդ» թերթը։

Երեկ հայտնի դարձավ, որ ընտրակաշառքի գործով կալանավորվել է «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանը:

«Ժողովուրդի» հետ զրույցում ԲՀԿ խմբակցության ներկայիս պատգամավոր և «Ծառուկյան» դաշինքի նախկին պատգամավոր Տիգրան Ստեփանյանը նշել է, թե խուզարկություն եղել է իր գրասենյակում:

«Գրասենյակը չի աշխատում, ընտրություններից հետո անմիջապես փակվել է: Տարել են թերթիկներ, որտեղ կուսակցությանն անդամակցված անձանց անուններ են եղել: Միայն դա է եղել մեզ մոտ»,-հայտնել է Ստեփանյանը՝ ընդգծելով, թե չի վախենում ԱԱԾ-ի գործողություններից:

Պարզվում է՝ արդեն «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Հրանտ Դավթյանը ևս մտավախություններ չունեն, որ ԱԱԾ-ն կարող է նրանց հետևից ևս գնալ:

«Կգան, աչքիս վրա գան, չեն գա, իրենց ինչ ասեմ»,-նշել է Մանուկյանը, իսկ, ահա, Հրանտ Դավթյանը հայտնել է, թե իրեն չեն հարցաքննել՝ նշելով, թե չի արել մի բան, որի համար իրեն կարող են կալանավորել:

Հավելենք, որ նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին երեկ մեղադրանք էր առաջադրվել 154.2 հոդվածով՝ ընտրակաշառքների հետ կապված։
               
Sputnik Армения