ՄԱՆԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ. ԼԻՊԱՐԻՏՅԱՆԻ ԵՎ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԴՐԱԾՈ ՕՍԿԱՆՅԱՆԻ ՍԱՆԸ

Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը 31 տարեկան է: Նա ԵՊՀ-ի շրջանավարտ է, քաղաքագիտության բակալավր և եվրոպագիտության մագիստրոս, մասնակցել է Թաֆթսի համալսարանին կից Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի Հանրային կառավարման ծրագրին: Կրթությունը, ինչպես տեսնում ենք, վատը չէ, իսկ Ֆլետչերի դպրոցը կադրերի իսկական մատակարար է դարձել նոր իշխանության համար։ Ինքը՝ Փաշինյանը չի կարող պարծենալ անգամ ոչ թերի բարձրագույն կրթությամբ և, հնարավոր է, հենց այդ նկատառումով էլ «հեղափոխության» հրահանգիչները նրան կցում են ԱՄՆ-ում նախապատրաստում անցած կամ ուսում առած մի կադրին մյուսի հետևից։

Այլ հարց է, որ կրթությունը չի օգնել Մանե Գևորգյանին վարչապետի խոսնակի պաշտոնում աշխատանքի ավելի քան մեկ տարվա ընթացքում յուրացնել այդ պաշտոնի առանձնահատկությունները։ Համենայն դեպս նրա հայտարարություններն ամենևին աչքի չեն ընկնում հստակությամբ, լակոնիկությամբ ու կոնկրետությամբ. այն հմտություններով, որոնք խիստ անհրաժեշտ են բարձրաստիճան պաշտոնյայի, առավելևս՝ երկրի քաղաքական առաջնորդի խոսնակի պարագայում։ Դրա վառ օրինակը դարձավ Իլհամ Ալիևին վերջերս նրա տված պատասխանը, որը լի էր Արցախի հարցում փաշինյանական թորվածքի «նոու-հաուի» օրինակներով, որոնք վաղուց հարուցում են տվյալ հարցի գծով փորձագետների սուր քննադատությունը։

Ստիպված ենք սա արձանագրել մեծ ափսոսանքով, քանզի դրա հետ մեկտեղ հայտարարության մեջ տեղ էին գտել կասկածի ոչ ենթակա փաստեր և մի շարք ճիշտ թեզեր։ Խնդիրը դրանք հակիրճ, բայց համոզիչ շարադրելու ունակությունն է, որին վարչապետի խոսնակն ակնհայտորեն չի տիրապետում։

Այսպես, պատմության խորխորատները մտնելու Ադրբեջանի նախագահի փորձերն անվանելով զավեշտալի, Գևորգյանը տեղնուտեղը ինքն է դրանց մեջ մտնում, ընդ որում՝ շատ խորը, հասնելով ընդհուպ մինչև անտիկ ժամանակներ և տարբեր դարաշրջանների պատմաբանների երկեր։ Դժվար է զերծ մնալ հարցից. ինչո՞ւ մարգարիտներ սփռել խոզերի առջև՝ տաղտկալի դատողություններ անելով պատմական հանրահայտ փաստերի մասին, երբ անհրաժեշտ է հստակ ու կոնկրետ պատասխանել կարգավորման գործընթացին վերաբերող հայտարարություններին։

Իսկ եթե անգամ պետք է անդրադառնալ պատմությանը, ապա լոկ՝ ոչ վաղ անցյալի։ Որպեսզի, պատասխանելով ֆաշիզմի մեջ մեզ մեղադրող Ալիևի հերյուրանքներին, նրան հիշեցվեն 1988-1990 թվականներին Ադրբեջանում հայերի ցեղասպանության բազմաթիվ գործողությունները։ Կամ ադրբեջանական կողմի իսկական ֆաշիզմի օրինակները Ղարաբաղյան առաջին պատերազմի տարիներին և Ապրիլյան պատերազմի օրերին։ Բայց Գևորգյանը դա չգիտես ինչու չի անում։ Նա նույնիսկ մոռանում է հիշեցնել Ալիևի կողմից բուդապեշտյան մարդասպան Սաֆարովի հերոսացման և պարգևատրման օրինակը, ինչն այս համատեքստում շատ ավելի տեղին կլիներ, քան Քսենոփոնի, Հերոդոտոսի, Պլուտարքոսի, ինչպեսև օսմանցի հեղինակների և այլ պատմաբանների հիշատակումը։

Իսկ ինչ վերաբերում է կարգավորման արդիական հարցերին, ապա Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումն աչքի է ընկնում տերմինաբանության տեսանկյունից ուշագրավ մի շարք առանձնահատկություններով: Ընդ որում սա ներկայիս իշխանություններին բավական բնորոշ այն դեպքն է, երբ չասվածը ասվածից ավելի կարևոր է։

Այսպես, խոսելով բանակցային գործընթացին Արցախի մասնակցության մասին, նա օգտագործում է «արցախահայություն» բառը, որի տակ կարելի է հասկանալ ինչ ասես՝ ընդհուպ մինչև Բաքվի կողմից գործածվող «Ղարաբաղի հայկական համայնք» արտահայտությունը, բայց միաժամանակ խուսափում է «Արցախի օրինական իշխանություններ» եզրույթից։ Հիշեցնելով հայկական հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին, նա ոչ մի բառով չի հիշատակում դրանցից հիմնականը. ինքնորոշման և անկախ պետություն ստեղծելու իրավունքը։ Ավելին, մամլո քարտուղարը համոզված է, որ արցախահայությունը պետք է մասնակցի «սեփական իրավունքների շուրջ ընթացող» բանակցություններին, բայց բնավ ոչ առաջին հերթին Արցախի անկախ հանրապետության կարգավիճակի վերաբերյալ:

Փոխարենը՝ մամուլի քարտուղարը չի մոռանում հիշատակել իր շեֆի անհեթեթ բանաձևը կարգավորման մասին, որը պետք է «ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար»։ «Այս բանաձևն ընդունում է միջազգային հանրությունը»,- պնդում է նա՝ ոչ մի կերպ չորոշակիացնելով իր տարօրինակ հայտարարությունը «ընդունման» կոնկրետ օրինակներով: Գուցե այն պատճառով, որ դրանք չկա՞ն։ Վերջապես, Գևորգյանը հայտարարում է, թե «եթե հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի քաղաքացիները վաղուց լուծել են այդ հարցը»։ Էությունը, իհարկե, ճիշտ է, բայց մի կարևոր շտկումով. հարցը լուծել է ողջ հայ ժողովուրդը՝ ազգային-ազատագրական պայքարի արդյունքում։

Սակայն, հաշվի առնելով Մանե Գևորգյանի կենսագրությունը, այդչափ բարձր ու սկզբունքային կատեգորիաներ նրանից ակնկալելն անիմաստ է։ Կառավարության կայքում զետեղված ընդամենը մի քանի տողը լիակատար պատկերացում է տալիս այն մասին, թե ինչ միջավայրում և քաղաքական որ գործիչների ազդեցության տակ են ձևավորվել նրա համոզմունքներն ու պատկերացումները կարգավորման սկզբունքների մասին: Բանիմաց ու փորձառու մարդկանց համար Լևոն Տեր-Պետրոսյանի հետքն այստեղ նշմարվում է այն աստիճան թափանցիկ ու պարզորոշ, որ դա նույնիսկ տարօրինակ է երիտասարդ կնոջ պարագայում, որը ծնվել է Ղարաբաղյան շարժման սկսվելու հաջորդ տարում։ Դատեք ինքներդ։

Դեռևս ուսանողական տարիներին՝ ընդամենը 20 տարեկան հասակում, Գևորգյանը սկսել է աշխատել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնած և համապատասխան ուղղվածությամբ աչքի ընկնող կառույցներում ՝ «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաընկերությունում և «Սիվիլիթաս» հիմնադրամում։ Աշխատել է այնտեղ մինչև 2017 թվականը և հասել գլխավոր պրոդյուսերի պաշտոնին։ Զուգահեռաբար, 2012 թվականին, արդեն ՀՀ ԱԺ պատգամավոր Օսկանյանը իրեն օգնական է վերցրել 23-ամյա Գևորգյանին՝ նպատակասլաց կերպով ավարտելով երիտասարդ տաղանդի հայացքների և համոզմունքների ձևավորումը Հայաստանի արտաքին քաղաքականության և Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի մամլո քարտուղարի պաշտոնը Մանե Գևորգյանը ստանձնել է արդեն ձևավորված դիրքորոշումներով, որոնք լիովին համահունչ են օսկանյանականին։ Ինչի ապացույցն են, մասնավորապես, նրա հայտարարությունները ։

Հիշեցնենք. Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ից Հայաստան ժամանեց 90-ականների սկզբին՝ որպես Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք «գորշ կարդինալ» աշխատող Ժիրայր Լիպարիտյանի իրավահաջորդ։ Հենց Լիպարիտյանն է առաջին նախագահի լիակատար համաձայնությամբ դրել անկախ Հայաստանի պարտվողական արտաքին քաղաքականության հիմքերը, իսկ Օսկանյանը հետագայում փոխարինեց նրան այդ դերում։

Հիշեցնեմ նաև, որ հենց Օսկանյանին է Հայաստանը պարտական կապիտուլյանտական և հիրավի գռեհիկ Մադրիդյան սկզբունքներով, ինչպեսև բանակցային գործընթացից Արցախի դուրսբերմամբ (Ռոբերտ Քոչարյանի հետ հավասար, իհարկե)։ Եվ հենց Վարդան Օսկանյանն է առաջինը Հայաստանում օգտագործել «գրավյալ» տերմինը Արցախի Հանրապետության տարածքների նկատմամբ։

Ներկայումս լևոնական գորշ կարդինալ Լիպարիտյանի դրածո Օսկանյանի սանը ղեկավար դեր ունի Փաշինյանի աշխատակազմում ՝ դառնալով առաջին նախագահի հերթական կադրը վարչապետի շրջապատում։ Կասկած չկա, որ Մանե Գևորգյանը Արցախի հարցի կարգավորման այն գաղափարախոսության կրողն է, որը 1998 թվականին մերժվեց հայ ժողովրդի կողմից, և որի իրականացման ձախողումը ստիպեց Օսկանյանին հեռանալ Հայաստանից։ Քանզի հենց այդ անպարկեշտ առաքելությամբ էր նա ներդրվել հայկական քաղաքականության մեջ։

Թե ինչպիսին կլինի Լիպարիտյան-Տեր-Պետրոսյանի արդեն ժառանգների կողմից ձեռնարկվող փորձի արդյունքը, կասկածից վեր է, որքան էլ Փաշինյանի մամլո խոսնակը բանավոր ճարտարամիտ ճիգեր գործադրի՝ փորձելով քողարկել իր իրական դիրքորոշումը պատմական էքսկուրսներով։