ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոր հայտարաություն են տարածել

Հուլիսի 15-ին կայացած հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով՝ Ռուսաստանի Դաշնություն, Ստեֆան Վիսկոնտի՝ Ֆրանսիա, և Էնդրյու Չոֆեր՝ ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարություն են տարածել:

«Առկա տեղեկությունների համաձայն, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հուլիսի 15-ի վաղ առավոտից համեմատաբար հանգիստ է մնում: Համանախագահները և PRCIO-ն ողջունում են ռազմական գործողությունների դադարեցումը և կողմերին կոչ են անում բոլոր ջանքերը գործադրել լարվածության թուլացումը շարունակելու համար:

Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ հրահրիչ հռետորաբանությունից և տեղերում իրավիճակը փոխելու փորձերից: Համանախագահները շարունակում են ընդգծել խաղաղության գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտ ձևավորելու անհրաժեշտությունը:

Համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վստահեցումը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ամենակարևոր դրույթների վերաբերյալ էական բանակցություններ վարելու մասին, և ընդգծում են տարածաշրջան ԵԱՀԿ դիտորդների վերադարձի կարևորությունը՝ հենց որ հանգամանքները թույլ տան», տեղեկացնում է News.am։