ԵՐԿՈՒ ԳԵՆԵՐԱԼ, ԿԱՄ՝ «ԱՆՎԱԽ» ԴԻՐՔԸ

Ներկայիս ընդդիմությունը թիկունքից հարվածներ չի հասցնում…

Հուլիսի 12-ին մեր երկրի տարածք զինված ներխուժման փորձը կանխվեց ՀՀ ՊՆ երրորդ կորպուսի ստորաբաժանումների համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ: Լարվածությունը դեռևս պահպանվում է, հակառակորդը ցանկացած պահի կարող է հերթական արկածախնդրությունը ձեռնարկել և փորձել կրկին խախտել Հայաստանի պետական սահմանը:

Այս օրերին շատերն էին հիշում 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի ձեռնարկած ագրեսիան Արցախի շփման գծի ողջ երկայնքով, և ահա թե ինչու: Նրանք, ովքեր 2016-ին ընդդիմության շարքերում էին, ակտիվորեն ասեկոսեներ էին տարածում, թե հայ զինվորները մահակներով են կռվել, թե ռազմական տեխնիկայի բաքերում բենզինի փոխարեն ջուր են լցրել, իսկ զինվորները սովից խոտ են կերել։ Սեփական հորինվածքի այս լուրերով ընդդիմությունը փորձում էր վարկաբեկել ոչ միայն Հայաստանի և Արցախի քաղաքական ղեկավարությանը, այլև հրամանատարական կազմին։

Այն ընդդիմությունը, որը 4 տարի առաջ տիրաժավորում էր սուտը, այսօր իշխանության ղեկին է, և այդ իշխանության բախտը մեծապես բերել է ընդդիմության առումով։ Ընդդիմության դերում այսօր այն ուժերն են, որոնք թիկունքից հարվածներ չեն հասցնում պետությանը, ստեր չեն տարածում, չեն վարկաբեկում մարտական գեներալներին։ Այն հերյուրանքների հեղինակները, թե Արցախի շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական ագրեսիայի ժամանակ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, իբր, բիլիարդ էր խաղում, այսօր դժվար թե զղջում են արածի համար: Հակառակը, նրանք հայտարարեցին, թե Տավուշի սահմանամերձ գոտում տարած հաղթանակը նոր իշխանության երկամյա աշխատանքի արդյունքն է։

Ի պատասխան՝ ռազմական գործի մասնագետները միաձայն նշեցին, որ հայկական ստորաբաժանումների գրագետ գործողությունները հետևանքն են այն բանի, որ Նիկոլի ձեռքերը 2 տարվա ընթացքում չեն հասել բանակին։ Եթե ՊՆ ղեկավարի պաշտոնում նշանակվեր հերթական սորոսական նախարարը, ապա ադրբեջանցիներն արդեն թեյ խմելիս կլինեին կառավարության շենքի բուֆետում

Արդար վարվեցին նրանք, ովքեր այս օրերին հիշեցրեցին իշխանության առաջին էշելոնի ներկայացուցիչներին, թե ինչի մասին էին նրանք գրում 2016-ի Քառօրյա պատերազմի ժամանակ։ Գուցե նրանցից մեկնումեկի խիղճն արթնանա՞... Ի դեպ, հենց որ հայտնի դարձավ մեր սահմանապահների հաղթանակների մասին, ասուլիս հրավիրեց… չէ, ոչ թե Յուրի Խաչատուրովը, այլ իշխող ռեժիմի մեծ բարեկամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը

ԽԺՀ-ը հանդես կգա հաշվետվությամբ

Հիշեցնեմ, որ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին ներկայացվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք։ Նույնպիսի մեղադրանք էլ, ինչպես հայտնի է, ներկայացվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին։

Մի՞թե Տավուշում տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերին Փաշինյանը խղճի թեթև խայթ անգամ չզգաց, մի՞թե ամոթի զգացում չունեցավ գեներալ Խաչատուրովի, գեներալ Օհանյանի և երկրորդ նախագահ Քոչարյանի առջև: Թեպետ, խիղճն ու ամոթը ավելորդ խնդիրների շարքից են, Փաշինյանի նմանները այդպիսի հասկացություններով չեն առաջնորդվում

Հայտնի է, որ սարերի հետևում չէ այն օրը, երբ հաշվետվությամբ հանդես կգա Քառօրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը։ Ի դեպ, Յուրի Խաչատուրովն այդպես էլ չարձագանքեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի առաջարկին՝ ներկայանալու նիստին և պատասխանելու հանձնաժողովի անդամների հարցերին։ Գեներալը խորհրդարան չգնաց նույնիսկ այն բանից հետո, երբ հանձնաժողով այցելեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որը խոստացավ համոզել Խաչատուրովին։ Արդեն հայտնի է, որ ԽԺՀ-ի հաշվետվության մեջ հերքվելու են այն հերյուրանքները, որոնց մասին նշեցինք վերը։ Հետաքննությունը ցույց է տվել, որ հայկական կողմից ոչ ոք մահակներով չի կռվել, ռազմական տեխնիկան վառելիքի պակաս չի ունեցել, իսկ զինվորները սովից խոտ չեն կերել։

Իսկ ո՞վ է պատասխան տալու այդ սուտ լուրերի համար։ Ո՞վ է պատասխան տալու ամենադժվար պահերին, ընթացող պատերազմի ժամանակ պետության թիկունքին հասցրած հարվածների համար։ Այդ մարդկանց անունները հայտնի են, այսօր նրանցից շատերը բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և խորհրդարանում։ Միայն թե դատում են այսօր բնավ ոչ նրանց, այլ գեներալ Յուրի Խաչատուրովին, ընդ որում մեղադրող կողմն այդպես էլ չձևակերպեց, թե կոնկրետ ինչ է արել կամ չի արել մարտական գեներալը, ինչը հանգեցրել է սահմանադրական կարգի տապալման։

Ապացույցներ չկան նաև երկրորդ նախագահ Քոչարյանի և պաշտպանության նախկին նախարար Օհանյանի պարագայում, ապացուցված չէ նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղքը, որին մեղադրում են սահմանադրական կարգի տապալմանն աջակցելու մեջ։ Պատմությունը ամենքին ու ամեն ինչ իր տեղը կդնի: Արդեն դրել է. Յուրի Խաչատուրովը կարող է հպարտանալ իր զավակով, իսկ ժողովուրդը՝ իր գեներալներով։ Գ.Խաչատուրովն այսօր սահմանի վրա ղեկավարում է փայլուն պատրաստականություն անցած կորպուսը (նա պատրաստել է այն 4 տարի), իսկ մենք հիշում ենք նրանց, ովքեր Արցախի առաջին և երկրորդ հերոսամարտերում արժանացել են Հաղթանակի գեներալների բարձր կոչման:

Խաղաղություն կապահովի «պատերազմի կուսակցությունը»

Այսօր հաղթում են ոչ միայն նրանց որդիներն ու կուրսանտները. հաղթում է ոչ թե թվաքանակով, այլ հմտությամբ հաղթանակելու նրանց արմատավորած ավանդույթը, հաղթանակելու՝ ամեն գնով։

Սկսած հուլիսի 12-ից, շատերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ երկիրը ղեկավարում է ոչ թե Փաշինյանը (նրան մի տեսակ միանգամից բոլորը դադարեցին նկատել), այլ այն զինվորներն ու սպաները, որոնք պահում են «Անվախ» անվանումով դիրքը: «Անվախը» լոկ հենակետ չէ Տավուշի սահմանամերձ շրջանում. դա այն մարդկանց առանցքն է, էությունը, կամքը, որոնք ազատագրել և պաշտպանում են հայկական երկու պետությունները, և նրանց շարքում են մարտական գեներալները՝ հայր և որդի Խաչատուրովները։

Եվ էլի մի բան. երբ հայտնի դարձավ Դուշանբեի վերելակում տեղի ունեցած բանակցությունների մասին, մեր երկրում սկսեցին խոսել լայնածավալ պատերազմի վտանգի մասին։ Հենց այդ սպառնալիքին ընդհուպ մոտեցրեց երկիրը Նիկոլի վերելակային դիվանագիտությունը, բանակցային գործընթացի և արտաքին քաղաքականության մեջ թույլ տված կոպտագույն սխալները։ Հենց Փաշինյանն է իր անմտածված գործողություններով, պոպուլիստական հայտարարություններով ու քաղաքականության նկատմամբ դիլետանտական վերաբերմունքով ստեղծել մեծ պատերազմի մեջ Հայաստանի ներքաշման վտանգը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովի պաշտոնանկությունը լուրջ ու տևական գործընթացների լոկ սկիզբն է, իսկ կանխել հետագա ահագնացումը կարող են կոնկրետ ներքաղաքական գործընթացները Հայաստանի ներսում, որոնք թույլ կտան վերադառնալ 2018-ի դիրքերին:

Միայն այդպիսի գործընթացները կօգնեն կանխել լայնածավալ պատերազմը։ Ինչպես օրերս հայտարարեց հայ ազդեցիկ վերլուծաբաններից մեկը, Հայաստանում խաղաղություն կարող է հաստատել միայն «պատերազմի կուսակցությունը»։ Հիշեք, թե ում էր այսպես անվանում Նիկոլի քաղաքական ուսուցիչը, փուլային կարգավորման գծանշող Տեր-Պետրոսյանը։ Իշխանավոր դիլետանտների սխալները չափազանց թանկ են նստում, Տավուշում ծավալված իրադարձությունները ցույց տվեցին, որ Նիկոլն է հող ստեղծել լայնամասշտաբ ագրեսիա սկսելու համար, իշխանության ղեկին նրա հետագա պաշտոնավարումը սպառնալիք է Հայաստանի և Արցախի պետական անվտանգության համար։ Ինչպես այս օրերին հայտարարեց ռազմական փորձագետներից մեկը. «Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե Նիկոլը ՊՆ ղեկավար նշանակեր հերթական Արսեն Թորոսյանին»։ Ի դեպ, Դավիթ Տոնոյանի հնարավոր հրաժարականի մասին լուրերը ԶԼՄ-ներում շրջանառվում էին Տավուշի սահմանամերձ գոտում տեղի ունեցած իրադարձություններից դեռ շատ առաջ

Основная тема:
Теги: