Գյուղատնտես․ Արտադրողների համար գազի սակագնի բարձրացումը դժվարություններ կստեղծի արտաքին շուկաներում

Միանշանակ, արտադրության էներգետիկ ռեսուրսների բարձրացումը բերում է գների բարձրացման, սակայն այդ ազդեցությունը ձեռնարկությունների համար տարբեր կլինի` կախված այս կամ այն ոլորտից և կոնկրետ տնտեսությունից: Այս մասին, այսօր, հուլիսի 20-ին, News.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց գյուղատնտես, «Մեղվաբույծների և ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի (Շիրակի մարզ) նախագահ Ջիվան Ասլանյանը:

Նրա խոսքերով՝ սակագնի բարձրացումը, առաջին հերթին, կազդի մեծ ջերմոցային տնտեսության արտադրության վրա, որն իր արտադրանքը ուղղակիորեն չի հանում շուկա, բայց դա անում է միջնորդների միջոցով, ինչը գների աճի լրացուցիչ գործոն է ձևավորում:

«Արտադրողները ստիպված կլինեն բարձրացնել գները, ինչը կարող է հանգեցնել վաճառքի ավելի ցածր ծավալների՝ կապված պահանջարկի անկման հետ: Սա լրացուցիչ ռիսկեր է ստեղծում ձեռնարկությունների համար, որոնց մի մասը մրցակցային պայմաններում կարող է տուժել կամ նույնիսկ դադարել գործել, ինչը կհանգեցնի մրցունակության անկմանը: Եթե մենք չենք խոսում ջերմոցային տնտեսությունների մասին (որոնք գործնականում արտադրանք չեն արտահանում), այլ պահածոների, ըմպելիքների և կաթնամթերքի արտադրողներողների մասին, ապա դժվարություններ կարող են առաջանալ նաև արտաքին շուկաներում՝ արտադրանքն արտահանելիս»:

Ինչ վերաբերում է մեղրի հավաքման կանխատեսումներին, ապա, ըստ ՀԿ ղեկավարի, գնահատականներ տալը դեռ վաղ է:

«Այս տարին միանշանակ չէ, և երկրի տարբեր շրջաններում իրավիճակը շատ տարբեր է, ինչը կարող է պայմանավորված լինել կլիմայի բազմամյա ցիկլի խախտմամբ: Անցյալ տարի բերքը ծայրահեղ անբավարար էր մեղվաբույծների համար: Արտադրության ծավալն այնքան փոքր էր, որ հաջողվեց իրացնել ոչ միայն 2019 թվականի բերքը, այլև այն, ինչ արտադրվել էր նախորդ տարիներին»,- պարզաբանեց Ասլանյանը:

Նա նկատեց, որ, ընդհանուր առմամբ, շատերն այնպիսի տպավորություն ունեն, թե Հայաստանում մեղրի ավելցուկ կա, ինչը իրականությանը չի համապատասխանում, իսկ խնդիրն իրականում բնակչության գնողունակության ցածր մակարդակն է:

«Մեղրի սպառման առումով մեր երկիրը աշխարհում միջին տեղեր է զբաղեցնում: Արտադրության ծավալների աճին կարող է նպաստել արտադրանքի արտահանմանը: Բարեբախտաբար, կան առանձին անհատներ, ովքեր արդեն զբաղվում են մեղրի արտադրությամբ, որը կողմնորոշված է դեպի արտահանում»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ից ջերմոցային տնտեսությունների, պահածոներ, ըմպելիքներ և կաթնամթերք արտադրողների համար գազի սակագինը 212 դոլարից բարձրացել է մինչև 224 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց: