ԱԱԾ. Ադրբեջանի հատուկ ծառայությունները տեղեկություններ ստանալու փորձեր են արել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից տեղեկություններ ստանալու փորձեր։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է, որ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ՀՀ տարբեր բջջային օպերատորների հեռախոսահամարներ և դրանցով զանգահարելով ՀՀ քաղաքացիներին, անկախ հետազոտություններ անցկացնելու պատրվակով իբր կատարում են սոցհարցումներ` ՀՀ-ում, հատկապես զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ հետախուզական բնույթի տեղեկություններ ստանալու համար»,– նշված է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ–ի փոխանցմամբ նմանօրինակ հեռախոսազանգեր են արձանագրվել ՀՀ 094-39-75-95 և 093-52-72-08 բջջային հեռախոսահամարներից:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին կապ չհաստատել, տվյալներ չփոխանցել կամ չպատասխանել կասկածելի հեռախոսազանգերին, իսկ անկախ հետազոտությունների հարցումներին պատասխանել միայն զանգահարողի ինքնությունը պարզելուց և դրանում համոզվելուց հետո, տեղեկացնում է Sputnik Armenia: