Արցախի Այգեստան համայնքը մեկուսացվել է

ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվական Շտաբը:

«Մուտքի և ելքի արգելքից բացառություն է արվում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-Հարավ մայրուղով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում»,- նշվում է Facebook-յան հայտարարության մեջ:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է ժամը 18-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը:

Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով:

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին հրամանով, ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակը երկարաձգել է ևս 32 օրով՝ հուլիսի 11-ի ժամը 22:00-ից մինչև օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ն:

Արցախում կորոնավիրուսով հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 193 է, որից 147 մարդ առողջացել է: Բուժում են ստանում 46-ը, ընդհանուր առմամբ մեկուսացված է 98 մարդ, տեղեկացնում է Newsarmenia.am: