Գերմանիայում ՀՀ դեսպանը կոչով դիմել է գերմանաբնակ հայերին

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Facebook –ի դեսպանատան էջում գերմանաբնակ հայերին խնդրել է չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին։

Նա նշել է, որ վերջին օրերի՝ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում Ադրբեջանի կողմից հրահրված մարտական գործողություններն իրենց արձագանքն են ստացել աշխարհի բազում երկրներում, այդ թվում և Գերմանիայում: Արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր:

Հրկիզվել է ԳԴՀ֊ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի,–գրել է դեսպանը։

Նա խնդրել է նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ, նշելով, որ այս իրավիճակում պետք է լինել առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրել բոլորի ջանքերը հայրենիքի հզորացման համար։

Սմբատյանը նշել է, որ դեսպանությունը շարունակում է աշխատել արտակարգ ռեժիմով՝ մշտական կապի մեջ լինելով Գերմանիայի պատկան մարմինների, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, տեղեկացնում է Sputnik Armenia։