Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել

Արցախի Հանրապետությունում հուլիսի 29-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը հղում անելով երկրի Առողջապահության նախարարության տվյալներին:

«Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Բոլոր նոր դեպքերը հայտնաբերվել են նախկինում հաստատված օջախների կոնտակտավորների և ընտանիքների անդամների մոտ»,- նշված է հաղորդագրությունում:

Ապաքինվել է կորոնավիրուսով հիվանդ 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 210 նմուշառում է իրականացվել: Մինչ այսօր իրականացվել է 5 201 փորձանմուշի հետազոտություն:

Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով: