Վարդանով. Ալիևը պայքարում է հայության դեմ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ալիևը չի պայքարում Արցախի հայության, Հայաստանի դեմ, նա պայքարում է հայության դեմ։ Այս մասին հայտնեց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, ազատամարտիկ Վովա Վարդանովը «Նովոստի-Արմենիա» գործակալության Youtube-յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդման ժամանակ։

 



           
«Պետք է ուշադրություն դարձնել Ալիևի բառապաշարին։ Ինքը ու՞մ դեմ է պայքարում։ Ինքը չի պայքարում Արցախի հայության դեմ, չի պայքարում Հայաստանի դեմ, ինքը պայքարում է հայության դեմ։ Ալիևը Ռուսաստանի դեմ չի պայքարում, պայքարում է Անկարան իր օգնությամբ։ Ինքը հո հիմար չի Ռուսաստանի դեմ պայքարի։ Ինքն այդքան չկա, որ Ռուսաստանի դեմ պայքարի։ Մանավանդ ինքը շատ լավ գիտակցում է, որ Ռուսաստանը երբ ուզենա ազգայնական խաղաքարտը կօգտագործի, ու Ադրբեջանի Հանրապետությունը կդառնա կոնֆեդերանցիա կամ Աֆղանստանի, կամ Շվեյցարիայի սցենարով, նայած իրանք որը կընտրեն, ի նկատի ունեմ ռուսները», – ասաց Վարդանովը։

Նրա խոսքը, մենք նախաձեռնողականությունը երևի 20 տարվա մեջ առաջին անգամ վերցրել ենք մեր ձեռքը։

«Եվ հիմա մենք ենք որոշում` երբ, ոնց։ Դրան պատասխան տվեց թուրքը դրսում։ Այսինքն նա չի ուզում ըտենց հեշտությամբ իր ձեռքից նախաձեռնությունները տա մեզ, որոնք մենք ավանականաբար զիջել էինք` շատ բառացի հասկանալով էն ժամանակվա երկրի ղեկավարի` Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ գնդակը հակառակորդի դաշտում ա, թող իրանք խաղան։ Դե թուրքը վերջիվերջո մի հատ ֆուտբոլային թիմ ա», – ասաց Վարդանովն` ընդգծելով, որ հիմա այդպես չէ։

«Հիմա նախաձեռնող կողմերից մեկը մենք ենք։ Երբ դու թողնում ես, որ ինչ–որ մի բան ինքն անի ու դրան դու պատրաստ ես, ու պատրաստ ես այն աստիճան, որ թուրքի 1սմ–ի հավակնությունները վերածում ես քո կողմից 100 մետրի առաջ գնալուն, դա նշանակում է, որ ինիցատիվան քո ձեռքում է», – ասաց Վարդանովան։

«3–րդ բանակային կորպուսը, գլխավոր շտաբը ցույց տվեց, որ պատրաստ է զարգացումների։ Ու այն աստիճան լավ են պատրաստ, որ կարողացան այդ անսպասելի սկսված միջադեպը վերածեն ձեռքբերումների, գոնե բարելավեցինք մեր իրավիճակը ճակատային, դիրքային հատվածում։ Թուրքերն էնքան լուրջ կորուստներ կրեցին, որ Ալիևը մինչև հիմա ատամները կրճտացնում է», – ընդգծեց Վարդանովը։

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրացման մասին

Հուլիսի 12-ից Ադրբեջանը Հայաստանի դեմ ագրեսիվ գործողություններ է կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանին: Ադրբեջանի ԶՈՒ-ն սահմանային դիրք գրավելու մի քանի փորձ է կատարել` տանկի, հաուբիցի, անօդաչու թռչող սարքերի և «Գրադ» ՀԿՌՀ-ի օգտագործմամբ:

Հակառակորդը հրետակոծել է հայկական հենակետերը, նաև թիրախավորել բնակելի տարածքներ՝ Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր և Պառավաքար գյուղերը, ինչպես նաև Բերդ քաղաքը: Հարվածի տակ է հայտնվել Տավուշի երկու ձեռնարկություն:

Հայկական ԶՈւ-ն համարժեք պատասխան է տվել պարբերաբար կրկնվող հրետակոծություններին և ճնշել հակառակորդի ակտիվությունը: ՀՀ ԶՈՒ-ն ոչնչացրել է Ադրբեջանի ԶՈՒ-ի 13 հարվածային ԱԹՍ:

Հուլիսի 16-ի գիշերը հակառակորդը դիվերսիոն փորձ է ձեռնարկել, որը թեժ մարտից հետո կանխվել է ՀՀ ԶՈՒ-ի կողմից և թշնամին, կորուստներ կրելով, հետ է շպրտվել: Դրան հաջորդել է Այգեպար և Մովսես գյուղերի հրետակոծությունը ՝ ականանետի և Դ-30 հաուբիցի կիրառմամբ: ՀՀ ԶՈՒ-ի կողմից խոցվել է հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր: Հուլիսի 17-ից հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է: Հուլիսի 21-ին, ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

ՊՆ տվյալներով, հակառակորդի կրակոցների հետևանքով վիրավորում է ստացել 20 զինծառայող, որից այս պահին դրությամբ բուժում է ստանում 10-ը, 5 զինծառայող զոհվել է: Քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր չկան։ Հուլիսի 16-ին հակառակորդի անօդաչուի հարվածից վիրավորում է ստացել Չինարի գյուղի բնակիչ: Ադրբեջանում պաշտոնապես հաստատվել է 11 զոհ: