Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հեռանում է պաշտոնից

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը պաշտոնից հրաժարվելու դիմում է գրել։ Տեղեկությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Պարոն Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է մոտավորապես 2 տարի ժամկետով։ Երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, ու ինքը մնում է իր խոստման շրջանակներում»,– ասաց Մարությանը։

Քաղաքապետը հայտնեց, որ Մեսչյանը պաշտոնից հեռանում է իր դիմումի համաձայն, ինչի մասին առաջիկայում նաև պաշտոնապես կհայտարարվի։

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։

1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել, տեղեկացնում է Sputnik Armenia։