Փաշինյանը կարևորել է Ֆիրդուսի թաղամասի հուշարձանային շենքերի պահպանումը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի Ֆիրդուսի 33-րդ թաղամասի կառուցապատման նախագիծը։ Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այն դեռևս մշակման փուլում է:

«Զեկուցվել է, որ կառուցապատման ընդհանուր տարածքը կազմում է 58 հազար քմ, իրացվել է 49 հազար քմ, 9 հազար քմ տարածքը գտնվում է իրացման փուլում: Արդեն իսկ փոխհատուցվել է 378 ընտանիքի, ընթացքի մեջ է 50 ընտանիքի փոխհատուցման գործընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վարչապետին ներկայացվել է, որ թաղամասի կառուցապատման նախագծերի վրա աշխատում է 60 ճարտարապետներից կազմված ճարտարապետական 7 խումբ: Փոխհատուցման ծավալը 60 մլն դոլար, է իսկ ընդհանուր թաղամասի կառուցապատման ներդրումային արժեքը 300 մլն դոլար է գնահատվում։ Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում ստեղծվելու է 8-10 հազար նոր աշխատատեղ:

Թաղամասում կառուցվելու են նաև ստորգետնյա ավտոկայանատեղիներ: Փաշինյանն ընդգծել է հուշարձան շենքերի պահպանության ուղղությամբ հետևողական աշխատանքների կարևորությունը։ Նա նաև շեշտել է, որ նախապես մշակված չափորոշիչներն անհրաժեշտ է պահպանել մինչև նախագծի ավարտը: Պատասխանատուները կառավարության ղեկավարին վստահեցրել են, որ մեծ ուշադրություն է դարձվելու հուշարձան շենքերի պահպանությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: