ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂՈՎ ԱՆՑԵԼ ԵՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ, ՄԱՐԱԽՆ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ
Կան հեռավոր զարմանահրաշ երկրներ, որտեղ քաղաքացիները մշտապես հետաքրքրվում են իրենց փողերի ճակատագրով: Դե, այ հետաքրքիր է նրանց, որտե՞ղ և ինչի՞ վրա է ծախսվում հարկատուների հավաքած բյուջեն։ Ծախսերի յուրաքանչյուր հոդվածը խոշորացույցով կզննեն, և Աստված մի՛ արասցե, որ իշխանությունները վատնած լինեն իրենց դոլարները կամ եվրոները. կխժռեն առաջիկա ընտրություններում։
Մեր քաղաքացիներն այդչափ հետաքրքրասեր չեն, և սեփական փողերի ճակատագիրը նրանց չի հուզում բացարձակապես։ Մանավանդ երբ այդ փողերն իշխանության ներկայացուցիչները ծախսում են սեփական կարիքների վրա։ Կախարդական փայտիկ վերջիններս, իհարկե, չունեն։ Այն հեքիաթում չենք ապրում, որտեղ կախարդական փայտիկներ են թափահարում: Բայց փոխարենը՝ մեր հեքիաթում քաղաքացիների բացարձակ անտարբերությունը թույլ է տալիս իշխանություններին ապրել միանգամայն հեքիաթային կյանքով։ Իսկ ի՞նչ հեքիաթային կյանք՝ առանց պարգևավճարների և արտասահմանյան գործուղումների: Ահավասիկ բյուջեի հաշվին պատգամավորների և խորհրդարանի ղեկավարության շուրջերկրյա ճամփորդությունների մասին էլ մենք այսօր կխոսենք, մանավանդ որ Aravot.am-ը հրապարակել է բավական հետաքրքիր տվյալներ, որոնք, ի դեպ, ստացվել են պաշտոնական աղբյուրներից։
Բոլոր գործուղումների մասին պատմել պարզապես անհնար է։ Աշխարհագրությունը չափազանց ընդարձակ է և ընդգրկում է գործնականում ողջ երկրագունդը։ Պետք է, չէ՞, «նոր Հայաստանի» հանդեպ այնպիսի՜ հարգանք ներշնչենք աշխարհին, մինչև որ սատկի նախանձից, որպեսզի բոլորը գթություն հայցեն։ Այնպես որ կսահմանափակվենք լոկ մի քանի դրվագներով։
2019 թվականի ապրիլի 4-ից մինչև 10-ը Հայաստանի ԱԺ 13 հոգուց բաղկացած պատվիրակությունը Արարատ Միրզոյանի գլխավորությամբ եղել է Կատարում: Պատվիրակության յուրաքանչյուր անդամի միայն հյուրանոցային ծախսերը կազմել են 666 հազար դրամ, իսկ ԱԺ նախագահի համար վճարվել է 900 հազար դրամ։
2019 թվականի հունիսի 10-ից մինչև 13-ը մերոնք արդեն Ստոկհոլմում էին։ Հյուրանոցի համար պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը վճարել է 147 հազար դրամ, իսկ Արարատ Միրզոյանը՝ 316 հազար դրամ: Հետաքրքիր է, որ պատվիրակության կազմում է եղել նաև ԱԺ արարողակարգի վարչության պետ Արտակ Հովհաննիսյանը, որի հյուրանոցային ծախսերի համար բյուջեից վճարվել է... 835 հազար դրամ։ Իսկ եթե դրան գումարենք 352 հազար դրամն ավիատոմսի համար, ապա ստացվում է, որ Շվեդիայի մայրաքաղաքում միայն սույն պարոնի անցկացրած երեք օրերը գանձարանի վրա նստել են 1 մլն 187 հազար դրամ։ Եվս 800 հազարական դրամ ծախսվել է օպերատորի և լուսանկարչի վրա։
2019 թվականի հունիսի 24-28-ը ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, պատգամավոր Մանե Թանդիլյանը և այն ժամանակ Արարատ Միրզոյանի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Քրիստինա Գրիգորյանն այցելել են Տոկիո: Միայն Լենա Նազարյանի ավիատոմսի համար բյուջեից վճարվել է 1 մլն 207 հազար դրամ։ Այցի նպատակը «Կին քաղաքական առաջնորդներ» միջոցառմանը մասնակցելն էր։
Չգիտեմ, չգիտեմ... Ախր քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան պատերազմ։ Մարդկության պատմությունը պատերազմներով է ուղեկցվել Հռոմուլոսից մինչև մեր օրեր. ավելին, մարդկության պատմությունը, դժբախտաբար, առավելապես պատերազմների պատմություն է։ Այդուհանդերձ մարդասիրությամբ սովորաբար աչքի չընկնող այդ անթիվ պատերազմներում պահպանվել է, կրկին իսկ՝ Հռոմուլոսից մինչև մեր օրեր, այն նորմը, համաձայն որի՝ ռազմիկներ լինում են տղամարդիկ և միմիայն տղամարդիկ: Հատուկենտ բացառությունները, ինչպիսիք են առասպելական ամազոնուհիները կամ նույնիսկ միանգամայն պատմական Օռլեանի կույսը, միայն հաստատել են ընդհանուր կանոնը։ «Պատերազմը կնոջ գործ չէ» կարծիքը մինչև վերջերս համընդհանուր էր, բայց աշխարհը, դատելով ամենից, փոխվել է։
Սակայն չշեղվենք։ 2019 թվականի հունիսի 24-28-ը «Իմ քայլի» պատգամավորներ Համազասպ Դանիելյանը և Արուսյակ Ջուլհակյանը ճամփորդություն են կատարել Երևան-Մադրիդ-Լիսաբոն երթուղով՝ պորտուգալացի գործընկերների հետ հանդիպման համար: Անչափ կցանկանայինք ծանոթանալ այդ գործուղուման օգուտի վերաբերյալ պատգամավորների պարզաբանումներին, քանզի հարկատուների վրա դա նստել է 3 մլն դրամ։
Հուլիսի 14-ից 18-ը ԱԺ մեծ պատվիրակությունը՝ Արարատ Միրզոյանի և «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի գլխավորությամբ, շրջագայություն է կատարել Վաշինգտոն-Բոստոն-Նյու Յորք երթուղով: Հավանաբար, աշխարհում ժողովրդավարության բաստիոնի ներկայացուցիչներին անչափ անհրաժեշտ էր հասկանալ, թե կա՞արդյոք խտրականություն Միացյալ Նահանգներում։ Ես էլ հաճույքով կգնայի նրանց հետ։ Երիտասարդությանն այսօր չես բացատրի, թե հույզերի ինչպիսի՜ ալիք է առաջացնում տարեց օրգանիզմում «ռասայական ու ազգային փոքրամասնությունների հանդեպ խտրականությունը ԱՄՆ-ում» բառակապակցությունը։ Իսկ նրանց, ովքեր ավելի տարիքով են, բացատրելու հարկ չկա։ Թանկագինդ իմ ընկերներ, հիշո՞ւմ եք արդյոք Լեոնարդ Պելտիերին: Իսկ Անժելա Դևիսի՞ն: Օ-օ՜, ինչպե՛ս էինք մենք պիոներական ողջ դրուժինայով կենաց ու մահու պայքար մղում ոստիկաններ սպանելու նրա անխախտ իրավունքի համար։
Ի դեպ, միայն Արարատ Միրզոյանի ավիատոմսերը գանձարանի վրա նստել են 2 մլն 355 հազար դրամ։ Իսկ չէ՞ որ պատգամավորների հետ ԱՄՆ են մեկնել նաև ԱԺ հինգ աշխատակիցներ, և նրանցից յուրաքանչյուրի ավիատոմսի համար բյուջեից վճարվել է 1 մլն 700 հազարական դրամ։
Կրկնում ենք, պատմել ԱԺ ներկայացուցիչների արտասահմանյան գործուղումների մասին, որոնց վրա ահռելի միջոցներ են ծախսվում հարկատուների հաշվին, կարելի է շատ երկար։ Այլ հարց է, թե ի՞նչ օգուտ երկրին ու պետությանը նրանց անվերջ ճամփորդություններից։ Ավելին, ի՞նչ օգուտ այս խորհրդարանից։
Բնականաբար, այն պատկերը, երբ իշխանությունը բխում է ժողովրդից, և ժողովրդի կամքով ձևավորված խորհրդարանը կատարում է օրենսդրական ու վերահսկողական կարևոր գործառույթներ, հիրավի կատարյալ պատկեր է։ Սակայն գործող խորհրդարանն իրենից ներկայացնում է զուտ դեկորատիվ հաստատություն։ Բայց «դեկորատիվ»-ը decorum, «զարդ» բառից է։ Եթե ԱԺ-ն լոկ զարդ է, ապա այն պետք է հաճելիորեն զարդարի, այլ ոչ թե վշտացնի քաղաքացիներին իր անպարկեշտ պահվածքով։
Իսկ սրանք գործունեության ընդամենը մեկուկես տարվա ընթացքում ոչ միայն աստղաբաշխական գումարներ են ծախսել իրենց պարգևավճարների և արտասահմանյան գործուղումների վրա, այլև վրա-վրա ընդունել անհասկանալի, վնասակար ու վտանգավոր օրենսդրական ակտերի մի ամբողջ կույտ, թուրն աջուձախ ճոճելով՝ վարի տվել Սահմանադրությունը, և գործել բազմաթիվ այլ համանման սխրանքներ։ Իսկ հպարտ քաղաքացիները պետք է գլխով զարկվեն այդ բետոնին՝ չանհանգստացնելով օրենսդրական բունկերում պատսպարված իրենց ծառաներին։
Այո, հասկանում ենք, որ պատգամավորներն ընդամենը մանր քարեր են մի այդպիսի եգիպտական բուրգի շարվածքում, որի խորքում իր բոլոր լիազորություններով պառկած է ներկայումս իշխող փարավոնը՝ թարթող լամպը գլխին։ Եվ նրան անհանգստացնելու ցանկացած փորձ կարող է ավարտվել եգիպտական պատուհասներով։
Բայց չէ՞ որ այդ քարերի հարցն էլ վատ չէր լինի լուծել։ Գուցե պետք է ողջ ընտրազանգվածով գնալ ԱԺ և խլե՞լ նրանցից մանդատները՝ արտոնություններով հանդերձ, որպեսզի մյուսներին էլ խրատ լինի։ Քանզի այնտեղ, որտեղով անցել են մեր պատգամավորները, մարախն անելիք չունի։