ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ OĞUZTURK. ԳԱՂՏՆԻ ՆՅՈՒԹԵՐՆ ՈՒ 10000 ԴՐԱՄԸ

Նոյեմբերի 28-ին հայկական ԶԼՄ-ներում հայտնվեց մի հաղորդագրություն, որը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել սենսացիոն։ Շվեդական Nordic Monitor պարբերականը հրապարակեց գաղտնի նյութեր, որոնք վկայում են Հայաստանին հարված հասցնելու վերաբերյալ Թուրքիայի ռազմական ղեկավարության ծրագրերի մասին։

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել Թուրքիայի գլխավոր շտաբին 2016թ. մայիսի 23-ին հասցեագրված ներքին գրության պատճենը, որտեղ խոսվում է Հայաստանի դեմ ռազմական գործողությունների ծրագրի պակասող էջերի մասին։ Համաձայն նշյալ գրության, ծրագրվում էր Հայաստանին օդային հարվածներ հասցնել Oğuztürk կոդային անվանումով։ Ողջ գործողությունն ուներ Altay կոդային անվանումը և հաստատվել է 2001 թվականին։

Գաղտնի ծրագրի էջերի կորուստը հայտնաբերել են 2016 թվականի մայիսի 4-ին՝ Անկարայի Ակինջի օդային ռազմակայանում փաստաթղթերի ստուգման ժամանակ, ասվում է հաղորդագրությունում։ Ընդ որում նշվում է, որ էջերի կորուստը չի ազդել ծրագրի վրա, և այն դեռևս ուժի մեջ է։ Ընդգծենք. ծրագիրը դեռևս ուժի մեջ է, այսինքն դրա հաստատման պահից անցած 18 տարիների ընթացքում Թուրքիայի մտադրությունները չեն փոխվել։ Ըստ էության, հայերին և Հայաստանը ոչնչացնելու այդ ծրագրերն անփոփոխ են սկսած XIX դարավերջից, և ավելի քան հարյուրամյա ժամանակաշրջանի տարբեր փուլերում բազմիցս փորձել են դրանք իրականացնել մերթ Արևմտյան Հայաստանի, մերթ ներկայիս Ադրբեջանի և Արցախի տարածքում։ Խոսքը կարող է վերաբերել լոկ 2001 թվականին նորացված մարտավարությանը, բայց բնավ ոչ ռազմավարությանը։

Որպես տեղեկանք. Nordic Monitor-ը Սկանդինավյան հետազոտությունների և մոնիտորինգի (Nordic Research and Monitoring Network) Ստոկհոլմյան ցանցի լրատվական ռեսուրսն է, որում լուսաբանվում են կրոնական, գաղափարախոսական և էթնիկական ծայրահեղականության ու արմատական խմբերի խնդիրները, ընդ որում առանձնահատուկ ուշադրության սևեռակետում Թուրքիան է։ Բուն ցանցը «հետախուզական հարթակ է, որը հետևում է ծայրահեղականության, արմատական հոսանքների, քսենոֆոբիայի, ահաբեկչության, հանցավորության և համանման այլ խնդիրներին վերաբերող հարցերի, որոնք սպառնում են ժամանակակից հասարակությունների անվտանգությանը»։

«Հատուկ ուշադրության սևեռակետում Թուրքիան է, 80 միլիոնանոց սուննիական երկիրը, որն ահռելի ազդեցություն ունի իր սահմաններից դուրս»,- նշված է ցանցի կայքում։ Այսինքն խոսքը եվրոպական լուրջ լրատվամիջոցի մասին է, որը դժվար թե զբաղվում է ֆեյքային նորությունների տարածմամբ։ Եվ հետևաբար՝ հաղորդագրությունն արժանի է առավել քան լուրջ վերաբերմունքի։

Հրապարակման հետ կապված, որի հեղինակ է նշված Աբդուլլա Բոզկուրտը, առաջանում են բազմաթիվ հարցեր։ Ինչո՞ւ ակնհայտ արտահոսքը հայտնվեց հենց ներկայումս, երբ Հայաստանում բացարձակ խառնաշփոթ ու պառակտում է տիրում, իսկ ազգային անվտանգության համակարգը զբաղված է իրեն ոչ բնորոշ գործառույթներով և, ըստ էության, չի արձագանքում պետությանը սպառնացող իրական վտանգներին։ Ո՞ւր են կորել էջերը, ո՞ւմ էր պետք հանել դրանք թուրքական գաղտնի նյութերից, ի՞նչ առանձնահատուկ բան կար դրանց մեջ։ Պատահակա՞ն են արդյոք և՛ օդային հարվածի, և՛ ընդհանրապես գործողության «խոսուն» անվանումները։

Ծայրաստիճան ուշագրավ հանգամանք. ծրագրի պակասող էջերի մասին ներքին գրությունը Գլխավոր շտաբ է ուղարկվել 2016 թվականի մայիսին, այսինքն՝ Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո։ Զուգադիպությո՞ւն է։ Թե՞ ազդանշան։

«Ո՞ւմ էր պետք» հարցը տվյալ դեպքում կարող է հռետորական թվալ, քանզի սա հենց այն դեպքն է, երբ երկրի ղեկավարությունը պարտավոր էր անհապաղ արձագանքել. առաջին դեմքի, ԱԳՆ-ի, խորհրդարանի ԱԱԾ-ի, կառավարության պատասխանատու անձանց մակարդակովԲայց օրեր են անցել հրապարակման պահից, իսկ պետգերատեսչություններից ոչ մեկի կողմից արձագանքի հոտ անգամ չի գալիս, և ԶԼՄ-ներում ու սոցցանցերում պետության առաջին դեմքի ջանքերով առաջնային նորություն են դարձել ոչ թե Հայաստանին հարված հասցնելու ծրագրերի մասին գաղտնի նյութերը, այլմարտահրավեր-խաղիկները, որ փոխանակում են Փաշինյանը, Թանկյանն ու Օհանյանը։ Քիմ Քարդաշյանն առայժմ լռում է, բայց դժվար թե նա տեղյակ լինի շվեդական պարբերականի հաղորդագրության մասին։

Տվյալ դեպքում, իհարկե, նշանավոր երեք հայերի հանդեպ դժգոհություններ չկան. հարցեր, այն էլ բավական լուրջ, առաջանում են բացառապես իշխանությունների և համապատասխան կառույցների նկատմամբ։ Տեղյա՞կ է արդյոք Նիկոլ Փաշինյանը տվյալ հաղորդագրության մասին, ինչպե՞ս է գնահատում դրա հավաստիության աստիճանը, այդ հարցով զբաղվելու հանձնարարություններ տրվե՞լ են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանն ու ԱԳՆ-ին։ Չէ՞ որ բնավ պարտադիր չէ անվտանգության ոլորտի փորձագետ լինել, որպեսզի հասկանաս, որ այդ կարգի արտահոսքերը պատահական չեն լինում և միշտ ուղերձ են պարունակում՝ հղված պետությանը, դրա ղեկավարությանն ու անվտանգության համակարգին։

Թե լսվել է արդյոք այդ ուղերձը վերևներում, անհասկանալի է։ Քանզի առաջնային լուրն այսօր Փաշինյանի «չելենջն» է, որը հայտարարեց, թե ամեն ամիս իր բանկային քարտից 10 հազար դրամ կփոխանցի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվին, և առաջարկեց նույնը անել աշխարհահռչակ երեք հայերին, իսկ այնուհետ՝ արդեն շղթայական։ Նախաձեռնությունը հիանալի է, ամենևին էլ դեմ չենք. փոխանցեք, վերահսկեք հավաքված միջոցների ծախսը, բացառեք կոռուպցիան, զարգացրեք արևային էներգետիկան և այլն։ Բայց չէ՞ որ պարզ է, որ այդ ամենը մանրուքներ են անվտանգության հետ կապված այն խնդիրների խորապատկերին, որոնց Հայաստանը բախվում է ամեն օր ու ամեն ժամ, և որոնց երկրի իշխանությունները պարտավոր են հատկացնել առաջնահերթ և, գլխավորը՝ հիմնական ուշադրությունը։

Այնպես որ պետության ղեկավարը պարտավոր էր դուրս գալ ֆեյսբուքյան ուղիղ եթեր, ինչը նա այնքա՜ն սիրում է անել անհամեմատ ավելի աննշանակալի ու չնչին առիթներով, և հաղորդել տվյալ հրապարակման կապակցությամբ ձեռնարկված միջոցների մասին։ Նույնիսկ եթե այն չի համապատասխանում իրականությանը։ Նույնիսկ եթե դա թուրքական, ռուսական կամ շվեդական հետախուզական ֆեյք է։ Նույնիսկ եթե նման փաստաթուղթ բնության մեջ գոյություն չունի, և այդպիսի արտանետումով ստուգում են իրական սպառնալիքներին դիմակայելու մեր ունակությունն ու պատրաստականությունը։

Դե ինչ, Փաշինյանի մարտահրավերն ընդունվեց, իսկ այ Հայաստանին նետված сhallenge-ը մնաց անպատասխան։ Տարբերությունն ահռելի է և, կարծում ենք, ակնհայտ։

Հ.Գ.- Այդ կապակցությամբ հիշեցնենք, որ ավելի վաղ ցանց էր թափանցել տեղեկատվություն մեկ այլ հետախուզական կենտրոնից՝ Stratfor-ից. այն մասին, որ Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը ժամանակին եղել է լրտեսական տվյալ ցանցի գործակալ։ Անցած ամսվա ընթացքում պետմարմինների, այդ թվում ԱԱԾ-ի արձագանքը զրո է։