Ինչ էր կատարվում գիշերը Մինսկում

Օգոստոսի 9-ի երեկոյան ընտրատեղամասերի փակվելուց հետո բելառուսները փողոց դուրս եկան` չարտոնված բողոքի ակցիա անցկացնելու։ Ավելի վաղ Օկտյաբրսկի հրապարակը ոստիկանությունը շղթայել էր, այդ պատճառով մարդիկ հավաքվեցին Մինսկը` հերոս–քաղաք հուշակոթողի մոտ։

Պետավտոտեսչությունը Հաղթողների պողոտայի մի մասն ու հարակից կենտրոնական փողոցները փակել էր, վարորդները ձայնային ազդանշաններ էին տալիս, քայլող ցուցարարները ծափահարում և հակակառավարական կարգախոսներ էին վանկարկում։

Ուժային կառույցների ներկայացուցիչները զինված պատ կազմեցին և քայլեցին դեպի ցուցարարները, վերջիններս սկսեցին ցրվել տարբեր ուղղություններով։

Իրավապահները ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ կիրառեցին։ Ցուցարարները փորձում էին դիմակայել ոստիկանությանը. ամբոխից իրավապահների ուղղությամբ դատարկ շշեր էին նետվում։

Հետո ուժայինները դուրս հանեցին ցուցարարներին Հաղթողների պողոտայի տարբեր կողմերից։ Լուսաձայնային նռնակների պայթյունները լսելի էին մի քանի թաղամաս այն կողմ անգամ։ Ցուցարարները երկար ժամանակ չէին ցրվում, չնայած որ շատերը բուժօգնության կարիք ունեին։

Կադրերում երևում է` ինչպես են ուժայինները ցրում ցուցարարներին, հատուկ տեխնիկա էր կիրառվում։ Աստիճանաբար հավաքվածների թիվը պակասում էր, մնացածները տեղափոխվեցին Ստորոժևսկայայի փողոցի և Մաշերովի պողոտայի խաչմերուկ։ Երթևեկությունն այդ հատվածում փակվեց, վարորդները ձայնային ազդանշաններ էին տալիս, մարդիկ ծափահարում էին, թափահարում սպիտակ–կարմիր–սպիտակ դրոշներն ու շարունակում վանկարկել. «Վահանները ցա՛ծ դրեք»։

Որոշ ժամանակ անց, երբ ուժայիններին օգնության եկան լրացուցիչ ուժեր, ցուցարարների շարքերը նկատելիորեն նոսրացան, տեղեկացնում է Sputnik Armenia: