Կարինե Դանիելյանն ահազանգում է՝ Սևանը կորցնելու ճանապարհին ենք

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը բնապահպանը նշեց՝ լիճը վերածվում է ճահիճի: Խոսելով հետևանքների մասին՝ նա ասաց. «Դա նշանակում է, որ չենք կարողանա օգտագործել այն ոռոգման համար, քանի որ թունավոր ջուր է: Արդեն ռեկրեացիայի համար հայտարարվել է, որ Սևանի որոշ տարածքներում լողալ չի կարելի: Լիճը կորցնում ենք. նշանակում է ՀՀ-ն ենք կորցնում»:

Նա փաստեց, թեև երեք քաղաքներում կան մաքրման կայաններ, բայց քիմիական և կենսաբանական մաքրում դեռ չեն իրականացնում: Մյուս խնդիրը ջրի մակարդակն է. 2017-2018-ին՝ ջրի մակարդակը բարձրանալու փոխարեն իջել է: Խնդիր է նաև այն, որ մեծ քանակությամբ ձուկ ենք հանում լճից, իսկ սնման շղթայի վերևում ձուկն է: Ու երբ այն հանում ենք, ամբողջ նյութերը մնում են լճում և աջակցում են ծաղկմանը: Ըստ Կարինե Դանիելյանի՝ ծաղկումը ցույց է տալիս, որ Սևանի ճահճացման գործընթացը խիստ ակտիվացել է:

Բնապահպանը նշեց՝ միակ դրական բանն այն է, որ ԵՄ աջակցությամբ մեծ ծրագիր է մշակվել. այն կմեկնարկի 2021-ին:

Նա առաջնահերթ համարեց Սևանի հիմնախնդիրներով զբաղվող հանձնաժողովի վերականգնումը, որը գործում էր 2008-2012-ին, ստեղծել Սևանի պահպանության համահայկական հիմնադրամ:

Խոսելով այն մասին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ Ամուլսարի հանքի շահագործումը Սևանի վրա՝ Կարինե Դանիելյանն ասաց. «Խնդիրները շատ են: Կա նաև Սոթքի հանքավայրը. Մասրիկ գետը, որ գալիս է այդտեղից՝ լրիվ ծանր մետաղներով, թույներով:, թափվում է Սևան: Եթե դրան Ամուլսար ավելացնենք, դա կնշանակի, որ վերջին հարվածը, որ պետք է տանք լճին, կտանք: Ասում են՝ Ամուլսարը շահագործելու են նոր տեխնոլոգիաներով: Բայց այդ հանքավայրի առանձնահատկությունն այն է, որ ինչ տեխնիկա էլ ուզես օգտագործես, միևնույն է, վտանգը կա: Դեռ խորհրդային տարիներից կան գիտական հրապարակումներ, որ այնտեղ նաև ուրանի պաշարներ կան, և հասկանալի չէ՝ ինչու հենց այդտեղ անել դա, քանի որ ոսկու պարունակությունը հանքավայրում ամենացածրն է ՀՀ հանքերում: Առանձնահատկությունն այդ հանքի այն է, որ հենց ջուրը կպավ այդ հանքին, անմիջապես սկսում է առաջանալ սուլֆիդային դրենաժ՝ թթվային նյութեր, որոնք այս կամ այն ճանապարհով՝ Արփա- Սևան թունելով ի վերջո գալու, հասնելու են Սևանին»:

Ըստ Կարինե Դանիելյանի՝ Ամուլսարը վտանգելու է նաև Ջերմուկը: Նա այս առիթով ասաց. «Ճիշտ են անում, որ մարդիկ բողոքում են, քանի որ այն հայտարարությունները, թե ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա կապ չունի Ջերմուկի հետ՝ տարբեր ջրային հատվածներ են, այնքան էլ հստակ չեն, քանի որ մեր գիտելիքները ստորգետնյա ջրերի մասին այնքան քիչ են, որ հստակ ասել՝ ռիսկերը չկան, ակնհայտ սխալ է: Եթե անգամ դա այդպես է, բավականին արագ այնտեղ կարող են փոփոխություններ լինել: Ջերմուկցիները տեսել են, թե ոնց են պայթյունները քաղաքի օդային ավազանի վրա ազդում, ջրային ռեսուրսները եկել, ազդել են, ջրամբարներ կան, որտեղ ձուկ են աճեցնում, ձուկը սատկել է»:

Երբ դեռ նոր էր այդ ծրագիրը սկսել, մենք ասում էին, մեզ լսող չի եղել, տեղեկացնում է Aravot.am-ը։