«Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկելու է «Բերդ» պարային համույթի համերգով

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնն անց է կացվելու օգոստոսի 22-ից սեպտեմբերի 1-ը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 11 օր շարունակ «Ֆրեսկոն» կստեղծի իսկական տոն՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները:

Փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել մարդասիրական արժեքների տարածմանը: Ֆրեսկոյի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա սահմանամերձ գեղատեսիլ Բերդ քաղաքում՝ «Բերդ» պարային անսամբլի բացօթյա համերգով, այնուհետև համերգին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումները:

Փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև սեպտեմբերի 1-ը հենց Երևանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա և Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում: Ծրագրում կներառվեն ֆիլմերի դիտում-քննարկումներ, համերգային կատարումներ և առցանց հանդիպումներ:

Փառատոնի ընթացքում կլինեն սպասված համերգներ՝ օգոստոսի 28-ին՝ Հայաստանի Պարի պետական անսամբլի մենահամերգը, 29-ին՝ Ռուբեն Հախվերդյանի 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգը, օգոստոսի 30-ին ելույթ կունենան Ջիվան Գասպարյանը և իր ընկերները:

Փառատոնին այս տարի ներկայացված 3000-ից ավել հայտից (85 երկիր) ընտրվել է 63 ֆիլմ (23 երկիր): Մրցութային ծրագրում ընդգրկվել են ֆիլմեր, որոնց ուղերձներն են մարդասիրությունը, հայրենասիրությունը, առողջ ապրելակերպը և այլ համամարդկային արժեքներ: