Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր

Իրանահայ կոմպոզիտոր 82-ամյա Լորիս Ճգնավորյանը դարձել է «Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիր։

Նա առաջին անգամ այս անվանակարգը ստացել է մայիսին իրանական «Արվեստ հանուն խաղաղության» փառատոնում, որում 2019 թվականի մրցանակին էր հավակնում, փոխանցում է ԻՌՆԱ-ն։

«Books for Peace Awards 2020» մրցանակի դափնեկիրների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու սեպտեմբերի 12-ին Իտալիայի մայրաքաղաքում։

Մրցանակը շնորհվում է ի պատիվ մեքսիկացի լրագրող Խավյեր Վալդեսի, որը «Ríodoce» պարբերականի հիմնադիրն էր և մի շարք լրագրողական մրցանակների դափնեկիրը կազմակերպված հանցավորության ու թմրանյութերի վաճառքի մասին աշխատանքների համար։ Նա զոհվել է Մեքսիկայում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում։ Այս պարգևն ամեն տարի շնորհվում է առանձին անձանց և խմբերի, որոնք զբաղվում են խաղաղության հարցերով, մարդասիրական և բարեգործական նպատակներով։

Լորիս Ճգնավորյանը դասական երաժշտության ավելի քան 70 ստեղծագործության, 4 օպերայի և 6 սիմֆոնիայի հեղինակ է։

Կոմպոզիտոր, դիրիժոր և երաժշտության տեսության դասախոս Լորիս Ճգնավորյանը ծնվել է 1937 թվականին Իրանի Բորուջերդ քաղաքում։ Ղեկավարել է Հայաստանի Սիմֆոնիկ նվագախումբը, եղել է նվագախմբի գլխավոր դիրիժորը (1990–2000)։ Հիմա բնակվում է Իրանում, տեղեկացնում է News.am-ը։