Հայաստանը չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին

Հայաստանն այս տարի առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ի դեպ, 2013-ից սկսած սա առաջին դեպքն է, որ Հայաստանը չի մասնակցում «Տանկային բիաթլոնին»։

Ստեփանյանի խոսքով՝ այս տարի ուղղակի նպատակահարմար չէր մասնակցությունը։ Բայց Հայաստանը ուշադիր հետևելու է մրցումների ընթացքին։

«Կուսումնասիրենք մրցույթում տեղ գտած բովանդակային և կատարողական փոփոխություններն ու հաջորդ տարի կմասնակցենք միանգամից մի քանի փոխադրամիջոցների բիաթլոնների»,- ասաց Ստեփանյանը:

Մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում։

Հիշեցնենք, որ Հայաստանն ամենամյա այս բիաթլոնին մասնակցում է 2013 թվականից։ 2014-ին Հայաստանի տանկիստների թիմը գրավել էր «Տանկային բիաթլոնի» երկրորդ հորիզոնականը և մրցանակ ստացել Տ-90Ս տանկ։

Հայաստանի այցեքարտը տանկային մրցույթին ժամկետային զինծառայողների թիմն էր։ Ի տարբերություն բոլոր մյուս երկրների՝ ՀՀ-ն ներկայանում էր ոչ թե պրոֆեսիոնալ պայմանագրայիններից բաղկացած թիմերով, այլ ժամկետային տանկիստներով։