Տոնոյանը հանդիպել է Դմիտրի Շուգաևի և Ալեքսանդր Միխեևի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր` օգոստոսի 24–ին, «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում հանդիպել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և առաջիկա անելիքները։

Զրուցակիցները բարձր են գնահատել գործող պայմանագրերի կատարման ընթացքը, պայմանավորվածություններ են ձեռք բերել մի շարք նոր պայմանագրերի իրականացման ժամկետների և ուղիների վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է նաև ռազմարդյունաբերական մասնավոր ընկերությունների կողմից համատեղ ձեռնարկությունների ստեղծումը և արտադրությունների կազմակերպումը։

«Նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է նաև «Տակտիկական հրթիռային սպառազինություն» ընկերության տաղավար, ծանոթացել արտադրված նորագույն միջոցներին, հեռահար և ճշգրիտ հրթիռների նմուշներին: Այնուհետև ընկերության ղեկավար կազմի հետ ՊՆ պատվիրակությունը քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր»,–գրել է ՀՀ ՊՆ խոսնակը։

Դավիթ Տոնոյանը շրջայց է կատարել նաև ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող մի շարք այլ ձեռնարկությունների տաղավարներում, տեղեկացնում է Sputnik Armenia։