ԹՈՂ ԵՐԱԶՈՒՄ ՏԵՍՆԵՍ ՊԱԼՄԱ ԴԵ ՄԱԼՅՈՐԿԱՆ

Դե, այո, եթե նա երազում տեսներ Պալմա դե Մալյորկան, քնքուշ ալեծփանքը Կաննում կամ Նիցցայում, ապա ամեն ինչ կարող էր լինել ոչ այսպես, ամեն ինչ կլիներ միանգամայն այլ կերպ։ Բայց դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը նա երազում տեսավ հենց սա։ Ճիշտ է, հույս կա, որ քնքուշ ալեծփանքի մասին երազը նա դեռ կտեսնի, և ցանկալի է՝ մոտավորապես հուլիսի սկզբին։ Այդժամ, ամենայն հավանականությամբ, մեզ կլցնեն ինքնաթիռները և, կաշվից դուրս գալով, կուղարկեն Լազուրե ափ։ Քանզի կան այնպիսի երազներ, որոնք անպայման, ամեն գնով պետք է կենսագործվեն, այնպիսիք, ինչպիսիք վարչապետի երազներն են։

Նիկոլ Վովաեվիչի ուղիղ եթերը, որը հեռարձակվեց դեկտեմբերի 11-ի վաղ առավոտյան, լուսաբացին, երբ երեխաները խաղաղ քնած էին, չի լսել միայն չափազանց ալարկոտը։ Ոչ թե պարզապես Նոր տարվա, այլ Բացարձակ Նոր տարվա հայեցակարգը մինչև հոգու խորքը ցնցեց ինչպես ամանորյա համայնապատկերի գլոբալությամբ, այնպես էլ սոցիալ-գաստրոնոմիական նորագույն սկզբունքների, իսկ հետն էլ՝ նաև տերմինների առատությամբ։ Դե, ուրիշ ո՞վ կարող էր այդչափ թունդ կոկտեյլի մեջ տեղավորել հայկական ընտանեկան ավանդույթների ընդարձակումը տիեզերական ձևաչափի աստիճանի, «բրդուճները», ինչպես նաև «սննդային դեպրեսիայի» հայեցակարգը, մշակութային-տնտեսական ճեղքումը, Գորան Բրեգովիչին և ծաղկակաղամբը։ Գործնականում՝ ոչ ոք։ Իսկ այ, մեր վարչապետը՝ հեշտությամբ։

Իհարկե, Նիկոլ Փաշինյանի անմոռանալի ճառի գործած առաջին տպավորությունը դրդում է տալ գրեթե համլետյան հարցը. «գուցե երազե՞լ. այ, ցավն այդտեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե»։ Թեև տարբերակ կա, որ նախօրեին վարչապետը պարզապես հանգամանորեն ծանոթացել է մայրաքաղաքի քաղաքապետարանի ամանորյա միջոցառումների ծրագրին, համոզվել, որ հասարակության զգալի մասին զայրացրած ողջ ծախսատարությամբ հանդերձ, դրանք այնուամենայնիվ շա՜տ տպավորիչ կլինեն, և միանգամից որոշել է այդ կերտվածքի շուրջ կառուցել ու առաջ մղել Ծննդյան տոների հայեցակարգը։ Բայց, ինչպես արդեն ասվեց, կան այնպիսի երազներ կամ դատարկ զառանցանք (դա արդեն՝ նայած ում որն է ավելի դուր գալիս), որոնք անպայման պետք է դառնան իրականություն։

Երեկ ԳԿՄՍ նախարարությունում տեղի ունեցավ պետական մշակութային հաստատությունների ղեկավարների արտակարգ ժողով։ Գաբրիել հրեշտակապետի դերում հանդես եկավ նախարար Արայիկ Հարությունյանը, որն էլ հաղորդեց արվեստագետ-եղբայրությանը բարի լուրը. ամանորյա ողջ շաբաթվա ընթացքում, ներառյալ հունվարի 1-ը, նրանք պետք է աշխատեն։ Ի նպաստ ժողովրդի հոգևոր ու ֆիզիկական առողջության։ Քանզի այս տարի ժողովուրդը տոներին «բուդ» չի ուտելու, այլ ուտելու է մշակույթ և ուրախանալու, որպեսզի, Աստված մի՛ արասցե, սննդային դեպրեսիայի մեջ չընկնի։

Պետք է պատշաճը մատուցել տնօրեններին. նրանք վրդովվեցին։ Վրդովվեցին լրջորեն։ Նվիրական հարց հնչեց. ինչո՞ւ են այդ մասին հաղորդում հիմա, Ամանորի նախաշեմին։ Ինչին նախարարը մի տեսակ խուսափողաբար պատասխանեց, որ եթե այդ որոշումը հրապարակվեր, ասենք, սեպտեմբերին, ապա արձագանքը ճիշտ նույնը կլիներ։ Հասկանալի է, և ոչ միայն արձագանքի առումով։ Դե, հո չի՞ բարձրաձայնելու գերատեսչության ղեկավարն այն փաստը, որ վարչապետը երազ է տեսել ոչ թե սեպտեմբերին, այլ այս օրերին։

Առհասարակ Արայիկ Հարությունյանն անսպասելիորեն մարտավար գտնվեց։ Չէ՞ որ եթե թատրոններին ու թանգարաններին, որոնք, համաձայն Նիկոլ Փաշինյանի նոր հայեցակարգի, պետք է հաճախելիության ռեկորդներ սահմանեն հենց ամանորյա գիշերը, պարզապես գրավոր հրաման-կարգադրագիր իջեցվեր, ապա տնօրենների բացարձակ մեծամասնությունը պարզապես կուղարկեր նրան Սանտա Կլաուսի հայրենիքից՝ Լապլանդիայից շատ ավելի հեռու։

Նման բան արդեն պատահել է, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը փորձում էր ստիպել թատրոններին աշխատել օգոստոսին՝ հակառակ սթափ դատողության, օրենքի և համաշխարհային փորձի։ Բայց նախարարը բոլորին հավաքեց։ Քնքուշ նայեց աչքերի մեջ։ Լսեց բոլոր հակադարձ փաստարկները, իսկ դրանք անթիվ-անհամար էին։ Սկսած հենց նույն համաշխարհային փորձից (հունվարի 1-ին չի աշխատում աշխարհի ոչ մի թատրոն), վերջացրած մարդու իրավունքներով. արտիստներն ու ոչ արտիստները նույնպես մարդ են, նրանք ԱԻՆ-ի, ոստիկանության, բուժհաստատությունների և այլ «արտակարգ» գերատեսչությունների աշխատողներ չեն, նրանք նույնպես հանգստի իրավունք ունեն։ Սկսած հաճախելիության հետ կապված խնդիրներից (չէ՞ որ հայ ժողովրդին նույնպես ամանորյա նոր ձևաչափի մասին հայտարարեցին մի տեսակ հապշտապ և, հավանաբար, ոչ բոլորը հասցրեցին որսալ էությունն ու նախապես պատվիրել տոմսերը), վերջացրած ֆինանսական հարցով. օրինական հանգստյան օրը տքնելու կանչված աշխատողը պետք է վարձատրվի կրկնակի դրույքով։ Եվ այլն, և այդպես շարունակ…«Զառանցանք» բառը չարտաբերվեց, բայց այն ճախրում էր օդում։

Արայիկ Հարությունյանն այդ ամենը լսեց ստոիկական անվրդովությամբ, և նրա դեմքին նույնիսկ ըմբռնում ու խոր թաքցրած համաձայնություն արտացոլվեց։ Բայց չէ՞ որ հեղափոխությունն ուղեղներում, որի մասին այդքան երկար խոսում էին բոլշևիկները, այդպես էլ տեղի չի ունեցել։ Այնպես որ, ըստ ավանդույթի, շատ ավելի հեշտ է հավաքել ու համոզել ենթականերին, թեկուզ նույնիսկ սեթևեթելով նրանց հետ, քան փորձել բացատրել վերադաս անձին, իսկ առավելևս առաջինին, որ իր տխմար երազը ինչ-որ մեկի համար սահուն կերպով փոխարկվում է գիշերային մղձավանջի։ Եվ ուրեմն, տղաներ, եկեք իզուր չվիճենք, եկեք ինչ-որ բան մտածենք, որ չփչացնենք մեր կյանքը, իսկ վարչապետի՝ տրամադրությունը։

Առհասարակ եթե արտիստները լինեին ոչ թե խոզեր, այլ հավատարիմ հպատակներ, ինչպես ասվում է մի հիանալի պիեսում, ապա նրանք, իրավունքներ ճոճելու փոխարեն, կմտորեին մի գերկարևորագույն, կարելի է ասել՝ գլոբալ հարցի լուծման մասին և անմիջապես կնստեին ստեղծագործելու։ Քանզի, ինչպես ասաց Նիկոլ Փաշինյանը, իրեն տանջում է, հանգիստ չի տալիս և խանգարում է գիշերները խաղաղ քնել Jingle Bells-ի թեժ խնդիրը։ Վարչապետի փայլուն ձևակերպմամբ. «ժողովուրդը լսում է ոչ թե հայկական, այլ պոպուլյար երաժշտություն»։ Ինչո՞ւ են բոլորը, իսկ նրանց հետ միասին նաև մենք, Նոր տարվա գիշերը երգում այդ չարաբաստիկ Jingle Bells-ը, ինչո՞ւ մենք առ այսօր չենք հորինել ամանորյա երգ, որը կերգենք ոչ միայն մենք, այլև ողջ աշխարհը երկինքն ու տիեզերքը։ Իրոք որ, ինչո՞ւ։ Ա՛յ թե որն է դրաման։ Բայց դեռ ամեն ինչ կորած չէ։ Բոլոր հնարավորությունները կան, որ այն բանից հետո, երբ վարչապետը բողոքեց, թե հայրենի ամենագլխավոր ամանորյա կամերտոնի բացակայության հետևանքով կորցրել է ախորժակը, դրա ստեղծման վրա արդեն Նոր տարվա գիշերը կսկսեն աշխատել լավագույն ուղեղները։ Ձմեռ պապը նրանց օգնակա՛ն։

Կա ևս մեկ հարց, իսկ ավելի ճիշտ՝ պարադոքս, որը սաստիկ հուզում է արդեն ոչ Նիկոլ Փաշինյանին, բայց շատերին։ Նրա ելույթի ողջ առաջին մասը նվիրված էր այն բանին, որ ժողովուրդը պետք է սովորի ամանորին ուրախանալ ոչ թե հանապազօրյա հաց ու կարագով, այլ հոգևոր սննդով ,և ծախսի հենց դրա վրա։ Իսկ նոր հայեցակարգի երկրորդ մասը շոշափում էր տնտեսական ոլորտը, որտեղ նույնպես ճեղքում է նախանշվում նոր ձևաչափի արդյունքում։ Միայն թե անհասկանալի է. եթե ժողովուրդը ծախսում է մշակույթին առնչվելու վրա, ապա այդ դեպքում ո՞վ է գնում և ուտում գլուխ կաղամբն ու ծաղկակաղամբը, որն ըմբոշխնումով հիշատակեց վարչապետը։ Գորան Բրեգովիչի թիմն ու օրըստօրե սպասվող զբոսաշրջիկնե՞րը։ Ըստ երևույթին՝ այո։

Մի խոսքով, մնում է մաղթել մեր արտիստներին ոչ այնքան դաժան աշխատանքային առօրյա տոնական օրերին, իսկ մեզ ամենքիս՝ ուրախ Նոր տարի և Ծննդյան տոներ՝ ցանկացած նախընտրելի ձևաչափով։ Եվ թող Նիկոլ Փաշինյանը հաջորդ անգամ երազում տեսնի Պալմա դե Մալյորկան։

Основная тема:
Теги: