Մնացականյանն ու Լավրովը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր` օգոստոսի 26-ին, տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանային զարգացումները և այս համատեքստում ԼՂ խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված իրավիճակը»,–հայտնում է ՀՀ ԱԳՆ–ն։

Մնացականյանն ընդգծել է տարածաշրջանային խաղաղության, կայունության և անվտանգության պահպանմանն ուղղված հայ-ռուսական համագործակցության կարևորությունը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները նաև մտքեր են փոխանակել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի շուրջ, տեղեկացնում է Sputnik Armenia։