Սիրանուշ Սահակյան․ Ադրբեջանի պահվածքին պետք է գնահատական տան միջազգային կառույցները

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն Ադրբեջանում գերի ընկած ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ պարտադրված տեսաուղերձ նկարահանելու դեպքի առթիվ հորդորում է ահազանգել հումանիտար իրավունքի պահպանման հարցերով զբաղվող կառույցներին:

«Տեսաուղերձից պարզ է դառնում, որ մեր սպան ընթերցում է այդ տեքստը, կաշկանդված է և իրեն թելադրված տեքստի մատուցման խնդիր կա: Ըստ էության՝ հարկադրանքի, բռնության, սպառնալիքների ներքո անձին դրդել են որոշակի գործողությունների կատարման: Իհարկե, ադրբեջանական տարբերակն այն է, որ տեղի է ունեցել դիվերսիա, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Սահակյանը:

Նա հայտնեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հայ սպասի մասնակցությամբ տեսաուղերձից տպավորություն է ստացել, որ անձի շուրջ արհեստականորեն ստեղծվում է հետաքրքրասիրություն, ինչն անթույլատրելի է:

«Այս ամենն էլ տեղի է ունենում ահաբեկման և սպառնալիքների ներքո, ինչը նշանակում է, որ ռազմագերու կյանքն ու առողջությունը սպառնալիքի տակ են: Այս կանոնները խախտելը հակասում է Ժնևյան կոնվենցիաներին և հետևողականության դեպքում հնարավոր է առաջ բերել Ադրբեջանի հրամանատարական կազմի քրեական պատասխանատվության խնդիրներ»,- ասաց իրավապաշտպանը:

Սահակյանի կարծիքով՝ դեպքի առթիվ պետք է ահազանգել հումանիտար իրավունքի պահպանման հարցերով զբաղվող կառույցներին:

«Կան նաև ընկերություններ, որոնք խաղաղասիրական ծրագրեր են իրականացնում, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, ուստի վերջինների ուշադրությունը պետք է հրավիրվի նշված հանգամանքի վրա: Հումանիտար իրավունքի խախտումները կապված են մարդու իրավունքների հետ: Կարծում եմ, որ մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող կառույցները պետք է արձագանքեն նման դեպքերին, առնվազն քաղաքական հայտարարությունների միջոցով»,- ասաց Սիրանուշ Սահակյանը: