Իտալական կինոփառատոնում լավագույնը հայ կանանց մասին ֆիլմն է

Իտալական DELLA LESSINIA միջազգային կինոփառատոնում «Լավագույն ֆիլմ» մրցանակը տրվել է հայկական կինոյին՝ Թամարա Ստեփանյանի «Կանանց գյուղը» վավերագրական ֆիլմի համար։ Այս մասին տեղեկանում ենք Կինեմատոգրաֆիստների միության ֆեյսբուքյան էջից։

Ավելի վաղ kinoashkharh.am-ի հետ զրույցում Թ Ստեփանյանը ֆիլմի մասին ասել է.

««Կանանց գյուղը» կինոնկարը պատմում է Գեղարքունիքի Լիճք գյուղի կանանց մասին, որտեղ տղամարդիկ տարվա մեծ մասը լինում են «խոպանում»՝ Ռուսաստանում, իսկ կինը այդ ընթացքում դառնում է տան տղամարդը: Որքան էլ Հայաստանում տիրապետող է նահապետական մտածողությունը, սակայն շատ գյուղերում տղամարդիկ գրեթե չկան՝ բացակա են: Սա աբսուրդ է ինձ համար: Ես ուզում էի հասկանալ՝ ինչպե՞ս է այդ ընտանիքը գոյատևում, ինչպես է ապրում իր ամեն օրը: Դրա համար որոշեցի ֆիլմ նկարել տարվա բոլոր եղանակներին:

Կինոնկարը սկսվում է ամառվա տեսարաններով, երբ ամեն ինչ դեռ շատ թեթև է, եղանակը՝ արևոտ, երեխաները խաղում են, կանայք՝ աշխատում: Իսկ ահա աշնանը սկսվում են սթրեսային իրավիճակներըկանայք ամեն վայրկյան սպասում են իրենց ամուսիններին, որովհետև չգիտեն, թե ե՞րբ են գալու, և առհասարակ, գալո՞ւ են․․․։

Շատ հետաքրքիր է այն պահը, երբ վերադառնում են ամուսինները: Աչքիս առաջ իմ այդքան լավ ճանաչած կանայք միանգամից վերափոխվում են, դառնում առավել կանացի, սկսում գիտակցել, որ կին են: Ֆիլմը դառնում է կանանց ապրումների, ուրախության, տխրության մասին պատմող վավերագրական հուզիչ պատում», տեղեկացնում է Panorama.am-ը։