Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք

Աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, թե արդյո՞ք կանայք կներգրավվեն աշխարհազորում` ոչ մարտական խնդիրների լուծման համար։

«Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»,–ասաց Բալայանը։

Փոխնախարարը հիշեցրեց` պահեստազորում նույնպես ներգրավված կանայք, որոնք անցել են զինվորական ծառայություն։ Նա նշեց նաև, որ արդեն մի քանի տարի է, որ ռազմաուսումնական հաստատություններում աղջիկներ են ընդունվում։

Բալայանն ընդգծեց` կան կայացած կին սպաներ, ավելին, կան դասակներ, որոնք շատ ավելի կարգապահ են, քանի որ դասակի հրամանատարն աղջիկ է։ Նրա խոսքով՝ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։

Իսկ ինչ վերաբերում է աշխարհազորի ստեղծման մոդելին, ապա Բալայանը վստահեցրեց` ստեղծվելու է հայկական մոդել, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ ուսումնասիրել են բոլոր երկրների փորձը։ Բալայանը նշեց` այժմ առաջնահերթություններից մեկը կամավորներին կանոնակարգելն է, քանի որ կանոնակարգված անձնակազմի հետ ինչ–որ գործողություն կատարելը շատ ավելի արդյունավետ է։