ԳՅՈՒՄՐԵՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԸ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ, ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԽԱՂԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Երջանկահիշատակ Վանուշ պապից ժառանգած սերը փայտի հանդեպ երիտասարդ տղային ստիպեց համալսարանն ավարտելուց հետո վերադառնալ հայրենի Գյումրի և կյանքի կոչել վաղեմի երազանքը՝ էկոլոգիապես մաքուր և անվտանգ, երեխաների տրամաբանությունը զարգացնող փայտե խաղալիքներ ստեղծել:

 АРМЯНСКИЙ УМЕЛЕЦ ДЕЛАЕТ НЕПОВТОРИМЫЕ ЭКО-ИГРУШКИ 1Գյումրեցի Գևորգ Հովսեփյանի պատրաստած փայտե գլոխկոտրուկներն ու փազլները ոչ միայն ցանկացած երեխայի ազատ ժամանակը կլցնեն, այլև «կստիպեն» խաղի միջոցով մաթեմատիկա, աշխարհագրություն, պատմություն կամ երկրաչափություն սովորել: Դրանք շատ լավ դիդակտիկ նյութեր կարող են լինել ինչպես մանկապարտեզներում, այնպես էլ դպրոցներում ու հատուկ հաստատություններում:

ԵՊՀ-ի Ինֆորմատիկայի ու կիրառական մաթեմատիկայի բաժինն ավարտած երիտասարդի գեները հաղթեցին մասնագիտական նախասիրություններին և նա, թողնելով Երևանի գործը, եկավ հայրենի Գյումրի ու տան սենյակներից մեկը փոքր արհեստանոցի վերածեց։

Համակարգչով անհավանական ճշգրտությամբ անհրաժեշտ պատկերի մոդելավորումից հետո հրահանգավորվում է լազերային տպիչը, որն էլ րոպեներ անց ստանում է անհրաժեշտ պատկերը: Դետալները մշակումից հետո մեկիկ- մեկիկ հավաքվում են, անհրաժեշտության դեպքում՝ գունավորվում: Ստացված գլուխկոտրուկներն ու փազլներն առաջինը Գևորգի զարուհիները՝ Նարեն ու Ագնեսան են փորձարկում:

Մեզ հետ զրույցում Գևորգը պատմում է, որ խաղալիքներ պատրաստելու ցանկությունն ի հայտ է եկել երեխաների հետ շփվելիս՝ նախ քույրիկի երեխաների, ապա նաև «Երազանքի ճամբարում» և Գյումրու դպրոցներից մեկում` որպես Արմաթ ինժեներական լաբորատորիա խմբավար աշխատելիս: Սկզբում ձեռքով էր պատրաստում, հիմա արդեն գործը հեշտացել է լազերային հաստոցի միջոցով: Լազերային ու ֆրեզերային հաստոցները Գևորգը ձեռք է բերել դրամաշնորհային ծրագրերով:

 АРМЯНСКИЙ УМЕЛЕЦ ДЕЛАЕТ НЕПОВТОРИМЫЕ ЭКО-ИГРУШКИ 2Փոքր սենյակ–արհեստանոցի պատին՝ ամենատեսանելի տեղում, հյուսն պապի դիմանկարն է: Թեև 8 տարեկան էր, երբ պապիկը մահացավ, բայց նրա` փայտե իրեր սարքելու շնորհքով թոռը մինչ օրս հպարտանում է: «Փայտամշակումը պապական արհեստ է եղել ու փոխանցվել է սերնդեսերունդ: Ես երկար ժամանակ փայտի գործ չէի արել, համալսարանն ավարտելուց հետո այդ սերն արթնացավ: Անում եմ ամեն ինչ, որ պապիս նմանվեմ»,-պատմում է 25-ամյա երիտասարդը՝ ընդգծելով, որ իր բոլոր նպատակներն ու երազանքները կապված են հայրենի Գյումրու հետ: Փայտե խաղալիքների համար ընտրել է WOODY-GYUMRI անվանում–ապրանքանիշը, որ գնորդը իմանա՝ խաղալիքը Գյումրիում է պատրաստված:

Նրա ստեղծած խաղերը 2 տարեկանից բարձրերի համար են և տարիքային սահմանափակում չունեն: Գևորգն արդեն 4 տեսակի եռաչափ ու նույնքան էլ 2D փազլների հեղինակ է, որոնք արդեն «փորձարկում» անցել են երեխաների շրջանում:

Այս պահին ընթացքի մեջ է խաղալիքների ու ապրանքանիշի լիցենզավորման հարցը: Գևորգի նպատակը արհեստանոցը մեծացնելն ու իր ստեղծած էկո խաղալիքներն ավելի շատ արտադրելն է: Հիմա միայն պատվերների դեպքում է աշխատում:

Ի դեպ, գլուխկոտրուկները նաև կունենան յուրահատուկ ուղեցույց, որոնք QR կոդի միջոցով քայլ առ քայլ կբացատրեն անելիքը։ Թեև երիտասարդը վստահեցնում է ՝ երեխաները շատ ճարպիկ են ու ուղեցույցի կարիքը հաճախ չեն զգում, ինչպես իր զարմուհիները, ովքեր զարմացնող արագությամբ կարողանում են հավաքել քեռու պատրաստած նույնիսկ ամենաբարդ պատկերները:

Sputnik Armenia